Շարմազանովը քամահարությամբ է զբաղված

Շարմազանովը քամահարությամբ է զբաղված

Շարմազանովը հետաքրքիր ձև է գտել հոսանքի թանկացումը ժողովրդի ջանին կապելու համար: Ասում է՝ ինձ ուրիշ աղբյուր ցույց տվեք, որ պետք է ՀԷՑ-ի փողը տա: Չկա՞ այլ աղբյուր, քան ժողովուրդն է, ուրեմն ժողովուրդն էլ պետք է վճարի:



Լսում ես այս շնորհաշատ երիտասարդին ու մտածում, որ նրա ու նրա նմանների ձեռը մենք իսկապես էն բանն ենք ընկել: Ուզում է ասել, այսօրվանից պատրաստվիր, ժողովուրդ, որ վաղը ջրի մարդն է գալու Նազարյանի ձեռքը բռնած, մյուս օրը՝ գազի մարդը և դու պետք է խելոք վճարես նոր թանկացումները, որովհետև այլ աղբյուր չկա:



Պարոն Շարմազանովին, եթե նա լսելու կարողություն ունի գոնե իր մտածելու կարողության չափ, ես հարց ունեմ: Ասացեք, խնդրեմ, ինչո՞ւ ԵՏՄ անդամ Ռուսաստանում, Բելոռուսում, Ղազախստանում, նաև Ղրղզստանում, որի առաջիկա մուտքը ԵՏՄ շնորհավորել է Հայաստանը, էլեկտրաէներգիան չի թանկանում: Ուրիշ ժամանակ խոսում եք չգիտեմ քանի միլիոնանոց շուկայի մասին, որին, իբր, ինտեգրվել ենք ու հեսա-հեսա թռիչքաձև առաջ ենք գնալու: Պարզվում է՝ սո՞ւտ է:



Ռուսաստանում դոլարը 2.5 անգամ արժեզրկվեց, բայց նույնիսկ համաշխարհային պատժամիջոցների գրեթե ողջ բեռն իր վրա վերցրած Ռուսաստանում այնպիսի սոսկալի իրավիճակ չկա, որ կա Հայաստանում: Ռուսաստանի կառավարությունը լուրջ տնտեսական քայլեր է իրականացնում, սահմանափակում է ներմուծումը, զարգացնում է սեփական արտադրությունը, կրճատում է չինովնիկների թվակազմն ու աշխատավարձը, որ թոշակառուի կոպեկին չդիպչի: Իսկ ՀՀ իշխանությունները, պարապ վեր թափված, աչքը տնկել են, որ Բիբինի փողը ժողովուրդը տա: Ուրիշ աղբյուր չկա, հասկանում ես: Ինչո՞ւ չկա, բա դուք ի՞նչ եք: Քսանչորս միլիարդն ի՞նչ փող է ձեզ համար, երբ տասնյակ հազարներով լող եք տալիս միլիարդների մեջ: Այ, որ Բիբինը ձեզնից ուզի այդ փողը և հայտարարի, որ ձեր ապաշնորհ կառավարման արդյունքում է ինքն այդ վնասները կրել, այն ժամանակ շատ արագ ուրիշ աղբյուրներ կգտնեք, պարոն Շարմազանով:



Ես կարող եմ գրազ գալ՝ Հայասանի իշխանություններին տանենք Թուրքմենիա, և այնտեղ գազը ոչ միայն  փողով կդարձնեն, այլև մեկ տարվա մեջ մի քանի անգամ կթանկացնեն: Հունարի խնդիր է, ուրիշ բան չկա, երբ Էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող երկրում թանկանում է հենց էլեկտրաէներգիան: Պատկերացնո՞ւմ եք ինչքան խելք է պետք նման բան անելու համար: Բիբին, Բիբին... Բիբինին ի՞նչ կա, երբ Շարմազանովը փողի տեղը ցույց է տալիս՝ գնա, Բիբին, և վերցրու ժողովրդից:



Հիմա էլ նոր երգ են դրել՝ այնպես կանենք, որ ընչազուրկ խավերի վրա դա շատ չազդի: Հերթական գրպանքամահարոցին է: Չենք հավատում: Մինչև օրս քանի՞ թոշակառու և նպաստառու գիտեք որ չի տուժել ժամանակի զանազան թանկացումներից:



Ժողովուրդը դադարել է փողի աղբյուր լինելուց, հասկանո՞ւմ եք:



Ժողովուրդը դադարում է ժողովուրդ լինելուց՝ չե՞ք տեսնում: