Դու քո քայլի բացատրությունն ունե՞ս

Դու քո քայլի բացատրությունն ունե՞ս

Մարդ Աստծո, ինչո՞ւ պատռեցիր քվեաթերթիկն ու ծրարը: Նույնը կանեի՞ր Ամերիկայում: Հո դու ահաբեկիչ չե՞ս: Այդ ծրարն ու քվեաթերթիկն ախր փող արժեր, էս խեղճ ժողովրդն իր վերջին կոպեկներով տպել-պատրաստել էր դա, որ իր ապագայի համար կարողանար մի հարց լուծել: Եթե մտածում էիր, որ այդ հարցը չպետք է լուծվի, գայիր, ասեիր՝ ՈՉ: Ինչո՞ւ պատռեցիր ծրարը, ինչո՞ւ միացար այդ ժողովրդի ճակատագրի հանդեպ անտարբեր մասսային: Մի՞թե էպատաժը քեզ տարել է լրիվ, պետք է առանձնանաս, ո՞նց կլինի առանց դրա:



Հանկարծ չասես՝ դա իմ իրավունքն էր և ինչպես կուզեի, կվարվեի իմ քվեաթերթիկի հետ: Այո, քո իրավունքն է, բայց այդ իրավունքն էլ քեզ համար այս ժողովուրդն է վաստակել և, հավատալով, որ քո ձայնն էլ նշանակություն ունի, թերթիկ է վստահել քեզ, որպես իր զավակներից մեկին, որ ձայնդ հաշվի առնի:



Եվ ի՞նչ տեղի ունեցավ քո ձայնի հետ: Հիմա դու ԱՅՈ՞ ես, թե՞ ՈՉ... Չկա այդ հարցի պատասխանն այլևս, չես կարող ասել, որ քվեարկել ես կողմ կամ դեմ... Դու պարզորոշ ասացիր, որ տեսակետ չունես, բան չես հասկանում, քեզ համար միևնույն է, թե ինչ կլինի:



ՀՀ Առաջին նախագահը քվեարկեց... Քչերից մեկն այն մարդկանցից, ով այս օրերին ներկայացրեց իր տեսակետն ու հիմնավորեց: Չպատռեց ծրարը, չկերավ, ինքնահրկիզման փորձեր չարեց: Հարգեց իր ժողովրդի ձեռքբերումը, որ մի պարզ բառով կոչվում է ժողովրդավարություն: Դո՞ւ ինչ արեցիր այդ հիստերիկ քայլով՝ տեսեք-տեսեք...



Դե հիմա գնա և ծաղիկ դիր ՀՀԿ-ի շենքի վրա... Վերջացա՞վ կանաչ խիյարի պատմությունը, այլևս չե՞ս կարող նախագահի թեկնածու առաջադրվել, քեզ նման էպատաժնիկների հետ թեկնածու-թեկնածու խաղալ, հետո մոմ վառել ժողովրդի բռնաբարված հավատի վրա ու թռնել Ամերիկա քեֆ քաշելու:



Ինչո՞ւ պատռեցիր ծրարը... Բացատրություն ունե՞ս: