Մատենադարանում ներկայացվել են Ցեղասպանությունը «վերապրած» ձեռագրեր

Մատենադարանում ներկայացվել են Ցեղասպանությունը «վերապրած» ձեռագրեր

Հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերի մի մասն այսօր առաջին անգամ ցուցադրվել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում՝ «Վերապրած ձեռագրեր» խորագրի ներքո։

Այս ցուցադրության մեջ ներառված են բացառիկ ձեռագրեր ու արխիվային փաստաթղթեր։ Ցուցադրությունում առանձնակի տեղ է գրավում Լիմ անապատի վանահայր Հովհաննես Հյուսյանի գործունեությունը, ում ջանքերով Արևմտյան Հայաստանից փրկվել է ավելի քան 1400 ձեռագիր։



Ինչպես լրագրողների հետ զրույցում ասաց Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը, իրենց նպատակն է ներկայացնել ոչ միայն կորսված ձեռագրերի ահռելի չափը, այլ նաև ներկայացնել մեր մշակույթի կենսական ուժը, զորությունը, փրկչական առաքելությունը։



Հրաչյա Թամրազյանը նշեց նաև, որ Հայոց ցեղասպանությունից փրկված ձեռագրերն այսօր ոչ միայն մատենադարանի 6 ցուցասրահներում են ներկայացված, այլ նաև հիմնական ցուցադրությունն է համալրվել նմանօրինակ ձեռագրերով։



Մատենադարանում այսօր ցուցադրվեց նաև «Շողակաթ» հեռուստաընկերության հետ համատեղ Մատենադարանի պատրաստած «Քեմալական կոտորածներ» վավերագրական ֆիլմը, որը ներկայացնում է 1919-1923թթ պատմական իրավիճակը: Ֆիլմը պատմում է այն մասին, թե ինչպես են թուրքական իշխանություններն Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում բնաջնջել Հայոց ցեղասպանությունից փրկված և Սիրիայի անապատներից նորից հայրենիք՝ իրենց տները վերադարձած գաղթականներին։