Հաշվի ենք առել գին-որակ հարաբերակցությունը

Հաշվի ենք առել գին-որակ հարաբերակցությունը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում տեղի ունեցած «իշխանափոխությունն» իր ազդեցությունն է թողել կոմբինատի գործունեության բոլոր ոլորտներում: Բացի վերակառուցումներից, ստուգումներից, չարաշահումների համար պաշտոնանկություններից եւ մի շարք աշխատակիցների պատասխանատվության ենթարկելուց, կոմբինատի նոր ղեկավարությունը վերանայել է նաեւ հարաբերությունները գործընկեր մատակարար ընկերությունների հետ: Մեզ տեղեկություններ էին հասել, որ կոմբինատն այլեւս չի օգտվում Մաքսիմ Հակոբյանի «Մարիլա» կաթնամթերքից, փոխարենը նախընտրում է «Աշտարակ կաթի» արտադրանքը։ Մի մասը պնդում է, թե դա պայմանավորված է կոմբինատում Մաքսիմ Հակոբյանի դիրքերի խարխլմամբ, մյուսներն ասում են, թե «Մարիլան» ինքն է հրաժարվել ԶՊՄԿ-ին կաթնամթերք մատակարարելուց, քանի որ պարտքերը չի մարել: Սակայն ավելի լավատեղյակները պնդում են, որ Մաքսիմ Հակոբյանի կաթնամթերքը բավականին թանկ գնով է վաճառվել կոմբինատին, ինչը պատճառ է դարձել, որ տնտեսվարման խնայողական մեթոդներ կիրառող տնօրինությունը հրաժարվի նախկին տնօրենի մասնավոր ձեռնարկության ապրանքից։ Մեզ տեղեկություններ են հասել նաեւ, որ ԶՊՄԿ-ն այլեւս չի օգտվում Կապանի նախկին քաղաքապետ Արտուր Աթայանի կրի արտադրության «Վայբլ» ընկերությունից: Ասում են, որ այդ պատճառով ընկերությունը կանգնել է փակման վտանգի առաջ: Այս տեղեկությունները ճշտելու համար դիմեցինք կոմբինատի լրատվական ծառայությանը, որտեղից պատասխանեցին. «Ձեր հարցմանն ի պատասխան` հայտնում ենք, որ ԶՊՄԿ-ն մասնավոր ձեռնարկություն է, որի հարաբերությունները գործընկերների, այդ թվում՝ կապալառուների եւ մատակարարների հետ, ունեն հստակ կանոնակարգ: Կանոնակարգի առանցքային դրույթներից են մատակարարվող ապրանքների եւ մատուցվող ծառայությունների գին-որակ փոխհարաբերությունը եւ համագործակցող կառույցների բարեխիղճ գործունեությունը: Մեր ընկերության վարած քաղաքականության համաձայն` մենք չենք մեկնաբանում երրորդ անձանց հետ կապված տեղեկությունները, առավել եւս` երբ դրանք անմիջականորեն չեն առնչվում մեր գործունեության ոլորտին: ԶՊՄԿ-ն առաջնորդվում է սոցի ալական պատասխանատվության իր հայեցակարգով ու ծրագրերով եւ հակված չէ մեկնաբանել այլ կազմակերպությունների կառավարման սկզբունքները, ներառյալ արտադրական հզորությունների, սպառման շուկայի եւ կադրային քաղաքականության հարցերը»: