ԱԺ «անկարգ» պատգամավորների հարցը կքննեն փետրվարի 1-ին

ԱԺ «անկարգ» պատգամավորների հարցը կքննեն փետրվարի 1-ին

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ Էթիկայի հանձնաժողովի նիստը, որտեղ քննվում էր ԱԺ «անկարգ» պատգամավորների հարցը։ Նրանք, հիշեցնենք, թվով յոթն էին և Էթիկայի հանձնաժողովի դատին են արժանացել ուրիշի փոխարեն քվեարկելու պատճառով։ Այդ փաստը արձանագրել էր լրագրող Լիլիթ Լալայանը, հրապարակել, ապա տեսնելով, որ դրանից օգուտ չկա, դիմել էր էթիկայի հանձնաժողով։



Հանձնաժողովի նախագահ Վահան Բաբայանը նիստից հետո լրագրողներին ասաց, որ հանձնաժողովը միաձայն որոշեց գործը վարույթ ընդունել՝ նշելով, որ փաստեր են ներկայացված, և հանձնաժողովը որևէ հիմք չունի՝ մերժելու լրագրողի ներկայացրած դիմումը։



«Հարցի քննարկումը կկայանա փետրվարի 1-ին, ժամը 13:30, բոլոր կողմերով մենք կուսումնասիրենք, քանի որ կանոնակարգ օրենքում նախատեսված են այդ բոլոր կետերը, կանոնակարգ օրենքում նշված է, որ պատգամավորը քվեարկում է ինքնուրույն, այսինքն՝ ամեն ինչ ասված է այդ մասին, և Էթիկայի հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում իր բոլոր ամրագրումները կանի»,-ասաց նա։



Այսինքն՝ ըստ էության պատգամավորները խախտե՞լ են կանոնակարգ օրենքը, Բաբայանն ասաց․ «Ես ընդամենը ասում եմ, որ կանոնակարգ օրենքում գրված է, որ պատգամավորը քվեարկում է ինքնուրույն։ Սևը սպիտակի վրա նման բառեր գոյություն ունեն օրենքում, և քանի որ կա փաստ, որ պատգամավորները քվեարկել են ոչ իրենց փոխարեն, ավտոմատ դա ընդունվել է վարույթ։ Խախտում է դա, թե չէ, դա պետք է որոշի հանձնաժողովը, որի որոշումը և եզրակացությունը կհրապարակվի»։



Hraparak.am-ի հարցին՝ Էթիկայի ահնձնաժողովո որոշումը կարո՞ղ է հիմք հանդիսանալ ԱԺ ղեկավարության համար, որ պատգամավորների նկատմամբ որոշակի սանկցիաներ կիրառվեն, պարոն Բաբայանն ասաց․ «Ամենակարևոր հարցն եք տալիս, ես էի ուզում հենց անդրադառնալ այդ հարցին, ես կարծում եմ, որ մենք այս տարի անպայման գնալու ենք ԱԺ կանոնակարգի փոփոխության, և Էթիկայի ահնձնաժողովի որոշումներն ու արձանագրած բոլոր կետերն արդեն պետք է կարողանանք հասցնել այնպիսի վիճակի, որպեսզի ԱԺ ղեկավարությունը, ԱԺ նախագահն ունենան այդ սանկցիաները կիրառելու հնարավորություն՝ օրենքի նախատեսած կարգով։ Այսինքն՝ ոչ թե դա լինի ԱԺ նախագահի իրավունքը՝ պատժել կամ չպատժել, այլ հիմնականում դա օրենքով նախատեսված լինի, թե որ դեպքերում ինչպիսի սանկցիաներ են նախատեսվում»։



Իսկ այս պահի դրությամբ, ըստ Վահան Բաբայանի, իրենք բոլորը պատգամավորներ են, այլ ոչ թե դատավորներ, որպեսզի դատեն իրենց գործընկերներին։



Մեր ճշտող հարցին՝ այս պահին գործող օրենքով, եթե Էթիկայի հանձնաժողովն արձանագրի, որ խախտում է տեղի ունեցել, այդ որոշումը ԱԺ նախագահը օրենքով իրավունք ունի՞ հիմք ընդունել՝ սանկցիաներ կիրառելու նպատակով, Վահան Բաբայանն ասաց․ «Ես կարծում եմ՝ քանի որ այս պահին գործը վարույթ է ընդունվել, և մենք պետք է համակողմանի ուսումնասիրենք այս գործի ընթացքը, ես այս պահին չեմ կարող Ձեզ կոնկրետ պատասխանել»։



Հիշեցնենք, որ այդ յոթ պատգամավորներն են ԲՀԿ խմբակցության ներկա եւ նախկին անդամներ Արշակ Մխիթարյանը (Բռիլյանտի Արշակ), Բազմասեր Առաքելյանը, ՀՀԿ-ականներ Համլետ Հարությունյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Սեյրան Սարոյանը, որն ուրիշի փոխարեն քվեարկելու հարցում առաջամարտիկներից է, Սպարտակ Մելիքյանն ու Կարեն Սարիբեկյանը։ Նրանց մեծ մասը մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորներ են։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ