Բաղրամյան պողոտայում ուրիշի գույքը կոտրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել | լուսանկարներ

Բաղրամյան պողոտայում ուրիշի գույքը կոտրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել | լուսանկարներ

Ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը Բաղրամյան պողոտայում հավաքվածներին տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասին 1-ին կետով՝ «գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը», որի շրջանակներում հունիսի 28-ին քննիչի կողմից որոշում է կայացվել առգրավել «Սանիտեք» ընկերությանը պատկանող և տվյալ պահին Բաղրամյան պողոտայում գտնվող աղբամանները:



«Ցանկացած խոչընդոտմանն ուղղված գործողություն կարժանանա իրավական գնահատականի», - ասաց Այվազյանը:



Նա հավելեց, որ այս պահին գործով կասկածյալ կամ մեղադրյալ չկա, օրենքով սահմանված կարգով առգրավման որոշումը ենթակա է ծանոթացման այն անձին, ում մոտից պետք է կատարվի առգրավումը:



«Եթե կա անձ, ով տվյալ պահին համարում է, որ այս աղբամանները պատկանում են իրեն կամ ինքը տիրապետող է հանդիսանում տվյալ պահին, խնդրում եմ մոտենալ, և եթե կա առարկություն՝ ներկայացնել այն», - ասաց գնդապետ Այվազյանը: Ի դեպ ցուցարարները աղբամանները չեն պատրաստվում վերադարձնել, նրանք այն ամուր թելերով կապել են և նստել են աղբամանների վրա: Նստացույց անողներն ասում են, որ Բաղրամյան պողոտան չեն բացելու։