Նախարարի լավատեսությունը սահման չունի

Նախարարի լավատեսությունը սահման չունի

Հղի կանանցից վերջերս հաճախ ենք բողոքներ լսում։ Նրանց մի մասին չեն տրամադրում ծննդօգնության պետական հավաստագրեր, ինչին առողջապահության նախարարությունից մշուշոտ պատասխան են տալիս, թե, իբր, տեխնիկական խնդիրներ են առաջացել գնումների գործընթացում։ Հղիներից ոմանք էլ դժգոհում են թանկացումներից։ «Սլավմեդ» բժշկական կենտրոնը վերջերս 100 հազար դրամով բարձրացրել է կեսարյան հատման համար սահմանված գները։ Կենտրոնից հրաժարվում են բացատրել, թե ինչով է պայմանավորված այս շեշտակի բարձրացումը, նշելով միայն, որ կա ներքին հրաման «կեսարյանի» գինը 150 հազար դրամից 250 հազար դարձնելու վերաբերյալ։ «Հնարավո՞ր է, որ պետությունը ժամանակին տեղ չի հասցնում հիմնարկների համար նախատեսված ծննդօգնության պետվճարները»։ Այս հարցին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը պաշտոնական ճշմարտություն արտաբերեց․ «Ծննդօգնությունն անվճար է, բայց եթե կինն իր բնակավայրին կցված բուժհաստատությունը որոշել է փոխել, ասենք, մարզից գալիս է Երեւան եւ ընտրում է այլ հիմնարկ, այդ դեպքում հիմնարկն իրավունք ունի վճարումներ կիրառել»։ Նախարարին մի քանի հարց տվեցինք։



- Որոշ հիմնարկներ գներ են բարձրացրել այն ծառայությունների համար, որոնք բոլորի համար անվճար են։



- Գնի փոփոխությունը կարող է լինել, եթե դա կապված է վիրահատական միջամտության հետ, այսինքն՝ գինեկոլոգիական ծառայության եւ ոչ թե մանկաբարձության հետ։ Սրանք տարբեր ուղղություններ են, եւ շատ հաճախ քաղաքացիները խառնում են գինեկոլոգին եւ մանկաբարձին։ Մանկաբարձությունը եւ ծննդօգնությունը ՀՀ-ում անվճար ուղղություններ են, եւ պետությունն ամբողջը փոխհատուցում է։



- Այսինքն՝ որեւէ փոփոխություն կամ փոխհատուցումների ուշացում չի՞ եղել։



- Ես բացառում եմ, որ ծննդօգնության հետ կապված փոխհատուցումների կամ պետվճարների հետ կապված որեւէ խնդիր լինի։ Սա այն ոլորտն է, որը եւ կառավարության, եւ ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում է։



- Ձեր խորհրդականը պաշտպանության նախարարի կինն է, այդպես չէ՞։ Ի՞նչ խորհուրդներ է նա ձեզ տալիս։



- Նրա աշխատանքներն ուղղված են զինվորական ռազմական բժշկության վրա, եւ բավականին բազմածավալ աշխատանքներ են այդ ուղղությամբ տարվում, մասնավորապես, ռազմական բժիշկների տեղն ու դերը, նրանց սոցիալական խնդիրները, նրանց իրավունքները։



- Ինչ-որ կոնկրետ բան փոխվե՞լ է դեպի լավը։



- Մեծ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ։



- Օրինակ, կոնկրետ մի բան կարո՞ղ եք նշել։



- Մենք կարող ենք ամբողջ գործընթացը ձեզ տրամադրել, թե ինչ փոփոխություններ են արվել։



- Հիմա տարօրինակ իրավիճակ է հեպատիտ B-ի վիրուսակիրների՝ պարտադիր զինծառայությունից ազատվելու հետ կապված։ Ըստ փորձագիտության կարգերի, սա խոչընդոտ չի համարվում։ Նախարարությունից ասում են, որ իրենք ազատում են հեպատիտ B-ի վիրուսակիրներին, բայց իրավական ակտերով սա չի երեւում։



- Չեն ազատում։ Ո՞վ է ասել, որ ազատում են։



- Օրինակ, պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։



- Ես չէի ցանկանա մեկնաբանել այլ գերատեսչության տված ինֆորմացիան։



- Լավ, Ձեր կարծիքը հայտնեք, որպես մասնագետ, որպես առողջապահության նախարար։ Ճի՞շտ է այդ վարակը կրողներին բանակից չազատելը։



- Իմ կարծիքը ես կարող եմ Ձեզ գրավոր ներկայացնել։



ՀԳ․ Ստանալուն պես սիրով կներկայացնենք նախարարի գրավոր կարծիքը հեպատիտ B-ի վիրուսակիրներին զորակոչելու, նրանց բոլորի հետ նույն զորանոցներում պահելու վերաբերյալ, նաեւ այն մասին, թե ինչպես պետք է քրոնիկական ընթացք ունեցող այս վտանգավոր վարակի դեպքում զինվորները «դիետա» պահեն բանակի պայմաններում։ Իսկ առհասարակ՝ զարմացած ենք նրա անտեղյակությունից։ ՀՀ բոլոր բուժհիմնարկներում ծննդօգնությունը, ներառյալ կեսարյան հատումը, անվճար ծառայություն է, այնինչ նախարարն ասում է, որ վիրահատական միջամտությունների գները կարող են փոխվել։ Բոլորս գիտենք, որ, անկախ բնակության վայրից, հղիների սպասարկումը հիմնարկներում անվճար է։ Առողջապահության նախարարը, սակայն, խտրականություն է դնում գյուղից եկած կանանց դեպքում։ Նա շարունակում է լավատեսական ժպիտով պնդել, որ այս երկրում ամեն ինչ փայլուն է, հայտնի երգի պերսոնաժի պես․ «Ваш дом сгорел, кобыла околела, а в остальном все хорошо»!