Մոմ է վառել եվ պաշտոնն ստանձնել

Մոմ է վառել եվ պաշտոնն ստանձնել

Վարչապետ Հովիկ Արգամիչի քաղաքապետ որդի Արգամը երեկվանից փաստացի ստանձնել է քաղաքապետի պաշտոնը եւ առաջիկայում, մեր տեղեկություններով, պատրաստվում է քաղաքապետարանի կազմում լուրջ փոփոխություններ անել: Երեկ ներկայանալով քաղաքապետարանի աշխատակազմին՝ նա զգուշացրել է. «Ովքեր չեն ուզում ինձ հետ աշխատել, կարող են դիմում գրել, հեռանալ, ովքեր չեն աշխատի, պետք է կրկին հեռանան»։ Մոտավորապես այսպիսի «աչքալուսանք» է տվել երիտասարդ քաղաքապետն անձնակազմին: Արգամ Աբրահամյանը պաշտոնի ստանձնման գործընթացը, ի դեպ, մի մեծ ծեսի է վերածել: Նա տնից դուրս է եկել եւ մինչեւ քաղաքապետարան ոտք դնելն այցելել է ընտանեկան մեկ ուրիշ օջախ՝ Արտաշատի Սբ. Հովհաննես եկեղեցի, մոմ է վառել, Աստծո օրհնությունն ստացել, այս դրամատիկ պահերը նկարահանել, հետո շարժվել դեպի քաղաքապետարան։ Ապա ավելի ուշ ֆեյսբուքյան իր էջում երեկ նա գրել է․ «Այսօր ես առաջին անգամ Արտաշատ քաղաք մտա որպես Արտաշատի քաղաքապետ: Մոմ վառեցի Արտաշատի Ս. Հովհաննես Ավետարանիչ եկեղեցում, խնդրեցի Աստծո օրհնությունը եւ գնացի քաղաքապետարան: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում իմ սիրելի համաքաղաքացիներին` այս բարձր վստահության եւ պատասխանատվության համար: Շնորհակալ եմ նախկին քաղաքապետերին` իրենց կատարած աշխատանքի համար: Գիտակցելով պատասխանատվության մեծ բաժինն ու ծանոթ լինելով քաղաքում առկա խնդիրներին` անցնում եմ Արտաշատի քաղաքապետի պարտականությունների կատարմանը: Սիրելի՛ արտաշատցիներ, հարգելի՛ լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ֆեյսբուքյան իմ էջի միջոցով շարունակելու եմ ներկայացնել իմ աշխատանքներն ու Արտաշատում առկա խնդիրները, լինելու եմ հնարավորինս օբյեկտիվ եւ բաց: Հուսով եմ` կլինեմ ձեր ուշադրության կենտրոնում, սիրելի լրատվամիջոցներ»:
Չգիտենք՝ մեր ուշադրության կենտրոնում լինելը լավ է, թե վատ եւ ինչքան ժամանակ երիտասարդ քաղաքապետն այնտեղ լինելուց հաճույք կստանա, քանզի սովորաբար մամուլում հայտնվում եպաշտոնյաների վրիպումներն ու նրանց շուրջ ծավալվող սկանդալները։ Եվ այս պարագայում նրան չի փրկելու անգամ վարչապետի որդի լինելու հանգամանքը։