Խնդրում եմ մեր նախկին «ճղճղացողներին»՝ անուն առ անուն հիշենք. դա մեզ շատ կօգնի

Խնդրում եմ մեր նախկին «ճղճղացողներին»՝ անուն առ անուն հիշենք. դա մեզ շատ կօգնի

Խնդրում եմ ինձ բացատրել: Մի բան չեմ կարողանում հասկանալ, ու գիտեմ, նույն բանը շատերը չեն կարողանում հասկանալ:



Ինչպե՞ս է պատահում, երբ որոշ քաղաքական գործիչներ անընդհատ կուրծք են ծեծում, կոկորդ պատռում, թվարկում իրենց բնութագրած «հանցագորժ ռեժիմի» հանցագործություններն ու մնում անպատիժ, իսկ մեկն էլ, որ մի երկու բառ է ասում իշխանության հասցեին, ինչ որ տեղ բռնում ու հարցերը լուծում են:



Բացատրեք ինձ, որ ես հասկանամ: Ախր եթե հանցագործ ռեժիմ է, չեն վախենու՞մ, որ այդ բացահայտումների համար կարող են «իրենց լեզուն կտրել ու անլեզու ծիտիկ սարքել»:



Գուցե հերոսնե՞ր են...



Մեկ- մեկ էլ զարմանում եմ՝ ինչպե՞ս է նման բնութագրման հեղինակ իշխանությունը լռում:



Դժվա՞ր է նրա համար «բան սարքելը», թե՞ մեզնից է վախենում, մեզ ասելով նկատի ունեմ ժողովրդին…



Ախր իշխանության ամենակարողության գործելակերպին էլ որ նայում եմ, տեսնում եմ, որ նա ինչ ուզում, ոնց ուզում, անում է: Ուրեմն եկեք միասին մտածենք՝ ինչու՞ է իշխանությունը թույլ տալիս, որ իրեն ամենաստոր ու վերջին ձևով խայտառակեն: Բոլորս էլ գիտենք, որ նա ասեղ կուլ տվող չի ու «ասեղով ծակողին մախաթով է դաղում»: Օրինակներ, որքան ուզեք:



Հիմա ի՞նչ է եղել, որ «մի երկու ճղճղանի առաջ խեղճացել, մի բուռ է դարձել»:



Բոլորս էլ լավ գիտենք մեր գլխին եկածը: Ամեն օր մեր իմացածը կրկնում ու հիշեցնում են, որ ի՞նչ: Եղեռնի կրակը վառ են պահու՞մ… թե՞ եղած մաքուրներին էլ չոր փայտի տեղ կրակի բերան տալ են ուզում:



Մի ազնիվ պայքարողի դեմ տաս, հարյուր խառնող են մեյդան հանում: Այնպես որ խառնակ ժամանակներ են, ապրանք գողացողն ավելի ուժեղ է գոռում՝ բռնեք գողին…



ՀԳ Այստեղ հարմար է ասել՝ տառապանքս փորձ ունի:



Հիշենք մեր նախկին «ճղճղացողներին»՝ անուն առ անուն. դա մեզ շատ կօգնի:



Այդ ժամանակ էլ էի զարմանում՝ ինչպե՞ս են նրան թույլ տալիս… իսկ «նրա նմաններին» փակում, լռեցնում:



Հասմիկ Բաբաջանյան