Կողմնակի անձինք հաստատել են Գարեն Աթաջանյանի ալիբին

Կողմնակի անձինք հաստատել են Գարեն Աթաջանյանի ալիբին

Այս օրերին լրանում են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ մայիսի 20-ին իրականացրած, խիստ կասկածելի մահափորձի մեջ մեղադրվող անձանց կալանքի երկամսյա ժամկետները։ ԱԱԾ-ն, որն իրականացնում է վարույթը, կալանքի երկարաձգման միջնորդություններ է ներկայացրել դատարան, իսկ կալանավորված անձանց փաստաբանները վստահեցնում են, որ իրենց պաշտպանյալների մեղքի ապացույցներ չեն ներկայացվել։ Հիշեցնենք, որ գործով կալանավորված անձինք 4-ն են՝ Արա Բուդաղյանը, որը 2013-ին Սուրիկ Խաչատրյանի տան մոտ սպանված Ավետիք Բուդաղյանի եւ այս գործով միակ դատապարտյալ Արտակ Բուդաղյանի եղբայրն է, նրա համադասարանցի Վիտալի Մինասյանը եւ Կապանի բնակիչներ Հենրիկ Ավագյանն ու Գարեն Աթաջանյանը։ Վերջինիս կալանքի ժամկետը երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ շրջանների դատարանը երկարաձգեց երկու ամսով, իսկ այսօր Գարեն Աթաջանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը վերաքննիչ բողոք է պատրաստել։ «Գրել ենք, որ քննիչի ներկայացրած վերլուծությունն ամբողջությամբ անհիմն է, նույն առարկությունը ներկայացրել ենք դատարանին, սակայն դատարանը հարկ չհամարեց նույնիսկ լսել մեր առարկությունները»,- ասում է փաստաբանը։ Ըստ նրա, քննիչը չի ներկայացրել կալանքի տակ պահելու որեւէ հիմք։



«Իրենք ավելի շատ ներկայացրել են Գարեն Աթաջանյանի կատարած գործողությունները երկու ամսվա ընթացքում, քան թե հիմնավորել են, թե ինչով կարող է պաշտպանյալս, ազատության մեջ մնալով, ազդել կատարվելիք քննչական գործողությունների վրա։ Օրինակի համար, նշել են, որ նա դեռեւս պետք է ստանա փորձաքննությունների եզրակացություններ։ Ես առարկում եմ։ Մեղադրյալը, ազատության մեջ մնալով, օբյեկտիվ իրականության մեջ ոչ մի հնարավորություն չունի խոչընդոտելու եզրակացության ստացմանը»։ Գարեն Աթաջանյանը 57 տարեկան է, նախկին ազատամարտիկ, երկրորդ կարգի հաշմանդամ։ Նրան մեղադրում են պատվերով, ապօրինաբար երկու եւ ավելի անձանց դիտավորությամբ կյանքից զրկելու փորձին օժանդակելու եւ ապօրինի կերպով զենք եւ ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար: Աթաջանյանը ՍՊԸ-ի տնօրեն է, Կապանում հեղինակություն ունի եւ, ըստ որոշ դիտարկումների, այն մարդկանցից է, որոնք չեն հպատակվել Սուրիկ Խաչատրյանին։ Թեեւ, ինչպես վստահեցնում է նրա փաստաբանը, նա վերջին շրջանում չեզոք հարաբերություններ է ունեցել մարզպետի հետ։ Սուրիկ Խաչատրյանի խորհրդականը՝ Վոլոդյա Հովհաննիսյանը, լրագրողներին պատմել էր, որ Խաչատրյանը բազմիցս օգնել է Գարեն Աթաջանյանին։ «Լավությունները եղել են փոխադարձ»,- վստահեցնում է Վահան Հովհաննիսյանը։ Կիսվելով նախաքննությունից ստացած իր տպավորությամբ, նա կարծիք է հայտնում, որ քննչական մարմինը չունի բավարար ապացույցներ իր պաշտպանյալին ներկայացնելու․ «Կսպասենք, կծանոթանանք քրեական գործի ամբողջական նյութերին, նոր հետեւություններ կանենք, բայց այս պահին կարող եմ ասել, որ Գարեն Աթաջանյանին ոչ մի ապացույց չեն ներկայացրել։ Մենք միջնորդել ենք՝ քննչական գործողություններ կատարել նրա այլուրեքությունը (ալիբին) հաստատելու համար, եւ կարծես թե այն հաստատվում է»։ Փաստաբանը հայտնեց, որ դեպքի օրը, դեպքի ժամին Գարեն Աթաջանյանը գտնվել է Կապան քաղաքում։



Հիշեցնենք, որ կրակոցները մարզպետի մեքենայի վրա հնչել են Կապան-Գորիս ճանապարհին։ Անձինք, ովքեր այդ օրը՝ մայիսի 20-ին, տեսել են Աթաջանյանին Կապանում, անկողմնակալ անձինք են։ «Նրանք Գարեն Աթաջանյանի ոչ բարեկամներն են, ոչ ընկերները, եւ քննիչները դա հեշտությամբ կկարողանան պարզել»։ Գարեն Աթաջանյանը հարցաքննությունների ժամանակ ցուցմունք է տվել իր այլուրեքության մասով միայն, այլ մասով ցուցմունքներ տալուց հրաժարվել է։ Մահափորձից մոտ երկու շաբաթ անց Կապանում հարձակում եղավ Աթաջանյանի որդուն պատկանող խանութի վրա․ քարով կոտրել էին պատուհանը։ Այն ժամանակ Սյունիքում, նաեւ Երեւանում, շատերը սա դիտեցին որպես վենդետայի շարունակություն։ Այն ժամանակ Աթաջանյանի փաստաբանը պահանջեց, որ հարձակման փաստով գործ հարուցեն, սակայն դատախազությունը մերժել է այս պահանջը։ Այսպիսի նոր դեպքեր, որոնք կարող էին գնահատվել որպես վրեժի շղթայի շարունակություն, Սյունիքում չեն արձանագրվել։ Առայժմ։