ՀՀԿ-ական կանանց և մյուսների «հայրենասիրական փարթիները»՝ դիրքերում (տեսանյութ)

ՀՀԿ-ական կանանց և մյուսների «հայրենասիրական փարթիները»՝ դիրքերում (տեսանյութ)

ՀՀԿ կանանց խորհրդի անդամները Ծիծեռնակաբերդի «անմոռուկ փարթիից» հետո հիմա էլ իրենց «հայրենասիրությունը» գովազդելու մի նոր՝ ավելի ռազմահայրենասիրական ու սուրբ վայր են գտել՝ սահմանը։ Այս անգամ էլ նրանք որոշել են գնալ դիրքեր և այնտեղ զինվորների հետ ֆոտոսոսիա անելով, նրանց բարձրագոչ հայրենասիրական ճառեր ասելով ցուցադրվել էկրաններին ու PR լինել։ Իհարկե, նրանք գնացել էին մեր զինվորներին «դուխ» տալու, ոգևորելու, քաջալերելու համար, նրանք հենց այդպես էլ նշեցին իրենց խոսքում, բայց, ինչպես երևում է «Հայլուրի» պատրաստած ռեպորտաժից, այս անգամ էլ ավելի շատ աչքի ընկան նրանց՝ մի քանի հարկանի «սթայլով» սանրվածքներն ու թանկարժեք մուշտակները։



ՀՀԿ կանանց խորհրդից դիրքեր էին մեկնել «ամենառազմահայրենասերները»՝ ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, նրանից անբաժան պատգամավոր, նախկինում՝ ուսուցչուհի Ռուզաննա Մուրադյանը, Երևանի ավագանու անդամ, ՀԷԿ-երի Նաիրա Նահապետյանն ու մի երկու անհայտ կին ՀՀԿ-ական։ Զարմանալիորեն այս անգամ նրանց հետ չէր ՀՀԿ-ական պատգամավորներից վարչապետի բարեկամուհի Կարինե Պողոսյանը, ով ՀՀԿ կանանց Արարատի մարզային խորհրդի ղեկավարն է ու Նաղդալյանի և Մուրադյանի անբաժանելի մասը հատկապես նման միջոցառումներին։



Ինչ խոսք, չափազանց հայրենասիրական ու անձնվեր քայլ են կատարել ՀՀԿ-ական փափկասուն տիկնայք, որ իրենց փափուկ աշխատասենյակներից կտրվել ու մեկնել են սահման։ Դիրքեր էլ բարձրացել են ոչ թե իրենց շքեղ և հարմարավետ մեքենաներով, այլ չոր ու անհարմարավետ ռազմական «Վիլիսներով»։ ՀՀԿ-ական կնոջ համար նման զրկանքների դիմանալը, այդ թվում՝ լեռնային անհարթ ճանապարհը նման կոշտ ու կոպիտ ամենագնացներով անցնելը կամ զինվորական պայմաններում մի քանի րոպե անցկացնելը, նրանց կենցաղից օգտվելը հիրավի հերոսություն կարելի է համարել և «սուրբ» գործ։



«Այսօր զինվորների կողքին կանգնելը բոլորիս սուրբ պարտքը պետք է լինի»,-տեսախիցիկի առաջ ասաց իր սուրբ պարտքը կատարած պատգամավոր Ռուզաննա Մուրադյանն ու նկատեց, որ մեր զինվորներն այնքան ամուր ոգի ունեն, որ այդ ոգու ամրությունն է պաշտպանում մեր երկրի սահմանները։



Հանուն արդարության նշենք, որ միայն ՀՀԿ կանանց խորհրդի այս «անձնազոհ գունդը» չէ նման խիստ «հայրենասիրական» հերոսությամբ աչքի ընկել։ Այս հարցում իրենցից հետ չի մնացել նաև Սփյուռքի կին նախարար Հրանուշ Հակոբյանը։ Նա, իհարկե, հին կոմունիստ է և կոմսոմոլ, հետն էլ՝ նախարար է, գործադիրի անդամ, ու թերևս ավելի դիմացկուն կլինի, քան մերօրյա ՀՀԿ-ական փխրուն ներաշխարհով և հոգեկերտվածքով օրենսդիր կանայք, բայց այնպես չէ, որ նա էլ «Գողգոթայի զրկանքներից» կրած չի լինի դիրքեր այցելելիս։



Հայրենասիրությամբ իրենց կին գործընկերներից այս տարի հետ չմնացին նաև ՀՀԿ-ական «խրոխտ» տղամարդիկ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, նրա որդին՝ Արման Սահակյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը և մյուսները։ Իհարկե, նրանց իրական խրոխտությունն ու «հայրենասիրությունը» երկրի ներսում հիմնականում աչքի է ընկնում ընտրությունների ժամանակ «հայրենասիրաբար» պայքարելով իրենց իշխանությունը ամեն գնով (այդ թվում՝ կեղծիքներով) պահելու հարցում։ Բացի այդ, օրինակ՝ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի «հայրենասիրությունը» խորհրդարանում ողջ տարին դրսևորվում է Զարուհի Փոստանջյանի «հակահայրենասիրական» ելույթները խլացնելով։ Արմեն Աշոտյանի «դուխն» ու «հայրենասիրույթունն էլ» իր կուլմինացիոն կետին հասավ ՀՀԿ-ի փետրվարյան հայտնի նիստում՝ Ծառուկյանի մասին իր ելույթով։ Աշոտյանը ռազմահայրենասիրական տոկունության մի փայլատակում էլ ունեցավ ամռանը՝ Բաղրամյանի հայտնի դեպքերի ժամանակ․ երբ հերոսաբար դիմակայեց ժողովրդական հայհոյանք-ճնշումներին։



Բայց սա դեռ ամենը չէ։ Այս «խրոխտ» ՀՀԿ-ական «աստղաբույլը» ոչ թե սոսկ հայրենասիրությամբ, այլ «ռազմահայրենասիրությամբ» է աչքի ընկնում նաև տարին կլոր այդ նույն սահման պահող զինվորների ու նրանց հարազատների արտագաղթը ինտենսիվորեն «կազմակերպելու» հարցում, որ երկիրը սահման պահող զինվոր չունենա, և որ երևի միայն իրենք ու իրենց զավակները գնան դիրքեր, սահման պահեն ու միանձնյա վայելեն իրենց «հայրենասիրական» փառքի դափնիները։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ