Արցախն ավելի ժողովրդավարական չափանիշներով է ապրում, քան Ադրբեջանը. Եվրոպացի դիտորդները՝ ԼՂՀ ընտրությունների մասին

Արցախն ավելի ժողովրդավարական չափանիշներով է ապրում, քան Ադրբեջանը. Եվրոպացի դիտորդները՝ ԼՂՀ ընտրությունների մասին

Արցախի ընտրությունները կատարյալ էին, շատ թափանցիկ, համապատասխանում էին միջազգային բոլոր չափանիշներին: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ԼՂՀ խորհրդարանական ընտրություններում Եվրոպական խորհրդարանի պատգամավորներից կազմված միջազգային դիտորդական առաքելության ղեկավար Ֆրանկ Էնգելը՝ ամփոփելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ երեկ կայացած ընտրությունները: Նա նշեց որ նախորդ ընտրությունները ևս գնահատվել էին դրական:

Ընտրությունների անցկացման վերաբերյալ Ֆրանկ Էնգելը երեք բան մատնանշեց. նախ՝ նա կարևոր փաստ համարեց այն, որ Արցախում արդեն ապրում են ժողովրդավարական չափանիշներով։ Ընտրություններում որևէ վատ միջադեպ չի արձանագրվել: Նա շատ կարևոր համարեց, որ ընտրություններին 71 տոկոս մասնակցություն է գրանցվել:



Որպես երկրորդ դիտարկում՝ Ֆրանկ Էնգելն ասաց.«2013 թ աշնանը Ադրբեջանը ձև տվեց, թե նախագահական ընտրություններ է կազմակերպել։ Ադրբեջանի և Ղարաբաղի ընտրությունների տարբերությունն այն էր, որ ադրբեջանցիները նախապես գիտեին, թե ինչ արդյունք է լինելու՝ մինչ ընտրությունների ավարտը։ Եթե դա է այն երկիրը, որը հավատացած է, որ Արցախի ժողովուրդն ուզում է վերադառնալ իր կազմ, ապա պետք է նշեմ, որ նրանք սխալվում են»։

«Կարող եմ ասել, որ Արցախն ավելի ժողովրդավարական չափանիշներով է ապրում, քան այսպես ասած՝ ժողովրդավարական Ադրբեջանը»,-ասաց նա:



Ֆրանկ էնգելի երրորդ դիտարկումն այն էր, որ մի քանի եվրոպական երկրներ արդեն հայտարարել էին, թե չեն պատրաստվում ընդունել այդ ընտրությունները, ինչին նա ցավով է վերաբերում:

«Ինձ հետաքրքիր է՝ ինչպե՞ս կարելի է չընդունել այսպիսի թափանցիկ և արդար իրականացված ընտրությունները»,-ասաց նա և նկատեց, որ եթե ընտրությունները կազմակերպված լինեին Ադրբեջանի չափանիշներով կամ, ընդհանրապես, կազմակերպված չլնեին, նրանք կասեին, որ դա դեմոկրատական բացթողում է:

«Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության ղեկավար Էդուարդո Լորենցո Օչոան Արցախի ընտրությունները զարմանահրաշ համարեց և նշեց, որ իրենք գիտեին, որ Հարավային Կովկասի երկրները ժողովրդավարության հետ կապված շատ խնիրներ ունեն, սակայն այս փոքր հողակտորը, որը պարբերաբար հարձակումների է ենթարկվում, կարողացել է կերտել ժողովրդավարական չափանիշներ և կիրառել դրանք:

«Ինչ վերաբերում է այն երկրներին, որոնք չեն ընդունում այս ընտրությունները, դա այդ մի քանի երկրների խնդիրն է»,-ասաց նա:



Անդրադառնալով դիտարկմանը, թե Ադրբեջանը կարող է այս հայտարարությունների համար հետապնդման ենթարկել իրեն և խոչընդոտներ ստեղծել իր համար, Ֆրանկ Էնգելն ասաց, որ ազատ, անկախ հանրապետությունում Ադրբեջանը ոչ մի իշխանություն չունի, ուստի իր դեմ ոչինչ չեն կարող անել, թեև կանգ չէին առնի, ամեն ինչ կանեին, որ այս առաքելությունը չիրականացվեր: Ինչ վերաբերում է Ադրբեջանի խավիարային դիվանագիտությանը՝ նա ասաց.«Ես լիովին չեզոք եմ վերաբերում ադրբեջանական խավիարին: Ես նրանց խաղի մեջ չեմ և չեմ լինի, գուցե ոմանք կան, սակայն մեր միջոցները արդարությունն ու գաղափարներն են»։