22 գործազուրկ եւ բազում թոշակառուներ

22 գործազուրկ եւ բազում թոշակառուներ

Մաշտոցի պողոտա 52 հասցեում գտնվող ԵՊՀ հյուրերի տան դռներն այլեւս մեկընդմիշտ փակ են: Այն արդեն վաճառված է ՀՀԿ օլիգարխ պատգամավորի (Արկադի Համբարձումյան): Գործում է միայն նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի որդուն պատկանող, հյուրատանը հարակից ռեստորանը: Սակայն ԵՊՀ կայքը շարունակում է հպարտորեն ազդարարել Հյուրերի տան առավելությունները եւ գովազդել ռեստորանը:



Հավանաբար, գլխապտույտ գործարքից ոգեւորված, «մանրուքների» մեջ չեն մտնում...



Նոյեմբերի 1-ից գործազուրկ դարձած ԵՊՀ հյուրերի տան աշխատակիցները տագնապի մեջ են: Նրանք կորցրել են նոր աշխատանք գտնելու բոլոր հույսերը, քանզի իրենց երկարամյա աշխատավայրում նույնիսկ չկարողացան ինքնահաստատվել...



Նրանք վրդովված պատմում են, որ մինչեւ նոյեմբերի 1-ը, լուռումունջ, տաժանակիր աշխատանք են կատարել, դատարկելով ողջ գույքն ու կահույքը եւ հուսալով, որ գուցե ղեկավարների «խիղճն արթնանա» եւ որեւէ աշխատանք առաջարկեն, սակայն` ապարդյուն...



Իսկ հյուրատան ողջ գույքը, ըստ աշխատակիցների, գնացել է տարբեր ուղղություններով, մի մասն էլ` աճպարարությամբ յուրացվել:



Միայն տնօրեն Ռուդիկ Բարսեղյանը, որը ռեկտոր Արամ Սիմոնյանի համակուրսեցին է, հաջողությամբ տեղավորվել իր համար հատուկ ստեղծված պաշտոնական աթոռին:
Այս անգամ նա տնօրինելու է ԵՊՀ հյուրերի տան վաճառքից ստացված գումարների՝ «մարզական» նպատակներով օգտագործման «սուրբ» գործը...



Ասում են՝ ռեստորանի տերն էլ պակաս տագնապի մեջ չէ, քանզի մեկամսյա ժամկետում կդադարեցնի իր գործունեությունը եւ կզրկվի տարածքի վարձակալման եւ սփյուռքահայ բարերարների հովանավորության հնարավորությունից։



Այնուամենայնիվ, ամենաանտանելին այն 22 գործազուրկների վիճակն է։ Նրանք վրդովված մատնացույց են անում ռեկտորի կողմից հովանավորվող թոշակառուներին, որոնք միայն կենտրոնական մասնաշենքում մի ողջ «աստղաբույլ» են կազմում... Թանգարանի տնօրեն Հեղինե Գասպարյանը, ասպիրանտուրայի բաժնի վարիչ Նորա Հովսեփյանը, աշխատակից Ավրորան, գիտահետազոտական մասից՝ Սվետան, արխիվի Մարիամը, գրադարանի Լաուրան ու Ազատուհին, կադրերի բաժնի Աշխենը, ռեկտորի գործավար Ծովինարը...



Ի դեպ վերջինս, չունենալով որեւէ կրթություն եւ չտիրապետելով նույնիսկ համակարգչային տարրական գիտելիքների, հաջողությամբ համատեղում է թոշակն աշխատավարձի հետ: Նա նույնիսկ հպարտացել է, թե ինքը կհեռանա միմիայն իր ցանկությամբ:



Իսկ, ահա, ուսումնամեթոդական վարչության աշխատակից Յուրա Չոմարյանը, որն արդեն 75 տարեկան է, երկար տարիներ աշխատավարձ է ստանում ոչինչ չանելու կամ ինչ-որ ծառայություններ մատուցելու համար։



«Մի՞թե բազմահազարանոց այդ հաստատությունում որեւէ անկյուն չկա մեզ համար»,- սրտնեղում են անելանելի վիճակում հայտնված աշխատակիցները։



Նվարդ ՍՈՒՐԵՆՅԱՆ