Հետո էլ բանտում կմահանա, կասեն՝ հիվանդությունից է մահացել. կալանավորի մայրն անհանգստացած է

Հետո էլ բանտում կմահանա, կասեն՝ հիվանդությունից է մահացել. կալանավորի մայրն անհանգստացած է

«Ամբողջ աղիքները ինֆեկցիայի, թարախի մեջ կորած է: Երկու օր առաջ էլ նորից տարել են Էրեբունի բժշկական կենտրոն, սիստեմա են միացրել, բերել են, էլի անտեր գցել են: Հիվանդություն ունի թոքերի՝ բացիլային հիվանդություն, Աբովյանում պառկած է եղել: Զանգում եմ, գնում եմ բժշկին ասում եմ, որ հիվանդ է, ամբողջ ներվային համակարգը խախտված, թուլացել է, խփել է պարալիճն ամբողջ դեմքով: Ինձ էլ պատասխանում են, որ իր թոքերը մեր թոքերից լավ է, մինչդեռ նորմալ չի կարողանում շնչել».- տիկին Արևհատը կալանավոր Գևորգ Տոնեյանի մայրն է, որդու առողջությամբ անհանգստացած զանգահարել էր Hraparak.am-ի խմբագրություն: Կյանքի միայն վերջին օրերն ազատության մեջ անցկացրած Սողոմոն Քոչարյանի օրինակն ունենալով՝ տիկին Արևահատը նշեց. «Հետո էլ բանտում կմահանա, կասեն հիվանդությունից է մահացել: Աղիքներն արնահոսել է, մահամերձ վիճակում է եղել, ասել են, որ պետք է բուժել: Էրեբունին էլ գումարով է, մեկ ժամ էլ չեն պահի: Անտերության է մատնված»:



Կալանավորի մայրը հաշմանդամ կին է, թոշակառու, պատմում է, որ որդին կալանավայրում նույնպես հացադուլ է իրականացրել, իսկ հիմա վիճակն այնքան վատ է, որ գնում է տեսակցության, որդին չի կարողանում գալ.«Նոր վարչություն էի խոսում, ասում են, որ մենք այդ կալանավորին գիտենք, ամեն ինչ անում ենք, բայց... ես էլ հաշմանդամ կին եմ, զանգում եմ, գնում եմ այնտեղ տեսակցության, բայց վիճակն այնքան վատ է, որ չի կարողանում իջնել, բժիշկն էլ ասում է՝ այս դեղն է պետք, այն դեղն է պետք: Գնում եմ բերում եմ թոշակով, դեսով-դենով, տանում եմ, հասցնում եմ... երկու ծխախոտ տանում, հասցնում եմ, 9 ամիս այդ վիճակն է: Գլխավոր բժիշկ Հարությունյան կա, ագրեսիվ է տրամադրված շատ, իրար հետ վիճել են, գնացել եմ բժշկի մոտը, ասել եմ՝ եթե երեխաս մահանա, դուք եք պատասխանատուն լինելու»:



Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Hraparak.am-ին հայտնեց, որ Գևորգ Տոնեյանը համապատասխան բուժում է ստանում: Կալանավորի մասին մեզ հայտնեցին, որ վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը , մի խումբ անձանց, կազմակերպված խմբի կողմից) և 324 հոդվածի 2-րդ մասով (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ հափշտակելը կամ վնասելը, Պաշտոնական փաստաթղթեր, դրոշմներ կամ կնիքներ հափշտակելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով կամ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով):



«Նոյեմբերի 15-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Գևորգ Գառնիկի Տոնեյանը բուժզննման է ենթարկվել «Էրեբունի» Բ/Կ-ում: Կալանավորը խորհրդատվության է ենթարկվել վիրաբույժի, գաստրոէնտերոլոգի, ռեանիմատոլոգի կողմից. կատարվել է թոքերի ռենտգեն հետազոտություն, գաստրոսկոպիա, էլեկտրասրտագրություն և արյան հետազոտություն, ինչի արդյունքում վիրաբուժական պաթոլոգիան ժխտվել է: Հիվանդի մոտ ախտորոշվել է հեմորագիկ էրոզիվ գաստրիտ և դուոդենիտ: Նույն օրը կալանավոր Գ. Տոնեյանը վերադարձվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկ. այժմ գտնվում է հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի ստացիոնարում և ստանում է համապատասխան բուժում».- հաղորդում է Գոռ Ղլեչյանը: