Իսկ Դուք, քաղաքացի Միսակյան, մնացեք...

Իսկ Դուք, քաղաքացի Միսակյան, մնացեք...

Երեկ ՀԱԿ խմբակցությունն ու «Ժառանգությունը», ինչպես նաև ՕԵԿ-ը հաղորդում են տվել հանցագործության մասին: Մինչդեռ ՀՀ ոստիկանությունը և Գլխավոր դատախազությունը, որ ավելի վաղ էին հայտարարել հանրաքվեին ընդառաջ ձեռնարկած միջոցառումների մասին, քնած են կամ ցույց են տալիս որ քնած են:



Ստորև ներկայացնում ենք նշված ուժերի տարածած հայտարարությունների այն հատվածները, որոնք լիուլի բավարար են այդ ուժերի ներկայացուցիչներին հրավիրելու բժիններ և նրանց պատմածների հիման վրա քրեական գործեր հարուցելու համար:



Այսպես՝ ՀԱԿ խմբակցության և «Ժառանգության» հայտարարության մեջ սևով սպիտակի վրա գրված է. «Վերջին օրերին ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը ստանում են բազմաթիվ ահազանգեր տեղամասային հանձնաժողովների նորանշանակ անդամներից` նրանց նկատմամբ կիրառվող ճնշումների վերաբերյալ: Իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ ահազանգեր են հնչեցնում ոչ միայն Հայ Ազգային Կոնգրես խմբակցության և «Ժառանգություն» կուսակցության կողմից նշանակված, այլև այլ խմբակցությունների կողմից նշանակված անձինք»:



Մեկ այլ տեղում ՀԱԿ խմբակցությունն ու «Ժառանգություն»ը հայտնում են. «ՈՉ-ի համատեղ շտաբը և Ժառանգություն կուսակցությունը ամենժամյա ռեժիմով հետևում են իրադարձություններին, հավաքագրում և տիրապետում են ամբողջ տեղեկատվությանը: Ուստի, նմանատիպ և ընտրակեղծարարության այլ դրսևորումները արձանագրվում են և համակարգված ձևով ներկայացվելու են մեր հանրությանը, միջազգային կառույցներին և դիտորդական առաքելություններին»:



Կարծում ենք՝ ով հայ է, այս ամենից հասկացավ, որ կան ճնշումներ հանձնաժողովականների վրա և, որ ամենակարևորն է, այդ ամենը հանգամանորեն արձանագրվել է, և, հետևաբար, ՈՉ-ի միասնական շտաբը կարող է դրանք ներկայացնել ոչ միայն հանրությանն ու միջազգային դիտորդներին, այլև հայրենի ոստիկանությանն ու դատախազությանը:



Իր ընդդիմադիր գործընկերներից հետ չի մնում նաև ՕԵԿ-ը: Բայց, քանի որ այս կուսակցությունը բոլորովին վերջերս է փախել Սերժ Սարգսյանի տակից, և ոչ վաղ անցյալում նախագահի կողմից որակվել է որպես բարոյական ուժ, ՕԵԿ-ի խոսնակ Արթուր Միսակյանի հայտարարությունը առավել արժանահավատ է և պետք է անպայման դառնա քննարկման նույթ ՀՀ իրավապահ մարմինների կողմից: Իսկ Միսակյանը հայտարարել է. «Մեր նախընտրական շտաբը ամենօրյա ռեժիմով, անընդմեջ կապի մեջ է կուսակցության կողմից ներկայացված տեղամասային հանձնաժողովի անդամների հետ, տիրապետում է ողջ տեղեկատվությանը և զարգացումներին: Տեղեկացնեմ, որ վերջին օրերի ընթացքում բազմաթիվ համայնքներում իսկապես եղել են դեպքեր մեր հանձնաժողովի անդամների հետ կոնտակտի դուրս գալու, փող առաջարկելու կամ, այսպես ասած, համաձայնության գալու` նրանց արգելքը հաղթահարելու նկատառումով»: Ինչպես ասում են՝ no commen t!!!



ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ամեն անգամ բողոքում է, թե ոստիկանության հետ մարդիկ վատ են աշխատում, չեն համագործակցում, այլ կերպ ասած՝ գործ չեն տալիս: Ես չգիտեմ գործը ինչպես են տալիս, բայց նույնիսկ իմ հասկանալով՝ քաղաքացի Արթուր Միսակայնի հայտարարությունը ամենևին էլ քաղաքական հայտարարություն չէ: Քաղաքացին հստակ ասել է՝ բազմաթիվ համայնքներում իսկապես եղել են կոնտակտի դուրս գալու, փող առաջարկելու, կամ, այսպես ասած՝ հանցավոր համաձայնության գալու դեպքեր: Լավ, ուրիշ ի՞նչ ձևով պետք է համագործակցի քաղաքացի Միսակյանը, որ որ մեր իրավապահները հասկանան, որ այս ամենը վերաբերում է հանձնաժողովների անդամներին, իսկ հանձնաժողովների անդամները առաջին նիստից հետո համարվում են անձեռնմխելի անձինք:



Հ.Գ. Վստահ եմ, կամ համարյա վստահ եմ, որ քաղաքացի Միսկայանը չէր կարող սուտ մատնությամբ զբաղվել: