«Ոչ»-ի ճակատն ԱԺ-ում քաղաքական հենարան չունի

«Ոչ»-ի ճակատն ԱԺ-ում քաղաքական հենարան չունի

Հայաստանում հասարակական շարժումներն ու քաղաքական կուսակցություններն անհամատեղելի են: Ասվածի լավագույն ապացույցն են օրերս տեղի ունեցած «ոչ»-ի տարատեսակ փրկչաժողովներն ու երեկ մեկնարկած ԱԺ քննարկումները սահմանադրական բարեփոխումների շուրջ: Թվում էր՝ փրկչաժողովներում քննարկված ինչ-ինչ հարցեր պետք է իրենց տրամաբանական զարգացումն ունենային ԱԺ նիստում, սակայն, ավաղ, ղալմաղալից բացի, ոչինչ ի զորու չեղան անել մեր այն պատգամավորները, ովքեր նախօրեին մասնակցել էին փրկչաժողովներին: Սովորաբար ասում են՝ փրկիչը նաեւ ԱԺ-ում է փրկիչ, բայց, կրկնում եմ, ավաղ, այդպես չեղավ, եւ հիմա մնում է արձանագրել, որ «ոչ»-ի պատգամավորական կորպուսը պարզապես «քցեց» փողոցի իր գործընկերներին, որոնք հինգ հոգով «ոչ»-ի վեց ճակատ են պահում էս շոգին:
Ինչո՞ւ չի ստացվում քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների համագործակցությունը: Պատճառը թերեւս մեկն է՝ Հայաստանում գրանցված քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները, բացի մի քանիսից, բոլորն իրար արժեն: Արժեն այն իմաստով, որ նրանցից յուրաքանչյուրի մեզը յուրովի է պղտոր:



Ես շատ կուզենայի, որ մի համարձակ տղա առաջ գար եւ բացատրեր, թե ինչպես կարող է Եվրամիության դրոշով ռուսական ՀԷՑ-ի դեմ ցույցի գնացող Հայրիկյանը համագործակցել «ռուսական իմպերիալիզմի այնպիսի գործակալների» հետ, ինչպիսիք են «Չեք անցկացնի»-ի ակտիվիստները: Նույնը կարելի է ասել «Ժառանգության» մասին: Ինչպե՞ս կարող է կիսով չափ ամերիկյան, իսկ կիսով չափ ռուսական թեքում ունեցող ուժը տեղավորվել մի ճակատում, որ կոչվում է փրկության ճակատ:
Եվ, առհասարակ, ո՞ւմ կամ ի՞նչ է փրկելու այս խառնիճաղանջ հանրույթը, որ հասցրել է որակվել «հակաբարեփոխական»: Այսօր արդեն հայտնի է, չէ՞, որ հանրաքվեի ժամանակ «ոչ»-ի հաղթանակի դեպքում ընկնելու են ք…ի մեջ, որովհետեւ կանգնելու են ում դարձնել նախագահի թեկնածու անլուծելի հարցի առաջ: Քաղաքական ուժերը, որ հասարակական կազմակերպություններից ավելի շուստրի են, վերջիններիս իսկույն կհեռացնեն գործողությունների բեմից եւ հինգ հոգով վեց թեկնածու առած՝ կգնան նախագահական ընտրությունների: Տառապանքս փորձ ունի: Կարող եմ նույնիսկ ընդդիմության՝ 2018 թվականի նախագահի բոլոր թեկնածուներին թվարկել՝ Պարույր Հայրիկյան, Արամ



Հարությունյան, Րաֆֆի Հովհաննիսյան, հնարավոր է՝ Լեւոն Զուրաբյան, որ շատ խնդրենք՝ Հրանտ Բագրատյան… Հետո նրանք կորոշեն իրենց միջից մեկնումեկին ֆուկ անել եւ հաստատ մի կաֆելչիկ կամ մալյար կգտնեն այդ գործը գլուխ բերելու համար: Պարտադիր չէ, որ այս անգամ էլ Հայրիկյանին ֆուկ անեն, բայց, ամեն դեպքում, ասում են՝ կարկուտը ծեծած տեղն է ծեծում:
Եվ, ուրեմն, ինչի՞ համար է այս ողջ կատակերգությունը: Ավելի լավ չէ՞ ազնվորեն խոստովանել, որ բարեփոխումներին դեմ են, որովհետեւ նախագահի թեկնածու լինելուն են կողմ:



Իսկ հասարակական կազմակերպությունները, որոնք փորձում են փողոցում իշխանությունն իրենց ձեռքը վերցնել եւ ղեկավարել եսակենտրոն ընդդիմադիր քաղաքական ուժերին ու գործիչներին, տակավին այնքան ուժ չունեն, որպեսզի կարողանան նրանց գլուխները նույն կաթսայի մեջ եփել: Ավելին, նույնիսկ հասարակական կազմակերպությունների միջեւ «ոչ» ասելու հարցում համախոհություն չկա, որովհետեւ այդ կազմակերպությունների ծագումն ու դավանանքները թույլ չեն տալիս նրանց համախմբվել:
Այսքանից հետո էլ ի՞նչ միասնական ճակատի մասին են բարբառում «ոչ»-ականները: Ի դեպ, նրանցից մեկը, որ երեկոյան թերթերին ասել էր, թե գնալու են մարզերը եւ «ոչ» քարոզեն, երեկ առավոտյան ձեռնպահ է քվեարկել ԱԺ-ում բարեփոխումների քննարկմանը: