«Երեւան ջուրը» պարտվելո՞ւ է

«Երեւան ջուրը» պարտվելո՞ւ է

Քաղաքակիրթ կենցաղավարությունը ենթադրում է կենտրոնացված ջրամատակարարում։ Այս ճշմարտությունն ընդունելով, կառավարությունը բանակցային ընթացակարգով ընտրելու է մի ընկերություն, որը կվարձակալի Հայաստանում գործող հինգ ջրամատակարար ընկերությունների գույքն ու համակարգերը։ Դրանք են՝ «Երեւան ջուր»-ը, «Հայջրմուղկոյուղի»-ն, «Լոռի ջրմուղկոյուղի»-ն, «Շիրակ ջրմուղկոյուղի»-ն եւ «Նոր ակունք»-ը։ Նոր վարձակալը պատասխանատու է լինելու Հայաստանի ջրամատակարարման համար ամբողջ 15 տարի։ Մրցույթի նախաորակավորման փուլը պետք է տեղի ունենար այսօր, սակայն երեկ ժամկետը հետաձգվեց մինչեւ փետրվարի 22-ը, քանի որ կառավարությունը չի հասցրել ավարտել նախապատրաստական աշխատանքները։ Փետրվարի 22-ին բացվելու են ընկերությունների ներկայացրած փաթեթները, հարցեր են ուղղվելու մասնակիցներին։ Ընդհանուր մրցութային գործընթացը կտեւի մի քանի ամիս։



Հայտեր դեռ չկան



Այս պահին մրցութային հանձնաժողովը, որը գլխավորում է կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որեւէ հայտ չի ստացել։ Այս մասին հայտնեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեից, սակայն հայտատուները հայտնի են։ Նրանք իրենց փաթեթները ներկայացնելու են այսօր, մինչեւ 10։30-ը։



Հայաստանի ջրամատակարարման համակարգն աշխատեցնելու գործառույթը վիճարկելու են երեք թեկնածուներ՝ «Երեւան ջուր» ընկերությունը՝ ի դեմս ֆրանսիական վարձակալ «Վեոլիայի», որը ներկայումս սպասարկում է Երեւան քաղաքը եւ մինչեւ 15 կմ շառավղով գտնվող հարակից 30 գյուղերը, «Հայջրմուղկոյուղին», որն սպասարկում է Հայաստանի մարզերի մոտ 350 բնակավայրեր, եւ «Էյ Ի Ջի սերվիս» ՍՊԸ-ն, որը գազի ներտնային սպասարկումն է ապահովում։ Այս գազային ընկերությունը հայտնի է նրանով, որ 2014 թվականին կոնսորցիում ստեղծեց Լոռու, Շիրակի եւ Արմավիրի ջրամատակարար ընկերությունների հետ եւ այժմ սպասարկում է մոտ 320 հազար բաժանորդի։ Կոնսորցիումը պաշտոնապես ստեղծվեց ջրամատակարարման համակարգը բարելավելու նպատակով, սակայն միավորման իրական պատճառը գերմանական KFW բանկից խոշոր վարկ ստանալն էր, ինչի համար ընկերություններից որեւէ մեկը չուներ բավարար կանոնադրական կապիտալ, եւ միայն միասին դրանք կարողացան փողը վերցնել։



«Երեվան ջուր» ընկերությունում վստահ են, որ հաղթելու են



Բայց այսօր սա այնքան էլ կարեւոր չէ, որովհետեւ, ամենայն հավանականությամբ, «Էյ Ի Ջի սերվիս»-ը մրցույթին մասնակցում է դեմոկրատիայի շղարշ ստեղծելու համար։ Իսկ իրական պայքարը գնալու է երկու հիմնական ջրամատակարարների միջեւ՝ «Հայջրմուղկոյուղու» եւ «Երեւան ջուր» ընկերության։ Երկու ընկերություններում էլ քննարկումների հիմնական թեման մրցույթում հաղթելու սեփական շանսերն են։ «Երեւան ջուր» ընկերությունում վստահ են, որ իրենք են հաղթելու, եւ որ իրենց ընկերությունն անվիճելի առավելություններ ունի։ Նախ, այն մոտ 1 մլն. 100 հազար բաժանորդ ունի, ավելի շատ, քան «Հայջրմուղկոյուղին» (1 մլն.-ից պակաս)։ Երկրորդ առավելությունը մասնագիտական ներուժն է։ Այս ընկերության ղեկավար կազմը հիմնականում պոլիտեխնիկն է ավարտել եւ ունի ինժեներական բարձրագույն կրթություն։



Այսպես է Երեւանում, բայց ոչ մարզերում։ Մարզերում «ջրի մարդու» պաշտոնին ընդունվում են հիմնականում համայնքի ղեկավարի ծանոթ-բարեկամները՝ պատահական կրթությամբ, եւ սա խայտառակ իրավիճակ է ստեղծում ոլորտում, երբ թեթեւ վթարը վերացնելու համար օրեր են պետք։ Այս մասին շատ է գրվել։ Նույն Շիրակում, մասնավորապես Գյումրի քաղաքում, այս իմաստով անմխիթար վիճակ է։ Եվ, վերջապես, 2006 թվականից մինչ օրս «Վեոլիան» ընդամենը մեկ անգամ է վարկ ստացել՝ մոտ 20 մլն. դոլարի չափով, որը խնայողաբար ծախսել է մինչեւ 2011 թվականը, իսկ 2011 թվականից աշխատել է բացառապես սեփական խնայողությունների եւ միջոցների շնորհիվ։ Թե ինչ է կատարվել Երեւանի ջրամատակարարման ցանցի հետ այս տարիներին, գիտի ցանկացած երեւանցի, որին դեռ մի քանի տարի առաջ շուրջօրյա ջրամատակարարումը հեքիաթ էր թվում։ Այսօր Երեւանի 82 տոկոսը 24-ժամյա ջուր ունի։ Էլեկտրաէներգիայի խնայողությունների արդյունքում ջրի վաճառքը 2006 թվականի համեմատ ավելացել է մոտ 9 տոկոսով, այն դեպքում, երբ ջրի հիմնական սպառողները՝ մայրաքաղաքի գործարաններն ու «Նաիրիտը», չեն աշխատում։



«Հայջրմուղկոյուղի»՝ վարկեր եւ կապեր



«Հայջրմուղկոյուղին» այս տարիների ընթացքում միլիոնավոր վարկեր է վերցրել։ Ըստ ընկերության ներկայացրած թվերի՝ 150 մլն. դոլարի։ Դրանց անարդյունավետ ծախսման վերաբերյալ բազում հրապարակումներ են եղել, նույնիսկ քրեական գործեր են հարուցվել։ Վերջին սկանդալը կապված էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ «Հյուսիսարեւմտյան» մասնաճյուղի Արթիկի տեղամասի պետ Կարեն Չախոյանի հետ, որը նախկին ոստիկանապետ Ռոբերտ Չախոյանի որդին է եւ մեղադրվում է գյուղերից կաշառք վերցնելու համար։ Գործով նաեւ ջրմուղի այլ աշխատողներ էին ներգրավված։ Բայց, անկախ քրեական զարգացումներից եւ ՀՀ քաղաքացիների բողոքներից, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի նկատմամբ մեր կառավարությունն ակնհայտ բարյացակամ է տրամադրված։ Ընկերության պայմանագրային կառավարիչ՝ ֆրանսիական «Սաուր» ընկերության գործադիր նախագահ Ժերոմ Լե Կոնտիին վարչապետ Հովիկ Աբրահամյանը տարին մեկ-երկու անգամ մեծ փառքով ընդունում է, ինչը չի կարելի ասել «Վեոլիայի» ղեկավարության մասին։ Հավանաբար, «սիմպատիայի» խնդիր է եւ այն կապերի, որն ունի «Հայջրմուղկոյուղին» ՀՀ կառավարությունում։ Գրվել է, որ ընկերության ներդրումային ծրագրերի գրասենյակի տնօրեն Նորիկ Գալստյանը վարչապետի վարորդ Գոքորի եղբայրն է, եւ այս հանգամանքի շնորհիվ նա «Հայջրմուղկոյուղում» առաջին մարդկանցից մեկն է։ Կարծում ենք, հենց «Հայջրմուղկոյուղու» վրա է կանգնելու մրցութային հանձնաժողովի ընտրությունը, եւ դրանում դեր է խաղալու այս ընկերության՝ վարկեր եւ մեծ գումարներ ներգրավելու ունակությունը։



Անջրդի գյուղերի հարցը մրցույթով չի լուծվելու



Ի՞նչ է լինելու Հայաստանի մոտ 950 համայնքներից մոտ 600-ի, ավելի ճիշտ՝ 560 գյուղերի ճակատագիրը, որոնք այսօր ջուր չունեն, եւ «Հայջրմուղկոյուղին» չի կարողացել այս տարիների ընթացքում սրանց ջրամատակարարումն ապահովել։ Վարչապետի խորհրդական, մրցութային հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Խաչատրյանը, որը Դավիթ Հարությունյանի աջ ձեռքն է, այս հարցին պատասխանելով ասաց, որ այդ գյուղերի սպասարկման հարց տվյալ մրցութային գործընթացի շրջանակներում չի դրվելու։



«Բայց հետագայում, վարձակալության այդ 15 տարվա մեջ սկզբունքորեն կարող է ընդլայնվել աշխարհագրությունը, եւ այս գյուղերը եւս ներառվեն»։ Մի խոսքով, ջրամատակարարման քարտեզից դուրս հայտնված համայնքներում ջրի հարցը մնալու է գյուղապետի զոռբայության, մի տեղից մի գրանտ ճարելու, կառավարությունից, մարզպետարանից մի երկու կոպեկ պոկելու ունակության վրա։ Գագիկ Խաչատրյանը նաեւ հայտնեց, որ մրցույթով ընտրված ընկերությունը ողջ Հայաստանի տարածքում աշխատելու է միասնական սակագնով։ «Կընտրվի, բնականաբար, ամենացածր սակագին ներկայացնող ընկերությունը»,- ասաց նա եւ հրաժարվեց պատասխանել մյուս հարցերին, պատճառաբանելով, որ ավելի ճիշտ կլինի դրանք ուղղել Ջրային տնտեսության կոմիտեին, որն զբաղվում է այս գործով։ Կոմիտեից էլ պատասխանում են, որ նախաորակավորման հայտարարությունից դուրս որեւէ ինֆորմացիա տրամադրել չեն կարող։ Իսկ այդ հայտարարության մեջ ընդամենը մի քանի ստանդարտ չափանիշներ են թվարկվում՝ վերջին 15 տարում ջրերի համակարգերի կառավարման փորձի առկայություն, տարեկան մոտ 50 մլն. դոլարի շրջանառություն եւ այլն։ Իսկ թե ինչ համակարգ է ուզում ունենալ կառավարությունը, արդյոք այն դնո՞ւմ է ջրի սակագինը չբարձրացնելու, ներդրումներ կատարելու կամ ներգրավելու, տեխնիկական հագեցվածության եւ այլ պահանջներ, հայտատու ընկերություններում ինֆորմացիա չունեն։