Գալուստ Սահակյանն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

Գալուստ Սահակյանն ընդունել է Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 2-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությանը:



Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ԱԺ մամլո ծառայությունից։

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Վալենտինա Մատվիենկոյին՝ Շարմ Էլ Շեյխից Սանկտ Պետերբուրգ թռիչքն իրականացնող ինքնաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ, որը հարյուրավոր մարդկային զոհերի պատճառ է դարձել. ԱԺ նախագահի առաջարկով ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են զոհվածների հիշատակը:



Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ և ռուս ժողովուրդներին միավորում են բարեկամական բազմադարյա հարաբերությունները, որոնք ամուր հիմք են երկու պետությունների միջև գոյություն ունեցող ռազմավարական փոխգործակցության համար:



Գալուստ Սահակյանը կարևորել է երկու պետությունների միջև սերտ կապերն ու փոխգործակցությունը, քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև մշակութային, կրթական, գիտական շփումները:



Բարձր գնահատելով համատեղ աշխատանքը՝ պարոն Սահակյանը կարևորել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նշանակությունը հայ-ռուսական միջպետական կապերի զարգացման գործում:



Խոսելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունից՝ Գալուստ Սահակյանը նշել է, որ այն լայն հնարավորություններ է ստեղծել երկու երկրների միջև երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար: Այս համատեքստում ԱԺ նախագահը նշել է, որ երկու խորհրդարանների կարևոր խնդիրներից է օրենսդրության ներդաշնակեցումը, որը կնպաստի տնտեսական ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը:



Անդրադառնալով տարածաշրջանային հարցերին՝ Գալուստ Սահակյանն ընդգծել է Ռուսաստանի կառուցողական դերակատարությունը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում:



Խորհրդարանի ղեկավարը նշել է, որ դեկտեմբերի 6-ին կայանալիք ՀՀ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին հայկական կողմն ակնկալում է, որ ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը դիտորդական առաքելությամբ կմասնակցի այդ հանրաքվեին:



ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին ցավակցության համար:



Վալենտինա Մատվիենկոն գոհունակությամբ նշել է, որ երկու երկրների հարաբերություններն առավել զարգանում և որակական նոր փուլ են թևակոխում: Այս համատեքստում տիկին Մատվիենկոն կարևորել է Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցությունը:



Նա ընդգծել է, որ հայ և ռուս խորհրդարանականներն ակտիվ համագործակցում են միջազգային խորհրդարանական հարթակներում, մասնավորապե ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովում, ՀԱՊԿ ԽՎ-ում և ՍԾՏՀ ԽՎ-ում:



Երկու երկրների հարաբերություններում տիկին Մատվիենկոն կարևորել է նաև հումանիտար և մշակութային համագործակցությունը, որոնք ունեն խոր պատմական արմատներ:



Անդրադառնալով ՀՀ սահմանադրական փոփոխությունների գործընթացին՝ Վալենտինա Մատվիենկոն նշել է, Ռուսաստանը հասկանում է, թե ինչ կարևոր նշանակություն ունի հանրաքվեն Հայաստանի քաղաքական կյանքում և մասնակցություն կունենա դիտորդական առաքելության հարցում:



Կողմերը կարևորել են առաջիկայում Երևանում կայանալիք ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 27-րդ նիստը, որի օրակարգում ընդգրկված են հայ-ռուսական մշակութային և զբոսաշրջության ոլորտներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:



ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:



Հանդիպման ավարտին Վալենտինա Մատվիենկոն միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար Դաշնային խորհրդի 25-ամյակին նվիրված հուշամեդալ է հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին: ՌԴ Նախագահի կարգադրությամբ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցության և բարեկամության ամրապնդման, միջխորհրդարանական ու մշակութային հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար «Բարեկամություն» շքանշանով պարգևատրել են ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավոր Վոլոդյա Բադալյանը ու «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ ղեկավար Արամ Սաֆարյանը: ՌԴ Նախագահի հանձնարարականով տիկին Մատվիենկոն շնորհակալագրեր է հանձնել ռուս-հայկական համագործակցության զարգացման և երկկողմ միջխորհրդարանական կապերի ամրապնդման գործում ունեցած ներդրման համար ԱԺ պատգամավորներ Հովհաննես Մարգարյանին, Ալեքսան Պետրոսյանին և ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանին:



Վալենտինա Մատվիենկոն, շնորհավորելով պարգևատրվածներին, բարձր է գնահատել նրանց գործունեությունը միջազգային խորհրդարանական հարթակներում:



ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն նոյեմբերի 2-ին խորհրդարանում ունեցած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ ճեպազրույցով՝ ամփոփելով հանդիպման արդյունքները:



Այնուհետև խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», տնկել են հայ-ռուսական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղևնի: