Սարսանգը եւ Սերմաքեշը

Սարսանգը եւ Սերմաքեշը

ԵԽԽՎ սոցիալական հարցերի հանձնաժողովը նախօրեին հաստատեց Սարսանգի մասին զեկույցը: Եվրոպացի պառլամենտականները ձմեռային արձակուրդից հետո կքննարկեն համապատասխան բանաձեւի նախագիծը եւ, ամենայն հավանականությամբ, կընդունեն: Սակայն, սրան զուգահեռ, մեկ այլ միջադեպ էլ գրավեց մեր ուշադրությունը․ Ադրբեջանի դատախազությունը քրեական գործ է հարուցել շվեյցարացի բիզնեսմեն Վարդան Սերմաքեշի դեմ՝ «օկուպացված տերիտորիաներում հակաօրինական տնտեսական գործունեություն սկսելու համար»: Բանն այն է, որ Սերմաքեշը Ղարաբաղում մտադիր է սեւ խավիարի արտադրություն սկսել: Իսկ սեւ խավիարը զուտ ադրբեջանական բրենդ է: Շատ հնարավոր է, որ Բաքվում լրջորեն անհանգստացած են, որ եթե Ղարաբաղը սեւ խավիար արտադրի, ապա եվրոպացի պառլամենտականները Սարսանգի եւ զորքերի շփման գծում էսկալացիայի մեծացման հարցերում կարող են փոխել վերաբերմունքը, դրա համար էլ Շվեյցարիայից պահանջում են ձերբակալել Վարդան Սերմաքեշին եւ էքստրադիցիայի ենթարկել Ադրբեջան: Շվեյցարիան Սերմաքեշին, անշուշտ, չի ձերբակալի, բայց Բաքվի դեմարշը մեր հայրենակցի ղարաբաղյան բիզնես-պրոյեկտի վրա կարող է բացասական ազդեցություն թողնել: Բաքվում պնդում են, որ ղարաբաղյան խավիարը եվրոպական շուկա կարող է արտահանվել միայն «made in Azerbayjan» մակնշմամբ: Այս իմաստով ԵԽԽՎ սոցիալական կոմիտեի հոգսը, թերեւս, Ադրբեջանի գյուղական բնակավայրերի ջրահեռացումը կամ դաշտերի ոռոգումը չէ, այլ ադրբեջանական բրենդի պաշտպանությունը: Վարդան Սերմաքեշի բիզնես-պրոյեկտը, գուցե, գլոբալ շահե՞ր է շոշափում, որոնց մասին պառլամենտականները չեն կարող բարձրաձայնել: Սերմաքեշը, երեւի, Եվրոպայում բավարար լոբբիստական ծախսեր չի կատարել, այդ իսկ պատճառով գործի է դրվել ԵԽԽՎ սոցիալական «մոնիտորինգի» ֆակտորը։