Գոնե մի շաբաթ եկեք՝ Հայաստանում աշխատեք

Գոնե մի շաբաթ եկեք՝ Հայաստանում աշխատեք

Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում երեկ մեկնարկած Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարն սկսվեց 20 րոպե ուշացումով, նույնիսկ այն դեպքում, երբ դահլիճում հավաքվել էին Հայաստանի, Արցախի եւ աշխարհի բոլոր երկրների հայ բժիշկները։ Ինչ խոսք, մենք՝ հայերս, պարտաճանաչությամբ չենք փայլում։ Թերեւս սպասում էին ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանին, ում ժամանելուն պես բացման հանդիսավոր արարողությունն սկսվեց։ Ուղղակի չենք կարող չմեջբերել սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ելույթը․ «Ուզում եմ խնդրել, հորդորել ձեզ, սիրելիներս, հայրենիքը կառուցելու համար յուրաքանչյուրս պետք է մասնակցենք, իսկ ամեն մեկս պետք է մեր հնարավորությունների սահմաններում մասնակից լինենք Հայաստանի կառուցման համար, իսկ հայ բժշկի գլխավոր խնդիրը պետք է լինի գոնե…»․ մի վայրկյան լռություն, բոլորը շունչները պահած սպասում են, որ, ահա, ահա, տիկին Հակոբյանը եւս մեկ անգամ մեր սփյուռքահայ հայրենակիցներից կխնդրի՝ «մարդա գոնե մի 1000 դոլար գումար փոխանցեք», եւ մենք նորից աշխարհով մեկ խայտառակ կլինենք։ Բայց փառք տանք աստծուն, հավանաբար, նախորդ հայտարարությունից հետո բարձրացած աղմուկից հետեւություններ էր արել, եւ այս անգամ սփյուռքի նախարարը բավարարվեց Հայաստան մեկշաբաթյա աշխատանքային այցելությունների կոչով։ «Հայ բժշկի գլխավոր խնդիրը պետք է լինի՝ գոնե տարեկան մեկ շաբաթ աշխատի հայրենիքում»,- եզրափակեց Հրանուշ Հակոբյանը։



Տեղեկացնենք, որ Հայաստանում միջազգային բժշկական համագումարները տեղի են ունենում դեռեւս 1970-ական թվականներից։ Համագումարն ուղղված է զարգացնելու համայն աշխարհով սփռված բժիշկների համագործակցությունը, քննարկելու բժշկության, առողջապահության եւ բժշկական կրթության արդի խնդիրներն ու ծրագրերը, ներկայացնելու ու փոխանակելու բժշկագիտական նվաճումները: Համաժողովներն անցկացվում են երկու տարին մեկ անգամ՝ արտասահմանում եւ Հայաստանում։
Ապա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կարդաց նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը, իսկ Տաթեւ արքեպիսկոպոս Սարգսյանն էլ ՝ Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը։ Ուղիղ 13 րոպե առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խոսեց, թե ինչքան «պուպուշ» ծրագրեր են իրականացրել իրենք առողջապահության ոլորտում, եւ որքան նոր հիվանդանոցներ են բացվել։ Հայ բժիշկների միջազգային կոմիտեի նախագահ Ջերի Մանուկյանը, ամենայն հավանականությամբ, Հրանուշ Հակոբյանից ոգեշնչված, ուղերձով դիմեց բոլոր հայ բժիշկներին եւ բժշկական կազմակերպություններին․ «Դուք բոլորդ մեզ հարկավոր եք, կապ հաստատեք մեզ հետ։ Շատ բան կա անելու, դուք բոլորդ մեզ պետք եք այստեղ»։



«Պետք է մտածենք ազգի ապագայի, բազմացման եւ առողջության մասին։ Համագումարին կանդրադառնանք հանրային առողջության, բժշկական փրկության, մասնագիտական շարունակական զարգացման եւ մի շարք այլ խնդիրների քննարկմանը։ Համագումարն անցկացվում է առաջին տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի հովանու ներքո»,- իր խոսքում նշեց ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանը։ Ի դեպ, երեկ խոսվեց ոչ միայն Ռիտա Սարգսյանի բարեգործությունների մասին, այլեւ ի ցույց դրվեց մեր առաջին տիկնոջ երաժշտական տաղանդը։ Դահլիճի բոլոր աթոռներին նախապես դրվել էր երգահան Ռիտա Սարգսյանի եւ երգի բառերի հեղինակ Ավետ Բարսեղյանի համատեղ ջանքերով գրված ստեղծագործության տեքստը․ «Հայի ցավը, որ տանում ենք, հին է շատ ու խոր, բուժվելու է, անցնելու է, ես գիտեմ հաստատ մի օր»։ Իհարկե, մեր ժամանակը չներեց մինչեւ վերջ մասնակցել համագումարի բացման արարողությանը, բայց հուսանք՝ երգն ամեն դեպքում հրամցրին հանդիսատեսին, եւ ամբողջ դահլիճն էլ, թերթիկը ձեռքին, ձայնակցեց կատարողներին։
Վերջում տեղեկացնենք, որ Հայաստանի 4-րդ միջազգային բժշկական համագումարը կտեւի ընդամենը երկու օր՝ հուլիսի 2-4։