Վարչապետին ցավակցելու էին գնացել ՀՀ և ԱԺ նախագահները, տարբեր պաշտոնյաներ, իշխանական ու ընդդիմադիր հայտնի դեմքեր (լուսանկարներ)

Վարչապետին ցավակցելու էին գնացել ՀՀ և ԱԺ նախագահները, տարբեր պաշտոնյաներ, իշխանական ու ընդդիմադիր հայտնի դեմքեր (լուսանկարներ)

Այսօր երեկոյան Երևան-Արտաշատ ճանապարհի Մխչյան տանող հատվածում ամենուր ոստիկանական մեքենաներ էին շարված՝ կարգավորելու դեպի Մխչյան գյուղ ավտոմեքենաների հոսքը։ Ինչպես տեղեկացրել էինք, 87 տարեկան հասակում մահացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի հայրը՝ Արգամ Աբրահամյանը, ում հոգեհանգստի արարողությունն այսօր էր՝ ժամը 18:00-ին, հայրենի Մխչյան գյուղում։ Մեքենաների մեծ հոսքը հենց այնտեղ էր ուղղված։ Վարչապետին ցավակցելու էր գնացել ՀՀ ողջ վերնախավը։ Այնտեղ էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն իր տիկնոջ հետ, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը։ Նախագահից ու ԱԺ նախագահից բացի, այնտեղ էին գործադիր ու օրենսդիր մարմնի տարբեր անդամներ, ուժային կառույցի ներկայացուցիչներ, վարչության պետեր, ԼՂՀ պաշտպանության բանակի ներկայացուցիչներ և այլք։ Ներկաների թվում էին գրեթե բոլոր ՀՀԿ-ական պատգամավորները, այլ ՀՀԿ-ականներ, հին ու նոր ԲՀԿ-ականներ, այդ թվում՝ վարչապետի խնամի Գագիկ Ծառուկյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, արդեն անկախ պատգամավոր Արագած Ախոյանը, Վահե Էնֆիաջյանը, ՀՅԴ-խմբակցությունից ու կուսակցությունից, առհասարակ, մի շարք անդամներ՝ Արծվիկ Մինասյանը, Միքայել Մանուկյանը, Կիրո Մանոյանը և այլք, ՀԱԿ խմբակցության պատգամավորներից ներկա էր Լյուդմիլա Սարգսյանը, «Ժառանգություն» խմբակցությունից՝ Թևան Պողոսյանը, իսկ նույն կուսակցությունից՝ Արմեն Մարտիրոսյանը, ներկա էին նաև կառավարության ամենատարբեր ներկայացուցիչներ, հին ու նոր նախարարներ, վարչության պետեր, նախարարական ողջ անձնակազմը, այնտեղ էին նաև նախկին ու ներկա դատախազները՝ ներկայում ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը և գործող դատախազ Գևորգ Կոստանյանը, ինչպես նաև ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչպես նաև բոլոր մարզպետները։



Ցավակցողների թվում էին նաև տարբեր դեսպաններ, գործարարներ, պարզապես համագյուղացիներ, բարեկամներ, նաև մտավորականներ։ Հոգևորականներ նույնպես կային՝ կաթողիկոս Գարեգին 2-րդը՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ, նախագահի խորհրդական Տեր Մեսրոպ քահանա Արամյանը։ Վարչապետի խորհրդական, Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանը ևս ներկա էր Արգամ Աբրահամյանի հոգեհանգստին, նրա հետ էր նաև Արարատի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը։ ԼՂՀ ՊԲ-ից ևս բարձրաստիճան դեմքեր կային՝ ՊԲ հրամանատար Մովսես Հակոբյանի գլխավորությամբ։



Վարչապետին ցավակցելու եկածների թիվն այնքան մեծ էր, որ հնարավոր է՝ տարբեր կուսակցություններից և ԱԺ խմբակցությունից ևս անդամներ եղած լինեին։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ