ՀՅԴ-ի «բարդ մաթեմատիկական» առաջարկությունները

ՀՅԴ-ի «բարդ մաթեմատիկական» առաջարկությունները

Դաշնակցությունը Վարդան Պողոսյանի եւ Հրայր Թովմասյանի հետ Ընտրական նոր օրենսգրքի ստեղծման շրջանակներում բովանդակային մի քանի առաջարկներ է ներկայացրել։ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը երեկ մեզ ասաց, որ իրենց տեսակետները ներկայացրել են հիմնականում երկու հարցի վերաբերյալ։



«Առաջինը կայուն խորհրդարանական մեծամասնություն հասկացությունն է եւ դրա չափանիշները, երկրորդը համամասնական ընտրակարգի հիմնական մոտեցումներն են։ Առաջինի վերաբերյալ մեր մոտեցումն այն է, որ կայուն խորհրդարանական մեծամասնությունը քանակական եւ որակական չափանիշների համախումբ պետք է լինի։



Մեր գնահատմամբ՝ կայուն խորհրդարանական մեծամասնությունը պետք է համարենք առկա, եթե մեկ քաղաքական ուժ կամ նախընտրական դաշինք առաջին փուլի արդյունքներով ստացել է 50+1տոկոս ձայն կամ ընտրությունից հետո որոշակի ժամանակվա, օրինակ՝ 14 օրվա ընթացքում ձեւավորել է քաղաքական կոալիցիա, որի անդամների թիվն ավելին չէ, քան երեքը, եւ որոնց համատեղ ձայների կամ նվաճած մանդատների տեսակարար կշիռը պակաս չէ, քան 54 տոկոսը՝ ընդհանուր մանդատների թվի, բայց ոչ ավելի, քան 2/3-ը». այսպիսի բարդ մաթեմատիկական ու խճճող հաշվարկներով ներկայացրեց իրենց առաջարկները Արծվիկ Մինասյանը։



Հաշվարկներն այսքանով չսահմանափակվեցին, եթե վերոնշյալ իրավիճակը չապահովվի, ապա երկու հնարավոր տարբերակ կարող է աշխատել, երբ մասնակցում են առաջին երկու առավելագույն ձայներ ստացած կուսակցությունները կամ դաշինքները, կամ երկրորդ փուլ կանցկացվի արգելապատնեշը հաղթահարած բոլոր քաղաքական ուժերի մասնակցությամբ՝ թույլատրելով նախընտրական նոր դաշինքների ձեւավորումը։ Եվ երկրորդ փուլում մեծամասնություն ստացած քաղաքական ուժը կստանա ընդհանուր պատգամավորական տեղերի 54 տոկոսը։ Սրանք դեռ առաջին հարցի հետ կապված իրենց մոտեցումներն են։ Նրանք ընտրատարածքների հետ կապված հարցում եւս իրենց տեսակետներն ունեն։



«Մենք համարում ենք, որ համամասնական ընտրակարգի անցկացումը պետք է տեղի ունենա կիսաբաց կամ կիսափակ ցուցակների միջոցով, որի էությունը հետեւյալն է. կուսակցությունը հանրապետության ամբողջ տարածքում ստացած ձայների կամ նվաճած մանդատների 50 տոկոսը պետք է բաժին հանի մեծ ցանկին, մնացած 50 տոկոսը բաժանվի տարածքների միջեւ»,-ասաց պարոն Մինասյանը՝ նշելով, որ ընտրատարածքների թիվն էլ պետք է առնվազն երեք անգամ կրճատվի՝ 41-ից հասնելով 13-ի։



Արդյոք իշխանության պատկերացրած եւ առաջարկած տարբերակներում որեւէ մտահոգիչ բան տեսնո՞ւմ են իրենք, որ կարող է փորձ արվել, որ իշխանական շահերից բխող կետեր սողոսկեն նոր օրենսգիրք։ Եվ արդյոք դրա դեմ փորձո՞ւմ է պայքարել Դաշնակցությունը՝ որպես ընդդիմադիր ուժ։ «Մենք ոչ միայն փորձում ենք, այլ մեր առաջարկություններով ստեղծում ենք մի վիճակ, որ այն սահմանադրական նորմը, որ բոլոր քաղաքական կուսակցությունները պետք է ունենան հավասար իրավական հնարավորություններ, լիարժեքորեն իրացվի»,-ասաց ՀՅԴ-ական պատգամավորը։



Ժամկետների մասով էլ Արծվիկ Մինասյանն ասաց՝ կարծում է, որ գոնե մինչեւ փետրվարի առաջիկա տասնօրյակ նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը պետք է հրապարակվի, որպեսզի լայն քննարկման հնարավորություն ունենան։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ