Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում իրավիճակի զարգացմանը. Մեդվեդև

Մոսկվայում ուշադիր հետևում են Հայաստանում իրավիճակի զարգացմանը. Մեդվեդև

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ Մոսկվայում «ուշիուշով հետևում են Հայաստանում իրավիճակի զարգացմանը»` նկատի ունենալով Electric Yerevan անվանումով հայտնի դարձած շարժումը, որը սկսվել էր հունիսի 23-ին:

ТАСС-ի փոխանցմամբ` Մեդվեդևը նման հայտարարություն է արել իր հայաստանցի գործընկեր Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:

Ռուսաստանի վարչապետի գնահատականով` հանրապետությունում «թեժ ժամանակաշրջան» է եղել:

«Կցանկանայի Ձեր կարծիքը լսել այն մասին, ինչպես են զարգանում իրադարձությունները ձեր երկրում, քանի որ վերջին շրջանում թեժ էր, - ասել է Մեդվեդևը` դիմելով Աբրահամյանին, ապա հավելել է,- մենք ուշիուշով հետևում ենք, թե ինչ է կատարվում Հայաստանում, քանի որ դուք մեր հարևանն եք, դաշնակիցը, մտերիմ պետություն, և մենք, բնականաբար, անտարբեր չենք, թե ինչպես են զարգանում իրադարձությունները բարեկամական երկրում»:

Ըստ РИА Новости-ի Աբրահամյանը իր հերթին ընդգծել է բացի բարեկամական հարաբերություններից Հայաստան - Ռուսաստան համագործակցությունը ԵՏՄ-ի շրջանակներում: