Լավ է արել Բակո Սահակյանը

Լավ է արել Բակո Սահակյանը

«Ռեգնում» գործակալության մոսկովյան գրասենյակում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի աղմկոտ հայտարարությունները որոշակի սպասումներ են առաջ բերել քաղաքական շրջանակներում:



Սահակյանը Մոսկվայում հայտարարել է, որ Ստեփանակերտի օդանավակայանը կարող է կիրառվել ՌԴ օդուժի կողմից Սիրիայում հակաահաբեկչական գործողությունների ժամանակ՝ պատասխանելով գործակալության ղեկավար Մոդեստ Կոլերովի հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ Ստեփանակերտի օդանավակայանը շահագործման հանձնելուց հետո Ղարաբաղը միանա Միջին եւ Մերձավոր Արեւելքում հակաահաբեկչական կոալիցիայի գործողություններին։ «Հակաահաբեկչական գործողություններին մասնակցելու հարցը մենք պատրաստ ենք քննարկել այն բանից հետո, երբ օդանավակայանը հանձնվի շահագործման»:



Նկատենք, որ հարցն ուղղելիս Կոլերովը չի հնչեցրել «Սիրիա» տեղանունը, չի հստակեցրել նաեւ, թե խոսքը ռուսակա՞ն, թե՞ արեւմտյան կոալիցիայի մասին է:



Բակո Սահակյանը շեշտել է, որ Արցախն արդեն իսկ մասնակցում է միջազգային ահաբեկչության դեմ պայքարին՝ Ադրբեջանի դիվերսիաներին դիմագրավելով:



Հայկական մեդիայում Բակո Սահակյանի այս հայտարարությունը հակասական մեկնաբանությունների տեղիք տվեց. հայ վերլուծաբաններից ոմանք այն որակեցին որպես արկածախնդրություն: Մինչդեռ քաղաքական կուլիսներում խոսակցություններ կան, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանի այդ հայտարարությունը «հենց այնպես» լինել չէր կարող: Չի բացառվում, որ այդ հայտարարության միջոցով Ռուսաստանը նպատակ է հետապնդել շանտաժ անել Ադրբեջանին՝ հենց այդ երկրի տարածքում ահաբեկչության դեմ պայքարի մի օջախ ստանալով, մինչդեռ վտանգավոր հայտարարությունը ենթադրում է նաեւ հատուցում, ինչին էլ սպասում են հայաստանյան շրջանակները։ Թերեւս այս սպասողական իրավիճակն է պատճառը, որ ընդդիմադիր շրջանակները երեկ չէին ցանկանում կտրուկ գնահատականներ հնչեցնել:



Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանի կարծիքով, Ղարաբաղի օդանավակայանը կարեւոր է Ռուսաստանի համար, հարցն օրակարգ բերելով, Ռուսաստանը փորձարկում է այն օգտագործելու գաղափարը: «Ռուսաստանը կուզենար օգտագործել հայաստանյան իր բազան կամ օդանավակայաններից մեկը Հայաստանի, բայց երեւի նաեւ գիտակցում է, թե ինչ բարդ վիճակում կարող է հայտնվել Հայաստանը, եթե այդպիսի անխոհեմ քայլի դիմի: Ուստի քննարկվում է, հավանաբար, Ղարաբաղի՝ ավելի չեզոք տարբերակը, ինչն այս պահին ամբողջովին համընկնում է Ղարաբաղի մոտեցումների հետ… Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման եւ Ղարաբաղի միջազգային սուբյեկտ դառնալու ճանապարհին սա նորմալ մոտեցում է: Եվ Ղարաբաղը գինն ասում է: Ասում է. ապահովեք՝ շահագործենք եւ դրանից հետո կքննարկենք»:



Իսկ այդպիսով Ղարաբաղն ահաբեկիչների թիրախ չի՞ դառնա։ «Այսօրվանից ասել, որ թիրախ կդառնա Լեռնային Ղարաբաղը, չեմ կարծում որ...»: Արզումանյանի կարծիքով՝ քայլ առ քայլ պետք է մոտենալ օդանավակայանի բացմանը եւ տեսնել դրան հետեւող արդյունքները:



«Լավ է արել Բակո Սահակյանը, որ այդպես է պատասխանել իրեն տրված հարցին Արցախի օդանավակայանի վերաբերյալ: Երկու կարեւոր բան է փաստել` օգնեք օդանավակայանն աշխատեցնել, ու որ պատրաստ ենք քննարկել»,- կարծում է «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը: «Վստահ եմ, որ առաջին մտքի հետ կապված՝ շատերը պետք է գիտակցեն, որ իրենք էլ ունեն խնդրին օգնելու դեր` եթե չանեն երեք համանախագահներով, ապա կյանքը կարող է ստիպել միայն մեկով անելու: Դե, թող տեղից շարժվեն ու խոսելու տեղը երեք համանախագահներով, իրենց հենց շահերից դրդված, ներգրավվեն ու օդանավակայանի շահագործումն իրականացնեն: Մի պարզ ճշմարտություն կա` վակուումը երկար դատարկ չի մնում եւ լցվում է (կարող են երեքով լցնել), կամ այն ինչ-որ մեկն է լցնելու: Իսկ երկրորդ հարցը հենց այն է, որ երկար փորձում ենք աշխարհին բացատրել, որ Արցախը կայացած միավոր է եւ միշտ պատրաստ է քննարկումների ու բանակցությունների: Իսկ թե ինչ կորոշվի, կյանքը ցույց կտա: «Երբեք չբանակցենք վախից դրդված, սակայն երբեք չվախենանք բանակցելուց». Քենեդու այս խոսքերն իսկապես մեզ համար են»: Փոխարենը Գալուստ Սահակյանը չի հավատում, որ նման հայտարարություն է եղել. «Բակոն նման հայտարարություն չի արել, այլ ընդամենը խոսել է՝ կապված Ղարաբաղի խնդիրների հետ: Իսկ ինչ վերաբերում է ահաբեկչությանը, ահաբեկչության հիմնական թիրախը հենց Ղարաբաղն է: Չխոսե՞ր Ղարաբաղի մասին»:



Գալուստ Սահակյանի խոսքով՝ Ստեփանակերտի օդանավակայանում նման ռազմական հնարավորություններ էլ չկան, որ այդ մասին խոսեն: «Պարզապես ռուսական միջավայր է, այնտեղ էլ դիմություն-ընդդիմություն կա, փորձել են ինչ-որ մի բան քննարկելի դարձնել: Ադրբեջանամետության գաղափարախոսությունը տեղադրել են այդ նույն հարցազրույցի մեջ, մերոնք էլ փորձել են այդ նույն ճանապարհով գնալ»,- կարծում է նա։



ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանն էլ ողջունեց Բակո Սահակյանի հայտարարությունը. «Ես կարծում եմ, որ Եվրոպան պետք է հասկանա, թե հայ ժողովուրդն ինչպես է գոյատեւել, ինչպես պահել է իր պետությունը բոլոր այդ մուսուլմանական կազմակերպությունների մեջ, դա պետք է հասկանա, մինչեւ չհասկանա, չի կարող Եվրոպայում լավ բան լինել»:



Հայտարարությունը մեզ համար վտանգավոր չի՞ կարող լինել։ «Ընդհանրապես, բոլոր այդ մուսուլմանական շարժումները, պետությունների քանդվելը վտանգավոր են ոչ միայն մեր, այլեւ ամբողջ աշխարհի համար: Դրա վկայությունը փարիզյան դեպքերն են»: Պատգամավորը կարծում է, որ ահաբեկչական այս ակտերն ավելի կխորանան, «մինչեւ աշխարհը չհասկանա, թե ում հետ գործ ունի»:



ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն էլ զարմանում է. «Ինչ է՝ մենք ահաբեկչությունների դեմ չե՞նք ուզում պայքարել: Բակո Սահակյանը լրիվ այլ երկրի նախագահ է եւ իր երկրի հնարավորությունները հաշվի առնելով՝ հայտարարություններ է անում»: