Քաղաքագրություն. գրչությունը Երեւանում, մաս 2

Քաղաքագրություն. գրչությունը Երեւանում, մաս 2

Երեւանում 17-րդ դարի առաջին կեսում հայտնի գրիչներից էր նաեւ Մովսես Սյունեցու մի ուրիշ աշակերտը՝ Մինաս գրիչը, որը ծագումով երեւանցի չէր եւ գրչության արվեստով է զբաղվել պատկառելի տարիքում՝ 60 տարին բոլորած։ 



Նա Երեւանի Սբ. Անանիա անապատում, դարձյալ Սովսես Սյունեցու հովանավորությամբ, 1626 թվականին ընդօրինակել է ժամագիրք։ Իր արտագրած ժամագրքի վերջում գրիչ Մինասը թողել է մի բավական ընդարձակ հիշատակարան, որը կարեւոր տեղեկություններ է պարունակում նաեւ Մովսես Սյունեցու գործունեության մասին։ Ինչպես տեսնում ենք, Մինաս գրիչը եղել է Մովսես Սյունեցու աշակերտներից մեկը։ Նա իր այդ հիշատակարանում նշում է գրչության արվեստով զբաղվելու ժամանակի ու հանգամանքների մասին։ Ըստ երեւույթին, Մինասը եւս ծագումով Երեւանից չէր, բայց շատ երկար ժամանակ էր ապրել այնտեղ՝ մանուկ հասակից, երբ ուրիշ շատերի հետ միասին աշակերտում էր Մովսես Սյունեցուն, մինչեւ ծերության տարիքը, երբ վճռում է զբաղվել գրչության արվեստով։ Գրչի սովորական համեստություն է նրա կողմից հիշատակարանում արվող այն հայտարարությունը, թե ինքը ծերության պատճառով իր ընդօրինակած ձեռագրում թույլ է տվել պակասություններ եւ խնդրում է ընթերցողներից ներել ու սիրալիր լինել։



Հենց միայն մեջբերված հիշատակարանի սահուն ու պատկերավոր աճը եւ շարադրանքի գեղեցկությունը բավական են, որպեսզի Մինասին համարենք իր ժամանակի բարձր գրագիտություն ու գիտելիքներ ստացած անձնավորություն, Մովսես Սյունեցու արժանավոր աշակերտ։ 1630-1640-ական թվականներին Երեւանում գրչության արվեստի գծով մեծ գործունեություն էր ծավալել Մկրտիչ գրիչը, որը նույնպես Մովսես Սյունեցու աշակերտներից էր եւ գրչությամբ զբաղվում էր վերջինիս ու Փիլիպոսի կաթողիկոսության շրջանում։



Միանգամայն պարզ է, որ Մկրտիչ գրիչն այդ ժամագիրքն ընդօրինակել էր 1631 թվականին, Մովսես Սյունեցու կաթողիկոսության օրոք, Երեւանի եկեղեցիներում։ Նրա գրչական հաջորդ գործն է եղել Փիլոն փիլիսոփայի աշխատանքների ընդօրինակումը։ Այդ ձեռագրի վերնագիրն է՝ «Փիլոնի իմաստասիրի Եբրայեցւոյ գործք յաղագս նախախնամութեան», եւ, ըստ գրչի թողած փոքրիկ հիշատակարանի, ընդօրինակված է Երեւանի Կաթողիկե եկեղեցում, Փիլիպոս կաթողիկոսի օրոք, 1646 թվականին։



Դրանցով չեն ավարտվում Մկրտիչ քահանայի գործերը։ 1658 թվականին Երեւանի Աբ. Անանիա անապատում գրիչ քահանան նորոգել է Գրիգոր Տաթեւացու «Քարոզգիրքը»։ Նա իր հիշատակարանում գրում է, որ ինքն այդ գործը կատարել է «յանապատս Երեւանայ, առ շիրիմին նշխարաց մեծի առաքելոյն Անանիայի, ի կաճառս բազմակոյտ եղբար…»։
Երեւան քաղաքի պատմությունը