Դիալոգներ Սեյրան Օհանյանի կնոջ շուրջ

Դիալոգներ Սեյրան Օհանյանի կնոջ շուրջ

«Հրապարակի» եւ Սեյրան Օհանյանի կնոջ միջեւ դատական վեճը նիստից նիստ թեժանում է։ Անակնկալները շարունակվում են։ Առաջին անակնկալը մատուցեցին «Ցանցերը»։ Նիստն սկսվելուն պես Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի լույսն անջատվեց։ Լրագրողներն ստիպված էին մի կես ժամ սպասել շոգ, առանց օդորակիչների դահլիճում՝ քննարկելով Բիբինի վարքագիծը եւ այն, որ վերջերս հաճախ են Երեւանում հովհարային անջատումներ լինում։



Երկրորդ անակնկալը մատուցեց «Հրապարակի» ներկայացուցիչը՝ երիտասարդ խոստումնալից փաստաբան Տիգրան Ավետիսյանը, որին մեկ անգամ էինք տեսել հրապարակային վեճի ժամանակ՝ դատավոր Իշխան Բարսեղյանին Արդարադատության խորհրդից հաջողությամբ պաշտպանելիս։ Երեկ Տիգրան Ավետիսյանը միջնորդեց դատարանին կարճել վարույթը, քանի որ «ԶԼՄ-ների մասին» օրենքով նախատեսված ընթացակարգերը հերքման կամ պատասխանի հրապարակման վերաբերյալ խախտվել են։ «Հրապարակ» օրաթերթն ստացել է հերքման պահանջ, սակայն նույն օրը հայցվորը դիմել է դատարան՝ առանց հերքման կամ պատասխանի համար օրենքով նախատեսված 7-օրյա ժամկետը տրամադրելու։ Ռուզաննա Խաչատրյանի փաստաբան Կարեն Մեջլումյանը, իհարկե, առարկեց միջնորդության դեմ, պատճառաբանելով, որ դատարան դիմելն իր իրավունքն է։ Դատավորը հետաձգեց այս միջնորդության քննարկումը։



Երկու փաստաբանի միջեւ հետաքրքիր երկխոսություն էր ընթանում։ Դրանց մեխն ու կորիզը, բնականաբար, հայցի փաստական հանգամանքների քննարկումն էր։ Դրա ընթացքում Մեջլումյանը 100-րդ անգամ կարդաց հայտնի պարբերությունը․ «Որոշ լրատվամիջոցներ խորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, եւ այլն», կարդաց հերքման պահանջը։ Որպեսզի մեզ չմեղադրեն սուբյեկտիվիզմի եւ միակողմանի լուսաբանման մեջ, այն ներկայացնում ենք հատվածաբար։



Ինչը հերքել եւ ինչպես



Տիգրան Ա․ - Ո՞ր տեղեկությունները հերքել։ Պատիվն ու արժանապատվությունն արատավորո՞ղ։ Թե՞ փաստական անճշտություններ կան։ Որո՞նք են դրանք։ Հայցադիմումում նշված է, որ «Հրապարակը» նաեւ վիրավորելու միտում ունի։ Հիմա որի՞ն է վերաբերում Ձեր պահանջը։
Կարեն Մ․ - Վերաբերում է զրպարտությանը, ինչպես նաեւ փաստական անճշտություններ կան (կրկին կարդում է հայտնի պարբերությունը)։ Սա զրպարտություն է։
Տիգրան Ա․ - Ո՞ր հատվածը:
Կարեն Մ․ - Ամբողջությամբ։ Չպետք է կտրենք, ասենք՝ սա (շարունակում է կրկին կարդալ)․ «Մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, վարել է իր մտերիմ ընկերոջ մեքենան…»։ Սա զրպարտություն է։ Այսինքն, մի կին վարել եւ վթարվել է, եթե ամբողջությամբ ենք վերցնում, ապա սա զրպարտություն է։
Տիգրան Ա․ - Բայց զրպարտության կոնկրետ ձեւակերպումը եթե նայենք Քաղաքացիական օրենսգրքի 1087 հոդվածով․ «Զրպարտությունը անձի վերաբերյալ այնպիսի փաստացի տվյալների հրապարակում է, որոնք չեն համապատասխանում իրականությանը եւ արատավորում են նրա պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը»։ Փաստացի տվյալն է անձի վերաբերյալ, ոչ թե վերացական, ենթադրվող, այլ կոնկրետ անձի վերաբերյալ փաստացի տվյալը։ Ո՞րն է այն։
Կարեն Մ․ - Սա վերացական չէ, սա կոնկրետ է։
Տիգրան Ա․ - Ո՞րը։ Կոնկրետ ասեք։
Կարեն Մ․ - Հոդվածը Ռուզաննա Խաչատրյանի վերաբերյալ է, այս ամբողջը վերաբերում է նրան։
Տիգրան Ա․ - Դո՞ւք եք այդպես ընկալել։
Կարեն Մ․ - Այո։
Տիգրան Ա․ - Դո՞ւք եք ընկալել, որ «մի կին եւ այլն»՝ դա Ռուզաննա Խաչատրյանն է։
Կարեն Մ․ - Ես ասեցի՝ խոսքը Ռուզաննա Խաչատրյանի մասին է։
Կարեն Մեջլումյանն այդպես էլ չհրապարակեց, թե մեր գրած տողերի հատկապես որ մասն է ցանկանում, որ հերքենք, ինչ բովանդակություն պետք է ունենա այդ հերքումը։ Ուստի որոշեցինք խնդրահարույց կտորը հերքել ամբողջությամբ։



Ուրեմն, հերքում



«Որոշ լրատվամիջոցներ չխորացան նախարարի եւ նրա տիկնոջ հարաբերություններում, չպատմեցին նրանց «թեթեւ» ծանոթության եւ արտամուսնական երկարատեւ կապի մասին, չհիշեցին եւ չտարածեցին վաղուց մոռացված պատմություն այն մասին, թե ինչպես մի կին, երբ նա դեռ հայտնի չէր, չի վարել իր մտերիմ ընկերոջ մեքենան եւ չի ջախջախել այն, վերջինիս մահվան պատճառը չդառնալով: Նկատենք, որ այս պատմությունը վաղուց չէ շուրթից շուրթ փոխանցվել, իսկ տարիներ առաջ լրագրողները չէին գրում քրեական այս դեպքի մասին, դրան հետեւած քննության եւ դատաքննության, բայց ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ով է եղել այդ մեքենայի ղեկին: Միայն հիմա, երբ պաշտպանության նախարարի նախագահ դառնալու հեռանկարն այսքան տեսանելի չդարձավ, մութ պատմությունները ջրի երես դուրս չեկան»։ Հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 21-ին, 15։30-ին։