«Չորրորդ իշխանություն». Անորակ, ժամկետանց ապրանքներ են հանդիպել

«Չորրորդ իշխանություն». Անորակ, ժամկետանց ապրանքներ են հանդիպել

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է. «Նախատոնական օրերին պարենային եւ ոչ պարենային ապրանքների թանկանալը մեր երկրում կարծես ավանդույթ է դարձել: Քաղաքացիները շեշտում են, որ գնաճն էականորեն նկատվում է տեղական արտադրանքների վրա: Սակայն խնդրահարույց են ոչ միայն ապրանքների բարձր գները, այլեւ դրանց որակը: Փոքր խանութներից մինչեւ սուպերմարկետներ՝ քաղաքացիներին անորակ, ժամկետանց, կասկածելի փաթեթավորմամբ ապրանքներ են հանդիպել:



«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպությունը եւս քաղաքացիներից մի շարք ահազանգեր է ստացել: Դրանք հիմնականում կապված են եղել փողոցային առտեւրի հակասանիտարական վիճակների, համապատասխան ջերմային պայմանների չպահպանման հետ:



Կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը նկատում է, որ օրինախախտումները այս տարի համատարած բնույթ են կրում: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ գլխավոր պատճառը պետական վերահսկողության բացակայությունն է:



Առավել վատ է վիճակը ոչ պարենային ապրանքների շուկայում: «ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ հուլիսի 30-ից մինչ օրս էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունը դե յուրե չի գործում, քանի որ նշանակված չէ տեսչական մարմնի ղեկավարը: Սա նշանակում է, որ ոչ պարենային ապրանքները, օրինակ՝ խաղալիքները, ճայթռուկները, որոնք կարող են անվտանգության լուրջ խնդիրներ առաջացնել, վերահսկողությունից դուրս են մնացել»:



Մանրամասները՝ այսօրվա համարում: