Առանց ռուսների

Առանց ռուսների

Եկող երկուշաբթի՝ հունվարի 25-ին մեկնարկելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը հայկական պատվիրակության համար, ըստ ամենայնի, բարդ է ստացվելու՝ նաեւ այն պատճառով, որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը չի մասնակցելու նստաշրջանին, եւ հույս չկա, որ, ի դեմս դարավոր բարեկամների, հնարավոր կլինի հակահայկական երկու զեկույցների քվեարկության ժամանակ «դեմ» ձայների բավարար թիվ ստանալ: Ինչպես հայտնի է, 2014 թվականի ապրիլին ԵԽԽՎ-ն մինչեւ տարեվերջ Ռուսաստանին զրկել էր լիազորություններից, ռուսաստանցի պատգամավորներին հանելով Վեհաժողովում բոլոր ղեկավար պաշտոններից՝ Ղրիմի բռնակցման պատճառով: Ի դեպ, մեր պատվիրակությունը հիմնականում ձեռնպահ էր քվեարկել այդ առաջարկին։ Անցած տարի ամռանը Վեհաժողովը հրաժարվեց Ռուսաստանին վերադարձնել լիազորությունները եւ Ռուսաստանն ագրեսոր երկիր որակող հռչակագիր ընդունեց, որին կողմ քվեարկեց 28, դեմ՝ 7 պատգամավոր: Իրենք՝ ռուս խորհրդարանականներն էլ օրերս քննարկել են ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին իրենց մասնակցության հարցը եւ որոշել, որ չեն գնալու։ Անգամ այդ մասին նամակ են գրել ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերին։ Ավելին, դրանից առաջ էլ՝ նոյեմբերին, ռուսաստանցի պատգամավորները որոշում են կայացրել այլեւս եվրոպական երկրներ գործուղումներ չմեկնել, սահմանափակվել միայն հետխորհրդային տարածքի երկրներ մեկնելով։ Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ եթե հանկարծ Ստրասբուրգում որոշեն Ռուսաստանին վերադարձնել լիազորությունները, պատվիրակության մի մասը կարող է մեկնել Ստրասբուրգ, սակայն նման սցենարը քիչ հավանական է համարվում: Կարճ ասած՝ ռուսները խռովել են ԵԽԽՎ-ից եւ այնքան ուժեղ ու ինքնավստահ են իրենց զգում, որ կարող են բոյկոտել այս հեղինակավոր կառույցը։