Արթուր Բաղդասարյանի գլխին նոր ամպեր են կուտակվում

Արթուր Բաղդասարյանի գլխին նոր ամպեր են կուտակվում

Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի գրուպ» ԲԲԸ-ի մեղքը ապացուցելու դեպքում ՏՄՊՊՀ-ն կարող է տուգանել ընկերությանը մի քանի հարյուր միլիոն դրամի: «ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել կապված Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հայասի» ընկերության գործունեության հետ: Ուսումնասիրության համար հիմք են հանդիսացել «Հրապարակ» օրաթերթում տպագրված մի քանի հոդվածները: Առաջիկայում ՏՄՊՊՀ-ը կպարզի ընկերության գործունեության մեջ հնարավոր անբարեխիղճ մրցակցության առկայությունը», - մեր հարցմանն ի պատասխան հայտնեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Գայանե Սահակյանը։ Այսպիսով, հանձնաժողովը կպարզի, թե արդյոք «Հայասի գրուպ» ԲԲԸ-ն խախտել է բարեխիղճ մրցակցության կանոնները, շոտլանդական վիսկիի անվան տակ սպառողներին ինչ-որ անհասկանալի խմիչք  հրամցնելով, թե ոչ: Հիշեցնենք, որ մեր հրապարակումների կապակցությամբ «Հայասի գրուպի» տնօրեն Մ․Մուրադյանը ՕԵԿ-ի ոչ պաշտոնական կայքին՝ «Հարթակին» հայտնել էր, որ «Հայասին» վարկ ունի, սակայն կատարում է իր վարկային պարտավորությունները։ Ըստ նույն աղբյուրի, ընկերությունը շուտով դառնալու է հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն։ Իսկ «Շոտլանդական վիսկին» ապրանքանիշի տակ խմիչք արտադրող ընկերությունը դատի է տվել «Հայասի գրուպին», ինչը այս ընկերությունից կրկին ժխտում են, հայտարարելով, որ նման լուրերը նպատակ ունեն վարկաբեկելու Արթուր Բաղդասարյանին որպես քաղաքական գործչի։