Իրենց թվում էր, ավիաընկերություն ունենալը «տաքսի սերվիս» բացել է

Իրենց թվում էր, ավիաընկերություն ունենալը «տաքսի սերվիս» բացել է

Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանին, որպես փորձառու կառավարչի, խնդրեցինք կիսվել «Էյր Արմենիա» ընկերության շուրջ վերջերս կատարվածի մասին իր մտորումներով։ 




-Տարօրինակ պրոցեսս է։ Վահան Հարությունյանն իր բաժնեմասը վաճառեց, մեկ էլ հայտնվեց օֆշորային մի հիմնադրամ՝ «East Prospect Fund» կոչված, և բաժնեմասերի տեսքով ներդրում կատարեց։ Ի՞նչ կարծիք ունեք այս գործարքի մասին, Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու մասին, որպես մարդ, որը թքած չունի հայկական ավիացիայի վրա։



- Անկեղծ ասած, ես չեմ հավատում մի գործարքի, որում Վիրջինյան կղզիներն են հիշատակված, օֆշորային գոտի։ Սա լուրջ չի։ Կճոյանի և Տիգրան Սարգսյանի պատմությանն է նմանվում։ Մեկ 60 մլն ներդրումի մասին են խոսում, մեկ 68։ 18 մլն էլ «սեմուշկի» փո՞ղ է։ Երբ մարդիկ մեծ փողերից են խոսում, չպետք է հավատաս, թե չէ, կխաբվես Փայլակի պես։ Ըստ երևույթին, Նեմեցը չի հավատացել, ասել է, հետ տվեք փողերս, որ հանկարծ Փայլակի նման չդառնա։



- Այդ դեպքում, գործարքի նպատակը ո՞րն է։



- Սա հերթական անգամ շուկան ռուսներին հանձնելու տարբերակ է։ Ես վաղուց այս մասին հայտնել եմ, ամբողջ շուկան հանձնում են ռուսներին։ Սա է խնդիրը։ Իսկ Նեմեցի-Մեմեցի այդ պատմություններից, «քցոցիից» ես տեղյակ չեմ, սա խառը պատմություն է, մեր իրականության համար բնական, քանի որ ռուսական ազդեցության տակ ենք, և ուրեմն, ամեն ինչ այդպես էլ պետք է լինի՝ ռազբորկեք, ծեծ։ Գումարային աղբյուր է բացվել, և այդ գումարին ինչ-որ մեկը պետք է տիրանա։ Հզոր օլիգարխ չի կարող հանկարծ ծնվել այս երկրում։ Օլիգարխները արդեն բաժանել են իրենց մեջ բոլոր ոլորտները։ Մեկ էլ հանկարծ ինչ-որ մեկը ուզում է գլուխ բարձրացնել։ Տենց չ՞ի լինում։ Ես ուղղակի բարձրաձայն մտորում եմ, այդքան բան, սա կարծիք չէ։ 



— Եթե բաժնետոմսերի տեսքով ներդրում է կատարվում, ո՞նց կարող է այդ ներդրումը բաժանվել պարտատերերին։ Չ՞է որ խոսքը կենդանի փողի մասին չէ։



—Որքան տեղյակ եմ, «Էյր Արմենիա» ընկերությունը պարտք է մոտ 6 մլն դոլար՝ չկատարված չվերթներ, աշխատավարձերի պարտք, օդանավակայաններում «պրալյոտների» պարտքեր, նավթի, և այլն։ Նախ, ես չեմ հավատում, որ ինչ-որ մեկը նման ռիսկային ձևով մեծ ներդրում կատարի։ Մի բան կարող է լինել՝ ամբողջ ոլորտը գնում են, տալիս են մեկ ընկերության՝ օրինակ, «Աէրոֆլոտին»։ Հիշու՞մ եք, մեզ մոտ կար «Իտերա» ընկերութուն, գազի համակարգին տիրացած, որը հետո ծախեց «Գազպրոմին»։ Դու մ՝ի ասա,  դուստր ձեռնարկություն էր «Գազպրոմի» հետ։ Նույնը՝ «Արմենթելի» պատմությունը։ Հունական ընկերությունն եկավ, ներդրումներ, իբր, արեց, հետո Ռուսաստանը կլանեց։ Նույնը՝ Օրանժի հետ տեղի ունեցավ։ 




- Իրական ներդրող լինի, թե ռուսները «աֆյորա» անեն, միևնույն է, մեր ավիացիոն ոլորտը ոչնչացված է։ Ինչ ընկերություն էլ մտնի, «Զվարթնոցի» գների պայմաններում չի աշխատի։ Ինչ՞ու չեն մերոնք գոնե վերլուծում բաց օդի քաղաքականության այս խայտառակ արդյունքը։ 




-Ես շատ եմ խոսել այս ամենի մասին։ Ժամանակին էկոնոմիկայի նախարարին՝ Վահրամ Ավանեսյանին ասեցի՝ մի արեք այս բանը։ Նա ասաց՝ մենք կապ չունենք, դա Համաշխարհային բանկն ու Վալյուտային ֆոնդն են պարտադրում։ Ես իրենց բացատրեցի, որ ռուսական ազդեցության տակ ոչնչի չեք հասնի։ Նրան գործից հանեցին, դրեցին Ճշմարիտյանին, որն ընդհանրապես ոչնչի ունակ չի և չի էլ հասկանում ոլորտից։ Իմ առաջարկը հստակ է եղել՝ կառավարությունը պետք է պատասխանատվություն վերցնի այս ոլորտի համար, 50 մլն դոլար ներդնի, հայկական ավիաուղիներում նորմալ, իրական աուդիտ անի, հասկանա, թե որտեղից հայտնվեց այն բեղավորը՝ Միկա էր, ինչ էր, Էռնեկյանի գործունեությունը քննի։ 



-Ի՞նչ է լինելու հետո։ Հայաստանից ուղիղ չվերթներ այլևս չեն իրականացվում։ Փարիզն ու Վենան են մնացել։
- Air Bas-ը ոչ, բայց խոսակցություն կա, որ "AUSTRIAN AIRLINES" -ն էլ շուտով կհրաժարվի։ Եթե ամեն ինչ այսպես գնաց, Մոսկվայով ենք ամեն տեղ թռչելու։ Մոսկվայով էլ, առաջվա պես մեր ուղևորներին «քչփորելու» են, էլի նվաստացնելու են, էլի տեսնելու են հայերեն անձնագրերը, ասելու են՝ почему не на русском?



- Կարծում եք, «Էյր Արմենիայում» ներդրում կատարելը շուկան հայերից վերցնելու համա՞ր արվեց։ 



- Վահանի հետ բավականին մտերիմ եմ եղել։ Ես նրան զգուշացրել եմ, թե ինչ է սպասվում։ Ասում էր՝ ոչ, ի՞նչ եք ասում։ Բայց մի առ ժամանակ անց եկավ և ասաց․ «Դուք ճիշտ էիք», որովհետև այդ պարտքերի տակից՝ 6 մլն դոլար, նա չէր կարող դուրս գալ։  2006 թվականից, Սոչիի վթարից հետո, հայկական ավիացիային չէին վստահում։ Նորմալ քննություն չարվեց։ Մեղքը քցեցին օդաչուի վրա․ «չկա մարդ, չկա պրոբլեմ»։ Սև արկղերը չտեսանք, ոչ ոք չիմացավ, թե իրականում ինչ է տեղի ունեցել։ Երեք կողմ կար քննող՝ ԱՊՀ միջպետական ավիակոմիտեն, «Airbus»-ի մասնագետներն ու մեր երկու-երեք փորձագետները հայկական։ «Airbus»-ին ձեռնտու չէր, որ ասեր, օդանավն անսարք է եղել, ռուսական կողմին ձեռնտու չէր ընդունել, որ դիսպետչերն է մեղավորը, որն իրենց քաղաքացին են։ Մերոնք էլ խամաճիկ էին։ Մի հատ վզներին կկտտացնեին, կասեին՝ գնացեք տուն։ Դրանից հետո կորավ վստահությունը մերոնց հանդեպ։ Օդանավերը սկսեցին դատարկ թռչել։ Հետո՝ նորմալ մենեջմենթ չի արվել։ Սկզբում ես «Այր Արմենիայի» երկրպագուն էի, բայց տեսա, որ բաց երկնքի քաղաքականությունը և իրենց բացվելը զուգահեռ տեղի ունեցան։ Այսինքն, մտադրությունն այնպիսին էր, որ հայերը ավիացիա չունենան։ Երևի, ռուսների պատվերով էր դա արվում։ 



- Ձեր կարծիքով այն ժամանակի՞ց կար այս մտադրությունը։



- Կարծում եմ, այո։ Որովհետև հենց այդ ժամանակից «Աէրոֆլոտը» սկսեց դեմպինգ անել, նաև մյուս ռուսական և ուկրաինական ընկերությունները։
- Բայց Արսեն Ավետիսյանը փորձում էր ինչ-որ քայլեր անել, փրկել վիճակը։ Հոլանդիայի հետ էին բանակցություններ մեջ անընդհատ, համոզում էր, որ լավ կլինի։ 



-Հա, բայց դրա համար մեծ գումարն էին պետք, իսկ իրենք 1 մլն էին ճարել։ Առնվազն 50 մլն է պետք, այն էլ ցածր գներով սկզբում պետք է թռչել։ Բայց քանի որ Զվարթնոցը իր բարձր գները դնելու է, նավթը կրկնակի թանկ են վաճառելու, «բորտ-սնունդը», որ  Ծառուկյանի ընկերությունն է տալիս, կրկնակի թանկ վաճառելու են։ 



- «Էյր Արմենիան» չէ՞ր գիտակցում, որ այս գների պայմաններում չեն կարողանալու ոտքի կանգենել։



- Իրենց ասելով, նրանք եկել էին համաձայնության, որ Զվարթնոցը զեղչեր կանի, բայց այդպես էլ չարեց։ Գումարած, նրանց խոստացել էին, որ թույլ կտան սեփական նավթը ունենալ, սեփական տերմինալը։ Դա էլ չեղավ։ Հեշտ չի այդ ամենը։ Սա ստրւոկտուրա է, որը քանդվել է, հասկանում եք՞։ 



- Արսեն Ավետիսյանը «Հայկական ավիաուղիներում» էր աշխատում։ Դուք տեսել եք «Էյր Արմենիայի» սկիզբը, չ՞է։ Որտեղի՞ց ինքնաթիռ ունեցան։ 



- «Ան 24» օդանավ կար, որը մենք խլել էինք ռուսական ընկերությունից։ Անձամբ իմ հրամանով, որովհետև նրանք մեզ պարտք էին։ Օդանավը եկավ, նստեց, մենք ձեռբակալեցինք պարտքի դիմաց, այդպես էլ մմնաց այդ օդանավը։ Սրանք որ տիրացան «Հայկական ավիաուղիներին», Արսենը լիկվիդացիոն տնօրենն էր։ Նա իր եղբոր հետ ստեղծեցին «Էյր Արմենիան» այս օդանավով և զբաղվում էին բեռնափոխադորումներով։ Հետո կլոր կնիք ունեցան, դրոշ և այլն, սկսեցին խոսել, թե Boeing բոյինգ կբերենք, Airbus կբերենք, ուղևորափոխադրումներ կանենք։ Իրենց թվում էր, ավիաընկերություն ստեղծելը «մարշրուտկի» գիծ բացել է, կամ տաքսի սերվիզ։



Հ․Գ․ Օրերս մենք զանգահարեցինք «Աիր Արմենիայի» հիմնադրին՝ Վահան Հարությունյանին, հույս ունենալով, որ  նա ևս թքած չունի իր հիմնած ընկերության վրա և տարիների գործընկեր Արսեն Ավետիսյանի հետ կատարվածին ինչ-որ վերաբերմունք պետք է ունենա։ Բայց Հարությունյանը թույլ չտվեց ավարտել հարցը, ասաց, որ զբաղված է և շպրտեց հեռախոսը։