Նոր դատական պրոցեսներ են սպասվում

Նոր դատական պրոցեսներ են սպասվում

Պարզվում է` էներգիայի խնդիրը միակ «դեբատը» չէ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Մեր տեղեկություններով, ժամանակին Սերժ Սարգսյանն ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորներին, հատկապես գազի ժամանակավոր հանձնաժողովի անդամներին, հորդորել է խիստ օբյեկտիվ լինել ուսումնասիրությունները կատարելիս, եւ եթե որեւէ մեկը գտնի, որ դատի տալու անհրաժեշտություն կա` ինչ-ինչ խնդիրների հետ կապված, ինքը միայն կողջունի: «Ողջույնը» չուշացավ. օրերս հայտնի դարձավ, որ ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ գազի հարցով ժամանակավոր հանձնաժողովի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը պատրաստվում է դատի տալ Արարատի գազի տեղական ծառայությանը: Արդեն դիմե՞լ եք դատարան, հարցրինք Ալեքսանյանին: «Դեռ ոչ, խնդիրներ կան, կդիտարկենք դրանք, որից հետո կդիմեմ»: Ի՞նչ խնդիրներ են: «Իմ մոտ բողոք-նամակներ կան տարածաշրջանային ծառայությունից, մենք ուսումնասիրում ենք այդ փաստաթղթերը` գազի կորուստների, հաշվիչների հետ կապված։ Եթե այդ փաստերը հաստատվեցին, պատրաստ եմ դիմել իրավապահներին»: Քաղաքական կոնտեքստ չկա՞ Ձեր «դիմումում», այդ ինչպե՞ս եղավ, որ ՀԷՑ-ի խնդրին զուգահեռ, այս կարգի «դատավարական» խնդիրներ եւս առաջացան: «Բացարձակ չկան, պարզապես ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը, նրա անդամները, ինչու ոչ՝ նաեւ ՀՀԿ-ն, շահագրգիռ են, որ համակարգում տեղ գտած թերությունները բացահայտվեն ու իրենց լուծումը գտնեն»: