Մի խայտառակեք «քաղբանտարկյալներին»

Մի խայտառակեք «քաղբանտարկյալներին»

«Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքի ժամանակ ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանը հայտարարել էր, որ շուրջ 50 ազատամարտիկներով ապրիլի 20-ից Ազատաության հրապարակում անժամկետ հացադուլ են սկսլեու «քաղբանտարկյալներին» (ներողություն, չակերտների համար) ազատ արձակելու պահանջով: Սակայն, ինչպես ասում են, եղավ այն, ինչ եղավ: Կամ «ազատամարտիկները» ազատամարտիկ չէին, կամ «քաղբանտարկյալները»՝ քաղբանտարկյալ: Մի խոսքով՝ Խաչիկ Ավետիսյանին հասկացրեցին, որ հայտարարությունը դու ես արել, դու էլ՝ սոված մնա:



Չի բացառվում, որ սխալվում եմ, մի բան այնպես չեմ ասում կամ չեմ կարողանում ասել, բայց կողքից այդպիսի տպավորություն է ստեղծվում, և ես մեղավոր չեմ դրա համար:



Խաչիկ Ավետիսյանը, այլ ելք չգտնելով, որոշել է հացադուլը միայնակ անել. նախ՝ օմբուդսմենի գրասենյակի մոտ (տեսնես ո՞վ է հուշել), ապա՝ տանը: Այս տեսակ պոզավոր հացադուլներ շատ ենք տեսել: Մեկն էլ, ինչպես նրա մասին գրում են՝ շատ հայտնի ազատամարտիկ Պավել Մանուկյանը, բանտում էր հացադուլ հայտարարել: Ընկերները ինչ-որ շատ արագ համոզեցին դադարեցնել: Բայց ասեմ՝ ազատամարտիկն էլ հենց նրանով է լավ, որ ընկերներին լսում է, այլապես ինչի՞ նման կլինի, եթե Անդրիաս Ղուկասյանի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի նման հացադուլ անեն: Ինչևէ: Այս առումով Խաչիկ Ավետիսյանի համար շատ էլ անհանգստանալ պետք չէ, որովհետև եթե 50 ազատամարտիկ չմիացավ հացադուլի կոչին, հացադուլից հանելու սուրբ գործին հաստատ 100-ը կմիանա:



Ամենահետաքրքիրն այս դեպքում՝ օմբուդսմենի գրասենյակի առաջ հացադուլ անելու որոշումն է: Սա միայնակ գլխի ընկնելու բան չէ: Հաստատ մեկը, իհարկե, ոչ ամենախելոքը, հուշել է, թե «նահանջն» օմբուդսմենով ավելի «գեղեցիկ» կլինի:



Եթե գոնե թերթ կարդային, կիմանային, որ Շանթ Հարությունյանին, Ժիրայր Սեֆիլյանին ու նրանց ընկերներին ձերբակալելու հենց առաջին օրերին է Կարեն Անդրեասյանը հայտարարել, որ Մարդու իրավունքների պաշտպանը մոտիկից է հետևում գործընթացներին և այդ մարդկանց իրավունքների խախտման դեպքում հանդես կգա իր լիազորությունների սահմաններում: Եվ հիմա գնալ ու Կարեն Անդրեասյանին հացադուլով համոզել, որ այնտեղ «քաղբանտարկյալներ» կան, մեղմ ասած՝ ծիծաղելի է, որովհետև Պաշտպանը, հացադուլավորին տեսնելով, հաստատ չի բացականչի. «Օյ, կներեք, մոռացել էի տղաների մասին»:



Հարգելի «Հիմնադիր խորհրդարան» և ՀԽ համակիրներ, խնդրանքս մեկն է՝ ինչքան անհամություն արեցիք՝ հերիք է: Այդ անհամությունների պատճառով եք 100-ամյակը դիմավորում առանց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների: Կարծում եմ՝ այստեղ այլևս երկու կարծիք չկա: Քաջատեղյակներն արդեն ասում են, որ մայիսի 9-ին, կամ մինչ այդ, բոլոր «քաղբանտարկյալներն» ազատ կարձակվեն: Աստծո սիրուն, գոնե այնպես արեք, որ դուրս գալուց հետո նրանք դեռ բան ունենան ասելու մեր հասարակությանը:



Էդիկ Անդրեասյան