Ես աշխատանք չեմ տեսնում, որ աշխատանքային լարվածության խնդիր տեսնեմ

Ես աշխատանք չեմ տեսնում, որ աշխատանքային լարվածության խնդիր տեսնեմ

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության դե ֆակտո ղեկավար Զարուհի Փոստանջյանը, ըստ ընթացակարգի, ներկայացրել է իր դիմումն ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, որ իրեն դե յուրե «վավերացնի» որպես խմբակցության ղեկավար։ Ընթացակարգը, սակայն, պահանջում է, որ խմբակցությունը նիստ հրավիրի եւ նիստով առաջադրի խմբակցության ղեկավարին։ Փոստանջյանը մեզ հետ չցանկացավ այս թեմայով զրուցել, միայն նշեց, որ խմբակցությունը ներկայացնում է ինքը, ընթացակարգն էլ, ինչպես որ հարկն է, ինքը պահպանել է։



Նույն խմբակցության ոչ ժառանգական անդամ Թեւան Պողոսյանը, որը, հակառակ Փոստանջյանի, կողմ է քվեարկել սահմանադրական փոփոխությունների նախագծին, ասաց, որ ինքն անվստահության մթնոլորտ է տեսնում խմբակցության ներսում, ուստի չի պատրաստվում նիստ հրավիրել եւ նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Իսկ ո՞վ պետք է նախաձեռնի։ «Ցանկացած մեկը կարող է նախաձեռնել, բայց ես իմ դիրքորոշումն ասացի։



Ի վերջո, մարդիկ պետք է հասկանան, որ բարոյականությունն ու պարկեշտությունը նույնպես արժեք են, որոնց պետք է ապավինել»,-ասաց նա։



- Այս պահին, փաստորեն, խմբակցության դե յուրե ղեկավար գոյություն չունի, ճի՞շտ է։



- Չկա խմբակցության ղեկավար, բայց, այնուամենայնիվ, խմբակցությունն իր պարտականությունները կատարելու շրջանակներում բոլոր ֆորմալ մեխանիզմները կան, որ իրականացվեն դրանք։



- Բայց Դուք, այնուամենայնիվ, համարվում եք խմբակցության անդամ եւ ներկայացնում եք «Ժառանգություն» խմբակցության տեսակետը, եւ այս առումով որեւէ հետքայլ չկա՞ Ձեր կողմից։



- Ես որ՝ չեմ պատրաստվել որեւէ խնդիր առաջացնեմ։ Այն, ինչ որ եղել է նախընտրական ծրագրում՝ սկսած հենց նույն սահմանադրական բարեփոխումներից, այն, ինչի մասին որ խոսացել էի, այդ բոլոր ուղղություններով ես շարունակելու եմ աշխատել։



- Խնդիրը միայն Զարուհի Փոստանջյանի՞ մեջ էր, կամ ի՞նչն էր պատճառը, որ այսպես փլուզվեց խմբակցությունը։



- Բոլորի մեջ կա անվստահություն, կարող է նաեւ իմ մեջ կա խնդիր հիմա, ես չգիտեմ։



- Դուք խնդիր ունե՞ք անձամբ Փոստանջյանի հետ, ձեր հարաբերություններն ինչպե՞ս են։



- Ես չեմ ցանկանում որեւէ անձնական դաշտի մեջ խնդիրների հարցը քննարկել, արդեն պետք է իրենք ամեն ինչով նպաստեն, որ աշխատանքային մթնոլորտի խնդիր ձեւավորվի։



Եթե աշխատանքային մթնոլորտ չի ձեւավորվում, ամեն մարդ թող ոչ թե մեղքը բարդի ուրիշների վրա, որ իշխանությունները սենց արեցին, մյուսները սենց արեցին, այլ ամեն մեկն իր համար թող մի հատ ինքը հարցնի՝ իսկ ես ի՞նչ արեցի, որ էս վիճակը ձեւավորվեց։



- Դուք արե՞լ եք ինչ-որ բան, Ձեր մեղքի բաժինը զգո՞ւմ եք։



- Բնականաբար, միգուցե հենց էն առումով, որ ժամանակին փափուկ եմ եղել, որ ինչ-որ հարցերում ավելի կոշտ դիրքորոշում չեմ ցուցաբերել։



- Այդուհանդերձ, աշխատանքային հարաբերություններում լարվածություն կամ անհամաձայնություն կա՞ Ձեր եւ տիկին Փոստանջյանի միջեւ։



- Ես աշխատանք չեմ տեսնում, որ աշխատանքային լարվածության խնդիր տեսնեմ։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ