Երեկ ՀՔԾ-ն նշում էր իր 8-րդ տարեդարձը

Երեկ ՀՔԾ-ն նշում էր իր 8-րդ տարեդարձը

ՀՔԾ 8-ամյակին նվիրված հանդիսավոր նիստը նախագահում էր Ծառայության պետ, արդարադատության գեներալ-լեյտենանտ Վահրամ Շահինյանը: Նա, շնորհավորելով ծառայության բոլոր աշխատակիցներին, մաղթեց հաջողություններ առաջադրված բարդ եւ պատասխանատու խնդիրների իրականացման գործում:



«Այսօր մեր երկրի Հատուկ քննչական ծառայությունն ինքնուրույն պետական կառույց է, որն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է եւ ի զորու է կատարել ամենաբարդ, բազմադրվագ, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների փաստերով հարուցված քրեական գործերի նախաքննությունը: Մենք պետք է որպես սկզբունք ընդունենք, որ յուրաքանչյուր ծառայողի գերխնդիրն անաչառ ու անկաշառ լինելն է, հանցագործությունների դեմ առավել արդյունավետ պայքարի կազմակերպումն ու ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների, օրինական շահերի պաշտպանությունը»:



Վահրամ Շահինյանն անդրադարձավ նաեւ Ծառայության ձեռքբերումներին. «Երեսպաշտություն չեմ համարի, եթե ուղղակի նշեմ, որ այսօր երկրի իրավապահ քիչ կառույցներ կարող են հպարտանալ, որ կոռուպցիոն երեւույթների դեմ պայքարն այնքան արդյունավետ է եղել իրենց համակարգերում, որքան Հատուկ քննչական ծառայությունում:



Հակակոռուպցիոն ռազմավարության ներդրումը հանգեցրել է Ծառայության նկատմամբ վստահության բարձրացմանը թե՛ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց եւ թե՛ երկրի մյուս քաղաքացիների մոտ: Հանգամանքների բերումով Ծառայության տեսադաշտում հայտնված անմեղ ոչ մի պաշտոնատար անձ կամ շարքային քաղաքացի չպետք է անհանգիստ լինի, քանզի Հատուկ քննչական ծառայությունում երաշխավորված է լրիվ, բազմակողմանի ու անաչառ քննության կատարումը»:



Վահրամ Շահինյանը շնորհակալություն հայտնեց մյուս ուժային կառույցներին՝ ակտիվ համագործակցության համար: «Հայտնի է, որ Հատուկ քննչական ծառայությունը միայն նախաքննություն իրականացնող մարմին է, եւ մեր շատ ձեռքբերումներ չէին լինի, եթե մեր կողքին չլինեին օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող ՀՀ ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող մեր գործընկեր դատախազները»։



Ապա ելույթ ունեցան ՀՔԾ պետի տեղակալներ Վլադիմիր Հովհաննիսյանը եւ Մուշեղ Բաբայանը, Ծառայության կոռուպցիոն, կազմակերպված եւ պաշտոնեական հանցագործությունների քննության վարչության պետ Կարեն Կարապետյանը, ընդհանուր բնույթի հանցագործությունների վարչության պետ Աշոտ Հակոբյանը եւ ուրիշներ:



Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ