Մտավախություն չկա՞, որ Սյունիքի ուղևորությունը կնմանվի Արցախի ուղևորությանը

Մտավախություն չկա՞, որ Սյունիքի ուղևորությունը կնմանվի Արցախի ուղևորությանը

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը երկու օրից սկսում է իր այցելությունները դեպի մարզեր: Ինչպես հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, «առաջին դուռը, որ պետք է թակեն ժողովրդին ստրկացնող Լիսկա մականունով Սուրեն Խաչատրյանի դուռն է»՝ դեպի Սյունիքի մարզ:
«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի մամուլի խոսնակ Վարուժան Ավետիսյանից hraparak.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Անդրիաս Ղուկասյանը նախաձեռնության անդամների հետ միասին մեկնելո՞ւ են այդ ուղևորություններին:



«Դեռ բաժանում չի եղել, պետք է աշխատենք հնարավորինս, որ լինեն բոլորն էլ, բայց նաև բաժանում կլինի: Անշուշտ նախատեսվում է, որ նրանք էլ մեկնեն այդ ուղևորություններին: Պարոն Սեֆիլյանն էլ, եթե նկատել եք, ասել է, որ աշխատելու է հնարավորինս ամեն ինչին ներկա լինել, որովհետև այստեղ հասցնելու խնդիր կա: Ժամը դեռ չենք որոշել, սկսում են մեր շրջագայություններն ամսի 16-ից»: Իսկ ինչպիսի՞ն է ծրագիրը, մարդիկ պետք է իրենց ուժերը մոբիլիզացնեն մարզերո՞ւմ, թե՞ գան մայրաքաղաք. «Այստեղ մի քանի խնդիր է լուծվում, այդ թվում նաև ամրագրելու, մարդկանց ևս մեկ անգամ այս հանրահավաքային առաջին շրջափուլից հետո նորից հանդիպելու, տեսակետներ լսելու, մարդկանց հետ կապ պահպանելու խնդիր է նաև լուծվում, եղածի ամրագրման խնդիր է նաև լուծվում, անելիքները նախանշելու խնդիր է լուծվում, մի քանի խնդիրներ է լուծվում, այնպես չի, որ հենց միանգամից մեկ նպատակի համար ենք գնում: Հասկանալի է, որ դասական քաղաքական քարոզչական պրոցեսից տարբերվում է, դրա համար մի քանի խնդիր է լուծվում»: Իսկ մտավախություն չկա՞, որ Սյունիքի ուղևորությունը կնմանվի դեպի Արցախ ձեր ուղևորությանը. «Դե, եթե մտավախություններին հետևենք, ոչ մի բան պետք է չանենք»:



Հիշեցնենք, որ ըստ հայտարարության՝ «Նոր Հայաստան» նախաձեռնությունը հերթապահություն է սահմանել Ազատության հրապարակում 24 ժամ, դեկտեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ, ժամը 17.00-ին տեղի է ունենում ասուլիս-ճեպազրույց: Դեկտեմբերի 21-ին նախատեսվում է մեծ հավաք իրականացնել: 



Սիրան Հունանյան