ԱԱԾ պաշտոնյան պարզաբանեց կատարվածի լուրջն ու անլուրջը եւ հիշեց Նաիրի Հունանյանին

ԱԱԾ պաշտոնյան պարզաբանեց կատարվածի լուրջն ու անլուրջը եւ հիշեց Նաիրի Հունանյանին

Նորք-Մարաշում ԱԱԾ հատուկջոկատայինների կողմից «հանցավոր խմբակցություն» վնասազերծելուց հետո մամուլում եւ սոցցանցերում տարատեսակ մեկնաբանություններ եղան եւ մանավանդ՝ կասկածներ, որ սա «սարքած գործ» է։ Օպերացիան ոմանք որակեցին շոու եւ սկսեցին ծաղրել։ Իսկ նրանք, ովքեր հավատացին կատարվածին, ենթադրեցին, որ դա ոչ թե ՀՀ քաղաքացիների, այլ իշխանությունների դեմ էր ուղղված։ Եվ իշխանություններից դժգոհ մարդիկ անգամ չմեղադրեցին վարձակալված բնակարանը զինապահեստի վերածած երիտասարդներին։ Ավելին՝ մի բան էլ ափսոսում էին, որ նրանք բռնվեցին։ Տարակուսանք առաջացրեց նաեւ այն, թե ինչու ԱԱԾ-ականներն իրենց գործողություններն իրականացնելուց հետո առանց տունը կապարակնքելու հեռացան՝ լրագրողներին ու այլ անձանց թույլ տալով ազատ ելումուտ անել տարածք, ձեռք տալ իրերին, «բացահայտումներ» անել եւ այլն։ Ուշագրավ էր նաեւ այն, որ տան տարբեր սենյակներում մնացել էին լուսանկարներ, դրոշակներ, քարտեզներ, որոնք ԱԱԾ աշխատակիցները «շատ պատահական» թողել էին դեպքի վայրում։ Այս եւ այլ հարցերի պարզաբանմամբ երեկ լրագրողների հետ հանդիպեց ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Միքայել Համբարձումյանը, որը թերեւս նաեւ գործը քննող խմբի ղեկավարն է։



Նա նախ նշեց, որ ԱԱԾ քննչական վարչությունը քրգործի հարուցումից ընդամենը օրեր անց չի կարող բոլոր մանրամասները ներկայացնել, քանի որ ամեն օր, ամեն ժամ տարբեր քննչական գործողություններ են ընթանում, որոնք չեն ցանկանում վտանգել: Ինչ վերաբերում է այս ամենի տակ շրջանառվող քաղաքական ենթատեքստին, Համբարձումյանն ասաց, որ այս ամենը կապված չէ քաղաքական զարգացումների հետ. «ԱԱԾ-ն ապաքաղաքական, կուսակցությունների, ՀԿ-ների ազդեցությունից զերծ մարմին է։ Խնդրում եմ հաշվի առեք, որ բացահայտվել է հանցավոր մի խումբ, որն ունեցել է հստակ ծրագրավորված նպատակներ, մշակված եղանակներ՝ իրենց նպատակներին հասնելու համար, ընտրված են եղել հանցագործության թիրախները եւ հանցագործության եղանակները»։ Հասկանալի պատճառներով, այս պահի դրությամբ ինքը չի կարող մանրակրկիտ ներկայացնել, թե ում դեմ ինչ հանցագործություն է նախատեսված եղել, միայն ասաց, որ հանցագործությունները միտված են եղել քաղաքացիների, պետական, քաղաքական գործիչների, իշխանության առանձին ճյուղերի, ինչպես նաեւ մարմինների նկատմամբ։



«Կարող եմ ասել, որ նախաքննությունն այսօր շարունակվում է, անմեղության կանխավարկածը չխախտելու նպատակով ես կարող եմ ասել, որ այսօր ձերբակալված են թվով 21 մարդիկ, նրանց մեղադրանքներ են առաջադրվել բավարար ապացույցների հիման վրա, առկա է նրանց նկատմամբ հիմնավոր կասկած։ Բայց այդ անձանց մեղավորության հարցին մենք չենք կարող այս պահին վերջակետ դնել»,-ասաց ԱԱԾ պաշտոնյան։



Որտեղի՞ց են նրանք ֆինանսավորվել, ի՞նչ միջոցներով։ Մ. Համբարձումյանն ասաց, որ խմբավորումը տասնյակ հազարավոր դոլարների ֆինանսավորում է ունեցել, այդ գումարները նրանց տրամադրվել են Հայաստանի Հանրապետությունում, սակայն դրանց ստացման եւ ծագման աղբյուրներն ԱԱԾ-ն դեռ փորձում է պարզել։ Ինչ վերաբերում է այդ խմբավորման՝ «Իսլամական պետության» հետ կապ ունենալու վարկածին, պարոն Համբարձումյանն ասաց, որ՝ այո, մամուլում եղան նման հրապարակումներ, իրենք գիտեին, որ Արթուր Վարդանյանը եղել է Սիրիայի տարածքում, եւ այդ վարկածը քննության է առնվելու. «Մենք հարցումներ կկատարենք՝ պարզելու համար, թե Ա. Վարդանյանը կոնկրետ ինչ գործունեությամբ է զբաղվել դրսում, արտասահմանում, ինչ կապեր ունի, եւ արդյոք այդ մեզ հայտնի կազմակերպությունները կապ եւ առնչություն ունե՞ն տվյալ դեպքի հետ, թե՞ ոչ»։



Անդրադառնալով խուզարկության գործընթացին եւ այն հարցին, թե ինչու ԱԱԾ-ն չի կապարակնքել տարածքն ու թույլ է տվել լրագրողներին անարգել մուտք գործել տարածք, Մ․ Համբարձումյանը նախ իր զարմանքը հայտնեց այդ հարցի առնչությամբ, ապա նշեց. «Խուզարկությանը ներգրավված է եղել բնակարանի սեփականատերը, կազմվել է խուզարկության վերաբերյալ քննչական արձանագրություն, լրագրողները խուզարկության ընթացքում բնակարանում չեն եղել, դա փաստ է, եւ որեւէ լրագրող եթե կասի, որ ինքն այդտեղ գտնվել է, ես կարծում եմ՝ դա ընդամենը հերյուրանք կլինի կամ սուտ։ Իսկ բնակարանը չի կնքվել, քանզի կնքվում է այն բնակարանը, որում դեռեւս նախաքննական մարմինը գործողություններ կատարելու անհրաժեշտություն է տեսնում ապագայում»։ Իսկ լուսանկարը, դրոշակները, քարտեզները ԱԱԾ աշխատակիցները պատահակա՞ն են թողել տանը՝ ի տես լրագրողների։ Պարոն Համբարձումյանն ասաց․ «Ոչ։ Ես կրկնում եմ՝ մենք վերցրել ենք բոլոր այն իրերը, զենքը եւ ռազմամթերքը, որոնք գտել ենք այդ տանը»։



Իսկ թե ինչ հիմքերով է ԱԱԾ-ն նման որակումներ տալիս, որ խումբը պատրաստվում էր «հրեշավոր հանցագործություններ» կատարել, գուցե իրենք ընդամենը փաստերն արձանագրեն, եւ ժողովուրդն ի՞նքը որոշի՝ հրեշավո՞ր էին դրանք, թե՞ ոչ, Համբարձումյանն ասաց. «ԱԱԾ տնօրենը, մենք բոլորս, դուք եւս, եթե տեղեկանաք ծրագրված հանցագործությունների մանրամասներից, ապա նույն գնահատականը կտաք: Մենք ունենք գրավոր ցուցմունքներ, որոնք վկայում են, թե ինչ գործողություններ են ծրագրված եղել, որոնք պետք է իրականացվեին Հայաստանի տարածքում, այդ թվում` Երեւանում»:



Ի դեպ, ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալն ինքն էր զուգահեռներ անցկացնում Նաիրի Հունանյանի ու նրա հանցախմբի եւ այս խմբավորման միջեւ։ Նա ասաց, որ եթե Նաիրի Հունանյանը եւ մի քանի հոգի, ունենալով ընդամենը մի քանի ինքնաձիգ, կարողացան անել այն, ինչ արեցին, ուղղակի սարսափելի է պատկերացնել, թե ինչ կարող էր անել այս խմբավորումը՝ ունենալով այս չափի զինամթերք:



Ինչ վերաբերում է իրենց իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում վարձակալած բնակարանի կրած վնասներին եւ փոխհատուցմանը, ապա Մ. Համբարձումյանն ասաց, որ վնասի չափը կհաշվարկվի եւ դրա հատուցումը կարվի համապատասխան ընթացակարգով։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ