Ճիշտ կազմված Սահմանադրությունն արատավոր երեւույթներին տեղ չի թողնում

Ճիշտ կազմված Սահմանադրությունն արատավոր երեւույթներին տեղ չի թողնում

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի նախաձեռնությամբ նոյեմբերի 27-ի երեկոյան Ազատության հրապարակում տեղի է ունենալու համերգ՝ «Դեկտեմբերի 1-ին ընդառաջ. միասնությունը ուժ է» խորագրով: Ելույթ են ունենալու Ռուբեն Հախվերդյանը, Էդուարդ Զորիկյանը եւ Լիլիթ Պիպոյանը: 



Երաժիշտ, հեղինակ-կատարող Լիլիթ Պիպոյանը մեզ հետ զրույցում նշեց, որ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամ չէ, բայց այս դեպքում իր կարծիքը համընկնում է նրանց կարծիքի հետ, եւ, բացի այդ, համերգի ընթացքում հնարավորություն կստանա մարդկանց հետ շփվելու։ Պիպոյանին նոր Սահմանադրության մեջ երկու բան է շատ անհանգստացնում, մեկը կառավարման ձեւի փոփոխության հետեւանքով բանակի գլխավոր հրամանատարի հարցն է, որը երկրի համար վճռորոշ պահերին արագ կերպով չի կարողանալու արձագանքել իրավիճակին։ «Ինձ ընդհանրապես նաեւ այսօրվա միջազգային դրությունն է անհանգստացնում, ես գտնում եմ, որ հիմա փոփոխություն անել չի կարելի, ընդհանրապես դեմ չեմ Սահմանադրության փոփոխմանը, ինչ-որ մի ժամանակ կարելի է փոխել՝ մի քիչ ավելի խելացի ձեւով, բայց հիմա չի կարելի անել, որովհետեւ դա իր հետեւից բերելու է երկար-բարակ համակերպվելու, հասկանալու, այդ ամեն ինչը կարգի գցելու ընթացք, որն այսօրվա միջազգային դրության պայմաններում վտանգավոր է։ Փոփոխությունն ինքը երկարատեւ պրոցես է, եւ դրանից հետո որոշ ժամանակ խառնաշփոթ է լինելու, ինչն էլի անհանգստացնում է ինձ»,-նշեց նա, ապա հավելեց, որ դեմ չէ պառլամենտական համակարգին, բայց դրանից բացի ուրիշ փոփոխություններ էլ պետք է ներառել Սահմանադրության մեջ։



Լիլիթ Պիպոյանի կարծիքով, պետք է գնալ ու ասել՝ ոչ, բոյկոտելն առանձնապես արդյունավետ միջոց չէ։ Նա միաժամանակ նկատում է, որ «համ էլ ուզում ենք այս ղեկավարող կազմը հեռանա եւ ոչ թե հավերժ մնա»։ Իսկ «ոչ» ասելու միասնություն տեսնո՞ւմ է ընդդիմադիր դաշտում, սովորական քաղաքացիների մոտ։ «Չեմ տեսնում ոչ ընդդիմադիր դաշտում միասնություն, ոչ էլ քաղաքացիների մոտ, եւ քաղաքացիների տրամադրությունները չեմ զգում, գիտեմ, որ հիմնականում հուսահատ են մարդիկ, ավելի շատ դա եմ նկատում, որովհետեւ դա որոշելու բան չէ, եւ կեղծ է Սահմանադրությունը հանրաքվեի դնելու փաստը»։



Այս ընթացքում մտավորականների 2 խորհուրդ ձեւավորվեց, որոնք սահմանադրական հանրաքվեին դեմ հանդես եկան, թե որքանով նրանց ձայնը լսելի եղավ ու տեղ հասավ, Պիպոյանի կարծիքով, այդ մարդկանց ձայնն առանձնապես տեղ չի հասնում, մարդիկ էլ չեն ընկալում, ականջ չեն դնում. «Մի կողմից ամորֆ վիճակ է, մյուս կողմից էլ այդ բացատրությունները շատ անհասկանալի են, այդ մի շարք վեճերը, բանավեճերը, որ կան հեռուստաալիքներով, անհասկանալի են, հստակ, պարզ կերպով չի ասվում։ Ես նույնիսկ գտնում եմ, որ այդ խնդիրը հանրաքվեի դնելն էլ է սխալ, որովհետեւ դա հանրաքվեով որոշվող բան չէ, որովհետեւ ժողովուրդն ի վիճակի չէ եւ չի կարողանում ընկալել ամբողջ նրբությամբ ու խորությամբ բոլոր պարագաները։ Դա պետք է անեն բարձր պրոֆեսիոնալները, որոնք ամեն ինչ շատ լավ գիտեն եւ տնտեսության, եւ քաղաքականության, եւ անվտանգության առումով։ Ես, լինելով մտավորական, գոնե մտավոր աշխատանքով զբաղվող մարդ, ինչքան փորձում եմ կարդալ կամ այդ վեճերից հասկանալ, չեմ կարողանում, չեմ յուրացնում, որովհետեւ դա այնպիսի բան է, որի հետեւանքները, գործելու ձեւը, ճանապարհները դժվար է պատկերացնել, եթե դու պրոֆեսիոնալ չես, եթե չգիտես ինչ-որ երկրների փորձ։ Դրա համար չեմ զարմանում, որ մարդիկ անտեղյակ են»։



Առհասարակ, Լիլիթ Պիպոյանը կարծում է, որ եթե Սահմանադրությունը շատ գրագետ եւ իմաստուն ձեւով է կազմված, այն տեղ չի թողնում չարաշահումների, կոռուպցիայի, մենաշնորհի համար. «Ճիշտ կազմված Սահմանադրությունը թույլ չի տալիս, որ այդ բոլոր արատավոր երեւույթները զարգանան։ Նույն Միացյալ Նահանգների վառ օրինակը․ ինքը հենց դրա համար է ծաղկել, որովհետեւ իր Սահմանադրությունը շատ ճիշտ է կազմված, փոքր է, կարճ, հիմնական բաներն են նշված, որոնց հիմքում դրված են ազատ մարդու աշխատանքի հնարավորությունը եւ իրեն պաշտպանելու իրավունքը, մասնավոր սեփականության պաշտպանվածության իրավունքը, մի քանի բան է դրված հիմքում, հազար ու մի բան չկա շարած, բայց Ամերիկայում օրենքը հենց այնպես է գրված, որ դու արդեն ստիպված ես օրենքին հետեւել, դա քո բարոյականությունից կախված չէ»։