Ձախողված, իրեն խայտառակած իշխանությունից լավ բան սպասելը դժվար է

Ձախողված, իրեն խայտառակած իշխանությունից լավ բան սպասելը դժվար է

Արձակագիր Սուսաննա Հարությունյանը չի կարծում, թե մեր կյանքի թերությունների պատճառը Սահմանադրությունն է, որովհետեւ Սահմանադրությունն ինչքան էլ կատարյալ լինի, միեւնույն է՝ ապրողը եւ իրագործողը մենք ենք։ «Չեմ կարծում, թե ինչ-որ կերպ փոփոխություն կմտցնի մեր կյանքում, հատկապես, որ մինչեւ հիմա ինչը գովերգել են, որ ճիշտ է, լավ է, փոխենք, ընդունենք, ընդամենը ավելորդ քաշքշուկի բան է դարձել, եւ ոչ մի բան չի փոխվել դեպի լավը։ Դրա համար քիչ հավանական է, որ Սահմանադրության փոփոխությունն ինչ-որ բան կփոխի»,-ասաց նա, ապա հավելեց, որ ինքն առանձնակի հույսեր չի կապում նոր Սահմանադրության հետ, եւ նորմալ ապրելու համար մեր ունեցած Սահմանադրությունն էլ վատը չէ. «Նորմալ Սահմանադրություն է, ի՞նչ է եղել, բայց եթե այն չի գործում, օրենքները չեն պահպանվում այդտեղ, մեղքը Սահմանադրությանը չէ, թղթի վրա ինչ ուզում ես գրի, վերջին հաշվով՝ մարդիկ են հորինում օրենքները, դրա համար չեմ կարծում, թե նոր բան կփոխվի դրանից»։ 



Ինչ վերաբերում է ընդդիմությանը, որը միավորվել է «Ոչ-ի» ճակատի մեջ, ապա, ըստ Հարությունյանի, մեզանում վաղուց ցանկացած ընդդիմություն դեկորատիվ բնույթ է կրում. «Այսինքն՝ ընդդիմությունը գոյություն ունի այնքան ժամանակ, քանի դեռ ամեն ինչ խոսքով է ասվում՝ գոռալ-ճվալու տեղն է, իսկ երբ գործնական ինչ-որ բան պետք է արվի, ընդդիմությունը դառնում է խաղալիք իշխանության ձեռքին»։ Արձակագիրը չի կարծում, թե հանրաքվեն բոյկոտելը ու հանրաքվեին չգնալը ճիշտ է, որովհետեւ, միեւնույն է, մարդկանց մի մասը կգնա, եւ այդպես կեղծելու հնարավորությունը շատ ավելի կմեծանա։



«Քանի որ այս իշխանությունն իր ցանկացած ձեռնարկում, ի վերջո, ավարտում է ձախողումով, ժողովրդի մեջ մի մաս կա, որին բացարձակ չի հետաքրքրում՝ լավն է, վատն է, ինչն է փոխվելու, որովհետեւ, եթե այս փոփոխությունն իրենք են նախաձեռնել, ուրեմն հաստատ ինչ-որ դավադրություն կա տակը թաքնված։ Կարեւոր չէ, թե մեջն ինչ կա, վերջին հաշվով, այդ թղթերը չեն ապրելու, կարեւորը՝ ովքեր են իրագործողը, իսկ իրագործողը մենք ենք։ Ձախողված, իրեն խայտառակած իշխանությունից լավ բան սպասելը դժվար է, եթե անգամ իրենք ճիշտ բացատրություններ տան, կասկածով է ընդունվելու. եթե վստահություն չկա՝ չկա։ Իրենք շատ հաճելի բացատրում են, որ սա լավ կլինի, բայց չէ՞ որ այդ լավը կարող էր այս 25 տարիներում իրեն դրսեւորեր, պարտադիր չէ Սահմանադրություն փոխել, որ նոր սկսես ազնիվ լինել կամ գոնե ապազգային չլինել։ Այնպես որ, հին Սահմանադրությունն էլ ճիշտ ապրելու դեպքում ոչնչով չէր սահմանափակում կամ վնասում մեզ»,-ասաց նա, ապա նկատեց, որ քարոզարշավին հատկացված 1 մլրդ. 800 մլն.-ով կարելի էր մի գյուղ հիմնել կամ այլ կարեւոր հարցեր լուծել։