Էրդողանը մեռավ, կեցցե Դավութօղլուն

Էրդողանը մեռավ, կեցցե Դավութօղլուն

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ է տարել իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը: Քաղաքական ճգնաժամը կարծես թե հաղթահարված է. չափավոր իսլամականները կարող են միակուսակցական կառավարություն կազմավորել:



Մեկնաբանների մեծ մասը համարում է, որ Թուրքիայի նախագահին հաջողվել է վերադարձնել հունիսի 7-ի ընտրություններում կորցրածը: Նա կառավարություն նշանակելու հարցում չի ունենա ընդդիմադիր կուսակցությունների կարիքը: Էրդողանի համար, սակայն, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կարող են քաղաքական մահվան պատճառ դառնալ:



Նոյեմբերի 1-ի քվեարկությամբ Էրդողանին չի հաջողվել լուծել երկու կարեւորագույն հարց: Առաջինը Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության խորհրդարանում ներկայացվածությունն է: Հունիսի 7-ից հետո 45-օրյա ժամկետում կոալիցիոն կառավարության հարցում համաձայնության չհանգելը մի շարք վերլուծաբաններ համարել էին արհեստական եւ նկատել տվել, որ Էրդողանը հետեւողականորեն գնում է արտահերթ ընտրությունների, որպեսզի քրդամետ ԺԴԿ-ն չհաղթահարի 10 տոկոսի արգելանքը:



Նոյմեբերի 1-ի քվեարկության արդյունքներով ԺԴԿ-ն արգելանքը հաղթահարել է եւ խորհրդարանում ներկայացված կլինի: Մեկնաբաններից ոմանք կանխատեսում են, որ այն արդեն հանդես կգա որպես ՛՛ռեգիոնալ քրդական կուսակցություն՛՛, իսկ դա նշանակում է, որ Թուրքիայի խորհրդարանում քրդերը կունենան ֆորմալ ձեւակերպված ներկայացվածություն: Պատկերավոր ասած՝ Թուրքիայի խորհրդարանն արդեն իսկ ՛՛ֆեդերալ է՛՛:



Եկրորդ լուրջ պարտությունն այն է, որ Էրդողանը չի ունենա սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու համար բավարար ձայներ: Որպեսզի սահմանադրությունը փոխվի, Թուրքիան դառնա նախագահական կառավարման երկիր, հարկ է,որ նախագծի օգտին քվեարկի խորհրդարանի երկու երրորդը: Իշխող կուսակցությունն այդքան մանդատ չի ունենա, իսկ այլ ուժերի հետ համաձայնության գալոու հավանականությունը չափազանց քիչ է: Ոչ ոք չի ուզում Էրդողանին օժտել դիկտատորական լիազորություններով:



Այս իրավիճակում, թվում է, շահում է վարչապետ Դավութօղլուն, որը նաեւ դարձել է իշխող կուսակցության դե-յուրե առաջնորդը: Եւ եթե ճգնաժամի փուլում լսվում էր միայն նախագահ Էրդողանի ձայնը, ապա պարզ չէ, թե կառավարություն կազմավորելուց հետո ինչպես են դասավորվելու նրա եւ Դավութօղլուի հարաբերությունները:



Սահմանադրությամբ գործադիր իշխանության ղեկավար եւ պետության փաստացի առաջին դեմք է վարչապետը: Կհամակերպվի՞ այդ իրավիճակին Էրդողանը: Իսկ եթե չհամակերպվի՝ ինչպիսի՞ն կլինի Դավութօղլուի արձագանքը՝ սա շատ էական խնդիր է: Նվազ կարեւոր չէ նաեւ արտաքին գործոնների հանգամանքը: Ինչպե՞ս են Թուրքիայի հետ հարաբերվելու ԱՄՆ-ը, Եվրամիությունը եւ Ռուսաստանը, մյուս երկրները: Նրանք Էրդողանի՞ն են ճանաչելու Թուրքիայի առաջնորդ, թե՞ վարչապետին:



Հնարավոր է, որ Էրդողանն անսպասելի քայլ կատարի եւ կառավարություն կազմավորելու մանդատ Դավութօղլունի չտա: Վերջին ժամանակներս բավական աշխույժ դերակատարություն ունի իշխող կուսակցության փոխնախագահ Չավուշօղլուն: Բացառված չէ, որ նա վարչապետի թեկնածու է դիտվում:



Հնարավոր է, որ Արդարություն եւ զարգացում կուսակցության ֆորմալ հաղթանակը սադրի ներքին դիմակայություն: Այս դեպքում շատ բան կախված կլինի Դավութօղլուի նպատակասլացությունից եւ կազմակերպչական ունակություններից: Աներկբա է, որ Էրդողանի՝ որպես ամբիցիոզ քաղաքական գործչի, դարաշրջանը փակվում է: Նա չկարողացավ դառնալ Թուրքիայի ՛՛դեմոկրատական սուլթան՛՛: 



Դավութօղլուն Էրդողանի քաղաքական մահախոսականը կարդալու բացառիկ հնարավորություն է ստացել: Ըստ երեւույթին, թուրքական հանրությունը պատրաստ է բացականչել՝ Էրդողանը մեռավ, կեցցե Դավութօղլուն…



Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ