Հայաստանի էկոնոմիկայի դերմատոլոգիան

Հայաստանի էկոնոմիկայի դերմատոլոգիան

Տեսնո՞ւմ եք, որ Խորենացին երիցս ճիշտ էր, երբ գրում էր՝ թեեւ մենք ածու ենք փոքր, բայց մեզանում էլ գրի ու հիշատակության արժանի բաներ շատ կան:



Ահավասիկ՝ Խորենացու ժառանգներից մեկը, Կարեն Ճշմարիտյան անունով, գրի ու հիշատակության արժանի հերթական շեդեւրն է բաց թողել, որ, անտարակույս, տեղ է գտնելու մարդաբանության թանգարանի՝ Հայաստանին վերաբերող ցուցափեղկում:



ՀՀ էկոնոմիկայի նախարարը, իսկ Կարեն Ճշմարիտյանը հենց էկոնոմիկայի նախարար է, այսինքն՝ չեղած բանի նախարար, բլթացրել է, որ ՀՀ կառավարությունը լուրջ հաջողություններ, այդ թվում նաեւ տնտեսական աճ է գրանցել, իսկ եթե հայ ժողովուրդն իր կաշվի վրա չի զգում այդ աճը, ապա դա հայ ժողովրդի խնդիրն է, որ կապված է կաշվի հաստության հետ: Եթե ավելի պարզ՝ ապա Կարեն Ճշմարիտյանը մեզ հաստակաշի է անվանել:



Միշտ այսպես է լինում: Երբ մարդուն պարապ ես թողնում, սկսում է չմտածել եւ կարող է երբեմն-երբեմն այնպիսի «ճշմարտություններ» ասել, որ ոչ ուտես, ոչ խմես, միայն հիանաս:



Վստահաբար՝ հիմարություն է նրա ասածը, բայց ինչքան էլ փորձենք բանի տեղ չդնել միջադեպը, վերագրել այն հայ պաշտոնյայի սովորական նկարագրին, «խելացիությանը» կամ ճարտասանական արվեստին, այդուհանդերձ, դեպքն ինքնին շատ հատկանշական է, որովհետեւ իրենով բացահայտում է ՀՀ կառավարության եւ հայ ժողովրդի միջեւ կապի իսպառ բացակայությունը, ինչն արդեն թե տխուր է, թե ծիծաղելի՝ միաժամանակ:



Հետաքրքիր կլիներ իմանալ, թե մեր ղեկավարները, դիցուք՝ Կարեն Ճշմարիտյանը, իրենց անմիջական շեֆի հետ քանի տոկոսից են սկսում իրենց կաշվի վրա զգալ սեփական խելքով ու ձեռքերով ապահոված տնտեսական աճը: Բանն այն է, որ ավելի հաստակաշի արարած, քան հայ պաշտոնյան է՝ չկա աշխարհում: Ո՞ւմ այսքան թքես-մրես, որ գետինը չմտնի: Բայց մերոնք, ձեւ չկա, ոչ ամաչում են, ոչ էլ մանավանդ կարմրում: Երբ մարդն իր նշանակման օրվանից տեղում չէ, բայց մինչեւ մեռնելը պաշտոնավարում է, դա հետեւանք է հաստակաշվության կամ սրա մյուս տարատեսակի՝ պնդերեսության: Եվ, ուրեմն, իրենք քանի՞ տոկոս աճից են սկսում զգալ, որ մի բան էլ ուրախ-ուրախ զեկուցում են, որ մկան մեզի չափ աճ են արձանագրել:



Իսկ գուցե իրենք այդ աճն ա՞յլ զգայարանով են զգում՝ լսողության, տեսողության, համի: Չգիտեմ: Բայց ես լավ հիշում եմ, թե ինչպես մի անգամ Վլադիմիր Պուտինն իր կառավարությանը «տռաս» էր հանել ու կարգադրում էր՝ մինչեւ ժողովուրդն իր մաշկի վրա չզգա առաջընթացը, ոչ մեկդ տնտեսական աճի մասին չխոսեք, որովհետեւ ես ձեզ չեմ հավատա, մարդիկ կծիծաղեն ձեզ վրա, ձեր զեկույցներն ավելին չեն լինի, քան դատարկ կրակոցները: Եվ պատկերացրեք, նրա կառավարության նախարարներից ոչ մեկի «խելքը չհասավ», որ ասեր՝ ախր, այ Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ի՞նչ անենք, որ ռուսների կաշին հաստ է, ու առաջընթացն իրենց կաշվի վրա չեն զգում:



Որ Հայաստանը նորմալ նախագահ եւ վարչապետ ունենար, Ճշմարիտյանի նման էկոնոմիստները կառավարության մեջ տեղ չէին ունենա: Մարդն իր տեղում չէ, եւ դա ակնհայտ է:



Եվ վերջապես՝ ո՞վ կարող է այսօր պնդել, որ, ի դեմս Կարեն Ճշմարիտյանի, հայ ժողովուրդը չի կորցրել իր լավագույն դերմատոլոգին՝ այդ բառի ժողովրդական, ասել է՝ ամենաիսկական իմաստով: