Ճոյտն ազատ է արձակվել

Ճոյտն ազատ է արձակվել

Հարկային պարտավորությունները չկատարելու մեջ եւ ապօրինի ձեռնարկատիրության ծավալելու համար կալանավորված՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանն երեկ՝ մայիսի 4-ին, ուշ երեկոյան ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է նրա փաստաբանը՝ Կարեն Սարդարյանը:



Նա նշեց, որ միջնորդություն էին ներկայացրել նախաքննության մարմնին՝ խափանման միջոց կալանքը ստորագրություն քաղաքից չբացակայելու մասին փոխարինելու մասին, այն բավարարվել է: Փաստաբանը շեշտեց, որ դրական է գնահատում կայացված որոշումը, ուրախ է, որ օրինական, հիմնավոր որոշում է կայացվել:



Հարցին, թե ազատ արձակվելուց հետո Հակոբ Հակոբյանը տեղափոխվել է հիվանդանոց, փաստաբանն ասաց, որ նա ցանկանում էր անմիջապես գնալ հիվանդանոց, քանի որ անհապաղ վիրահատության է անհրաժեշտ: Այսօր արդեն նախկին պատգամավորը կզբաղվի իր առողջական հարցերով:



Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Հակոբ Հակոբյանը ծավալել է ապօրինի ձեռնարկատիրություն, որը զուգորդվել է անձանց, կազմակերպություններին կամ պետությանը խոշոր չափի վնաս պատճառելով, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ կամ հարկման հիմք հանդիսացող պարտադիր այլ փաստաթղթեր չներկայացնելու կամ նշված փաստաթղթերի մեջ ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով, որը կատարվել է խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով: Հակոբյանին կալանավորելու որոշում դատարանը կայացրել է փետրվարի 4-ին: