Կեցցե՜ Օբաման

Կեցցե՜   Օբաման

Ապրիլի 24-ին ընդառաջ որոշակի ՛՛կենտրոններ՛՛ գեներացնում էին տեսլական, որ Միացյալ Նահանգների համար Թուրքիան ՛՛այլեւս տարածաշրջանում մոդերատոր չէ՛՛: Խոսվում էր անգամ, որ ԱՄՆ-ը ՛՛մտահոգված է ռուս- թուրքական մերձեցմամբ եւ կանխածրագրում է հակազդող քայլեր՛՛:



Ամեն ինչ արվում էր, որպեսզի հասարակությանը ներշնչվի ՛՛ռուս-թուրքական դաշինքի վտանգավորությունը, ինչը հնարավոր է կանխել միայն ԱՄՆ աջակցությամբ՛՛: Ի՞նչ նպատակ էր հետապնդվում, պարզ է: Ցավալի է, որ ապրիլի 24-ը դառնում է ոչ միայն անմոռուկների, այլեւ ՛՛պահանջված գաղափարների՛՛ առուվաճառքի առիթ:
Թուրքիայի արտգործնախարաը մեկնեց Վաշինգտոն: Այնտեղ նրան վստահեցրին, որ նախագահ Օբաման չի օգտագործի ՛՛ցեղասպանություն՛՛ բառը: Եւ ոչ էլ Երեւան ուղեւորվող պատվիրակության կազմում կլինի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը: Ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններին ԱՄՆ-ը մասնակցում է ֆինանսների նախարարի եւ մի քանի կոնգրեսականների մակարդակով:
Օբաման վերահաստատեց, որ Թուրքիան ԱՄՆ կարեւորագույն գործընկերն է: ԱՄՆ մերձավորարեւելյան քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվել: ՛՛Հայկական հարցի՛՛ շուրջ շաղակրատանքները, որ երբեմն- երբեմն իրեն թույլ է տալիս ամերիկյան մամուլը, սոսկ խայծ է: Թուրքիայի վրա ՛՛ճնշում գործադրելու՛՛, իմաստով, որի աշխարհաքաղաքական ենթատեքստն Ռուսաստանից Հայաստանին հեռացնելն է:



Եվրասիականության մասին կարելի է շատ բան ասել: Բայց խնդիրը ներկայացնել այնպես, իբր ԵՏՄ անդամակցությունը խոչընդոտ է, որ Հայաստանը ՛՛ձեւակերպի եւ ներկայացնի իր պահանջները՛՛, իրավիճակի պարզ նենգափոխում է: Փաստացի սահմաններում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեծագույն ջատագովը եղել եւ մնում է ԱՄՆ-ը, որ նաեւ Լեռնային Ղարաբաղի ստատուս- քվոն փոխելու կողմնակից է:
ԱՄՆ-ը Բաքվի վարչախմբի ֆինանսա - տնտեսական ՛՛կնքահայրն՛՛ է: Եւ Ադրբեջանի կարեւորությունը Վաշինգտոնի համար չի նվազել անկախ այն բանից, որ պետդեպն առիթից առիթ բարձրացնում է ՛՛ մարդու իրավունքների՛՛ հարցը: Ադրբեջանին ԱՄՆ-ը օաժանդակություն է ցուցաբերում Իսրայելի եւ Թուրքիայի միջոցով:



Եթե շփման գծում մեր զինվորների վրա կրակում են ռուսական զնքով, ինչպես սիրում են գրել որոշ հայ մեկնաբաններ, ապա կրակում են նրանք, որ հատուկ պատրաստություն են անցել Թուրքիայում կամ հենց՝ թուրքական հատուկ ջոկատայինները: Իսկ շփման գիծն ամենժամյա ռեժիմով ՛՛սանրում են՛՛ իսրայելական արտադրության անօդաչու սարքերը:
Թուրքիան ռազմաքաղաքական մի դաշինքի անդամ է, որտեղ առանձին երկրներն ինքնուրույն ռազմական բնույթի քայլեր ձեռնարկելու իրավունք ֆորմալ առումով չունեն: Իսկ որ Իսրայելը Միացյալ Նահանգների ՛՛հոգեզավակն՛՛ է, կասկած չի հարուցում : Այնպես որ, ցանկության դեպքում ԱՄՆ-ը կարող էր սահմանափակել թուրք- ադրբեջանական եւ իսրայելա- ադրբեջանական ռազմական համագործակցութունը :



ԱՄՆ-ի պաշտոնական կեցվածքը պսակազերծեց հայ քաղաքագիտական մտքի ՛՛տիտանների՛՛ հյուսած առասպելը: Կեցցե՜ Օբաման: Նա չարտասանեց ՛՛ցեղասպանություն՛՛ բառը, իր հավանական փոխանորդին Երեւան չգործուղեց:
Այն, ինչի մասին խոսում էին ողջախոհ մարդիկ, Օբամայի մի ժեստով դարձավ պարզ ճշմարտություն. ԱՄՆ-ի ՛՛անունից՛՛ հայկական մասս- մեդիան ցնդաբանություններով հեղեղող եւ ոչ մի ՛՛փորձագետ՛՛ Սպիտակ տան դռնապանների հետ անգամ շփումներ չունի: Ըստ երեւույթին, նրանց ՛՛իրազեկվածության աղբյուրը՛՛ Երեւանում ԱՄՆ դեսպանատան հայազգի սպասավորներն են:



- Շնորհակալություն, Բարակ- Հուսեյն Օբամա:



Վահրամ Աթանեսյան