Սա ստորացուցիչ պայմանագիր է, դուք գնացել նորից ձեզ ստորացրել եք

Սա ստորացուցիչ պայմանագիր է, դուք գնացել նորից ձեզ ստորացրել եք

Այսօր Ազգային ժողովում ռազմական նպատակներով Ռուսաստանից 200 մլն դոլարի վարկ ստանալու համաձայնագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգաամվոր Զարուհի Փոստանջյանը բավականին սուր կերպով իր դժգոհությունն արտահայտեց այս վարկի հետ կապված, երբ հարց էր ուղղում հիմնական զեկուցող, պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին։



Նա նկատեց, որ մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը նույն զենքը վաճառում է մեր հակառակորդ երկրին՝ Ադրբեջանին, հետո այդ նույն զենքը վարկով տրամադրում է մեզ՝ ավելացնելով Հայաստանի արտաքին պարտքը։ Նա այստեղ կասկած հայտնեց, թե սա իսկապե՞ս ռազմավարական դաշնակցի կողմից գործընկերային հարաբերություններ են։



«Դուք գնացել նորից ձեզ ստորացրել եք, հիմա եկել եք մեզ հրամցնում եք մի փաստաթուղթ, որն ուղղակի ստորացուցիչ պայմաններում Հայաստանի Հանրապետությանը դնում է ահավոր վատ վիճակի մեջ»,-նկատեց տիկին Փոստանջյանը։



Ընդդիմադիր պատգամավորի այս դիտարկումները դուր չեկան փոխնախարար Արա Նազարյանին և նա վիրավորվեց նրա խոսքերից․«Դուք վիրավորում եք, և հետո ուզում եք, որ ես ինչ-որ հարցին պատասխանեմ։ Ինձ համար անհասկանալի է Ձեր դիրքորոշումը։ Ես չգիտեմ՝ Դուք խորությամբ պատկերացնում եք անվտանգության միջավայրը, և ռեա՞լ եք պատկերացնում ուժերի հարաբերակցություն և այն հնարավոր սպառնալիքները, որոնք առկա են, բայց եթե ուսումնասիրեիք, ինձ թվում է նման հարցադրում չէիք անի և նման տոնով չէիք խոսի»։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ