Շահեն Հովասափյանը 38-րդն էր

Շահեն Հովասափյանը 38-րդն էր

«Չբացահայտված հանցագործություններ» շարքից
Ե՞րբ են բացահայտվելու խոշոր պետական գործիչների աղմկահարույց սպանությունները՝ Հենրիկ Խաչատրյանի, Վահրամ Խոռխոռունու, Գագիկ Պողոսյանի, Գեւորգ Մհերյանի, Շահեն Հովասափյանի։ Այս հանցագործությունները չունեն վաղեմության ժամկետ, իսկ բացահայտումը, թերեւս, արդիական կդառնա միայն այն ժամանակ, երբ երկրի պաշտոնական վերնախավը, իրավապահ մարմինների բարձրագույն «սթաֆն» ամբողջությամբ փոխվի, իսկ նրանց տեղը եկած չինովնիկները կարիք չեն ունենա ինչ-որ անձանց պոչերը ծածկելու։ Նրանց պետք կլինի ժողովրդի վստահությունը վաստակել, իսկ դրա ամենակարճ ճանապարհն աղմկահարույց սպանությունների բացահայտումը կլինի։



Երկու Շահեն, երկու հերոս
Հարկային պետական ծառայության օպերատիվ հետախուզության վարչության պետ Շահեն Հովասափյանին կամ, ինչպես նրա ընկերներն էին ասում՝ Պուճուր Շահենին, սպանեցին 2006 թվականի սեպտեմբերի 6-ին, կարիերայի ծաղկուն շրջանում։ Մեծ Շահենը պատերազմի հերոս Շահեն Մեղրյանն էր։ Պուճուր Շահենը եւս պատերազմի հերոս էր, որը, ի տարբերություն շատ հերոսների, արագ հարստացավ, լավ-լավ պաշտոնների շնորհիվ։ Հարկայինում աշխատանքի անցնելուց առաջ նա երկար տարիներ աշխատել էր մաքսային համակարգում, Գուգարքի մաքսատան պետն էր եղել եւ այն ժամանակվա ամենահարուստ ու հաջողակ պաշտոնյաներից էր համարվում։



Հովասափյանի տան մոտ՝ Բայրոնի վրա կայանած մեքենայի պայթյունը եւ Պուճուր Շահենի մահն անսպասելի շոկ էին շատերի համար։ Նա մահացավ իր ծառայողական մեքենայում պայթյունից՝ հեռակառավարման վահանակով ղեկավարվող սարքի միջոցով: Այս գործով մեղադրյալներ էլ եղան։ Հիշվել են հատկապես գնդապետ Արմեն Վիրաբյանն ու նրա եղբայր Գուրգենը՝ «Սեմուր & Կո» ընկերության ղեկավարը։ Գնդապետը 7-րդ վարչության պետն էր՝ Հովասափյանի ենթական եւ ամենամտերիմ մարդկանցից մեկը։ Քննիչների կողմից առաջ քաշված վարկածն ուղղակի ցնցեց անհեթեթությամբ․ եղբայրներն սպանեցին Հովասափյանին այն բանի համար, որ վերջինս, իբր, միտք ուներ աշխատանքից ազատել գնդապետին։ Վիրաբյանների փաստաբան Հովիկ Արսենյանը հիշում է, որ արվել էին բոլոր քննչական գործողությունները, որոնք հնարավոր էր կատարել, որից հետո նախաքննությունն ուղղակի փակուղի մտավ։ Պարզվեց, որ Վիրաբյանները պայթյունի ժամանակ եղել են Եղվարդում, իսկ «պայթուցիկ սարքը», որը հայտնաբերվել էր նրանց մոտ, խաղալիք մոտոյի պուլտ է եղել։ Արսենյանը պատմում է, որ բավականին երկար տեւեց Վիրաբյանների հետապնդումը, մինչեւ որ քննիչներն անցան այլ վարկածների։



Նոր կասկածյալներ եվ էլի՝ «փուստ»
Ուղիղ մեկ տարի անց ձերբակալեցին «կինո Երեւանի» գողականներից մեկին՝ Ապերին (Հայկ Իսրայելյան), որն Ալրաղացի Լյովիկի բարեկամն էր։ Բայց դատախազությունը կրկին բավարար ապացույցներ չհավաքեց, եւ Ապերին էլ բաց թողեցին։ Արդեն պարզ էր, որ գործը չբացահայտվողներից է։ Վերջին փորձը եղավ 2010 թվականին, 3 տարի անց։ Մամուլում լուրեր հայտնվեցին, թե Հովասափյանի սպանության գործով նոր մեղադրյալ կա՝ Մուսկուլ Գագոն, Երեւանի բնակիչ Գագիկ Մաթեւոսյանը, որը դատապարտվեց ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ մահափորձի գործով։ Հարմար էր երկու գործերը միացնել եւ երկու բացահայտում միանգամից ունենալ։ Հետագայում, սակայն, Հովասափյանի գործով Մուսկուլ Գագոյի մասնակցությունը ժխտվեց։ Մի վարկած էլ կա, որի մասին ոչ գրվել է, ոչ էլ իրավապահների ուշադրությանն է արժանացել։



Հովասափյանի սպանությունն ու «թղթի գործը»
Մեր տեղեկություններով, Շահեն Հովասափյանի սպանությունը շաղկապված է մեկ այլ չբացահայտված հանցագործության՝ «թղթի» գործի հետ, որի մասին շատ գրվեց այդ տարիների մամուլում։ 2006 թվականին «Նուբարաշենի» բուժմասում կախվելու միջոցով ինքնասպանություն գործեց կալանավոր Նիկոլայ Ս․-ն: Նա կազմակերպություն ուներ, որի միջոցով փողերի լվացում, չարաշահումներ էին կատարվել, «թղթեր» էին վաճառվում, կոպիտ ասած՝ փողերի լվացում էր կատարվում։ Ահա ինչու ածական ծնվեց՝ «Թուղթ Կոլյա»։ Նիկոլայ Ս․-ն ցուցմունքներ էր տալիս ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից պետական գումարների յուրացմանն առնչվող քրեական գործի շրջանակներում։ Բայց հարցաքննությունները ոչ միայն կալանավայրում էին տեղի ունենում։ Նիկոլայ Ս․-ին պարբերաբար քարշ էին տալիս Գլխավոր դատախազություն։ Դրանք, որոշ տվյալների համաձայն, առնչվում էին բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք ապահովել էին յուրացումների, պետական փողերի թալանի տանիքը։ Նիկոլայի կազմակերպության միջոցով հսկայական գումարներ էին «լվացել»։ Ո՞վ։ Անունները 7 կողպեքի տակ փակ գաղտնիք մնաց, եւ զարմանալի չէ, որ բերդի բուժմասի լողասենյակում կատարված



«ինքնասպանությանը» ոչ ոք չհավատաց։ Սա ընդամենը օֆիցիալ վարկած էր, խիստ կասկածելի։ Չի բացառվում, որ հենց Շահեն Հովասափյանի անունն էր տվել Թուղթ Կոլյան, որից հետո էլ հնչեց պայթյունը Բայրոնի փողոցում։ Չկա մարդ, չկան պոչեր։ Իհարկե, սա վարկած է, կրկին իրավապահ շրջանակներում շոշափվող։ Զարմանալին այն է, որ նույնիսկ այն անձինք, ովքեր պետք է որ շահագրգռված լինեն Քոչարյանի օրոք կատարված հանցագործությունների բացահայտմամբ՝ գլխավոր դատախազը, այն ժամանակվա հարկային ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը, գերադասում են լռել։
Մի՞թե Ձեզ չի հետաքրքրել, թե ով սպանեց ձեր նախկին աշխատողին, օպերվարչության պետ Հովասափյանին, հարցրինք Հարկայինի նախկին պետին։ Ցոլակյանը, որն այսօր Շիրակի մարզպետն է, պատասխանեց․ «Ես ինֆորմացիա չունեմ, չեմ էլ հետաքրքրվել, ինչ որ գիտեի, մտածում էի, ասել եմ այն ժամանակ»։ Ասաց նաեւ, որ որեւէ հետաքննություն չի կատարել, քանի որ օպերատիվ լիազորություն չուներ։ Հովասափյանի սպանությունը 38-րդ չբացահայտված գործն է։