Նախագծի որևէ դրույթ դոգմա չէ

Նախագծի որևէ դրույթ դոգմա չէ

«Սա մեկնարկ է հանրային քննարկումների փուլի։ Սահմանադրության նախագծում ներառված որեւէ դրույթ դոգմա չէ, եւ հանրային քննարկումների արդյունքում նոր վերջնական որոշում կկայացվի։ Բացի այդ, եւս մի կարեւոր հանգամանք, որ Ընտրական օրենսգրքում պետք է մանրամասնություններ ստանան մի շարք դրույթներ, որոնք կարող են որակվել որպես անհստակություն կամ, չգիտեմ՝ տարբեր մեկնաբանությունների տեղիք տան»։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, իրավաբան Արփինե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությունը նախատեսում է սկզբունքորեն աշխարհի բոլոր երկրներում ընդունված մոդելներով անցում կատարել խորհրդարանական կառավարման համակարգին եւ ստեղծում է հիմքեր՝ խորհրդարանական կառավարման համակարգն ու կուսակցությունների, քաղաքական ուժերի դերակատարումը բարձրացնելու։ Այս առումով պատգամավորը նշեց, որ մասնագիտական հանձնաժողովը, ըստ նրա, լրջագույն աշխատանք է կատարել։ «Նաեւ այս քննարկումների արդյունքում պարզ դարձավ, որ ուսումնասիրվել է աշխարհի բոլոր երկրների փորձը, նկատի է առնվել համանման ե՛ւ պատմական իրողությունները, ե՛ւ այս պահին առկա պայմանները, ե՛ւ իրավական տարատեսակ այլ մանրամասնություններ, եւ կարծում եմ՝ ստացվել է բավականին լուրջ ու արժեքավոր փաստաթուղթ»,- ասաց նա։ Հարցին՝ ինքը, որպես իրավաբան, խնդրահարույց կետեր նկատե՞լ է արդյոք, որոնք կարող են վիճելի լինել, քննարկման ենթակա։ Իրավաբան պատգամավորն ասաց․ «Ես կարծում եմ, որ Սահմանադրության յուրաքանչյուր կետ սկզբունքորեն կարող է յուրաքանչյուր մարդու համար բանավեճի, քննարկման առարկա լինել, եւ դա ամենեւին չի նշանակում, որ նրանց կարծիքը հաշվի չի առնվելու»։ Իսկ որքանո՞վ է համապատասխանում այս Սահմանադրության նախագիծը պառլամենտարիզմի ընդունված չափանիշներին։ «Կարծում եմ՝ այո, յուրաքանչյուր դրույթի հիմքում, ըստ էության, սկզբունքորեն դրված է լրջագույն պառլամենտական փորձ, տարբեր երկրների մոդելներ են հաշվի առնվել՝ միեւնույն ժամանակ նկատի ունենալով մեր խորհրդարանը»,- ասաց Ա․ Հովհաննիսյանը։ Այն հարցին էլ, թե այս Սահմանադրությամբ Հայաստանի քաղաքացու կյանքում ի՞նչ կփոխվի, սոցիալ-տնտեսական առումով որեւէ դրական տեղաշարժի կբերի՞ այն, ՀՀԿ-ական պատգամավորն ասաց․ «Գիտե՞ք, բոլոր առումներով, ընդհանրապես, կառավարման համակարգում երբ ճգնաժամ է լինում, այդ համակարգի ճգնաժամն ուղղակիորեն ազդեցություն ունենում է երկրի բոլոր ոլորտների վրա, այդ թվում՝ սոցիալ-տնտեսական ոլորտի։ Եթե կա կայունություն, համակարգը կայուն է, բնականաբար, դրան համահունչ էլ ամեն ինչ կարող է փոխվել»։