Նուբարաշենում տեղի ունեցած ավտովթարի մասնակիցը չի ներգրավվել որպես մեղադրյալ

Նուբարաշենում տեղի ունեցած ավտովթարի մասնակիցը չի ներգրավվել որպես մեղադրյալ

Սեպտեմբերի 6-ին Նուբարաշենում վաղ առավոտյան երկու ավտոմեքենա՝ Ford Transit եւ «Запорожец» մակնիշների, բախվել են իրար։ «Запорожец»-ի վարորդը՝ 66-ամյա Տիգրան Զաքարյանը, մահացել է տեղում։ Նրա մարմինը մաս-մաս են հանել ճզմված «Запорожец»-ի միջից։ Տիգրանի այրին ամուսնու մահվան համար մեղադրում է Ford Transit-ի վարորդին՝ 36-ամյա Դավիթ Մինասյանին, որը «Նուբարաշենի թռչնաֆաբրիկայում» աշխատում է որպես առաքիչ։ Հանգուցյալի ընտանիքում համոզված են նաեւ, որ Մինասյանին օգնում է թռչնաֆաբրիկայի տեր, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդին։ Լուրերի համաձայն, Դավիթ Մինասյանը Հակոբ Հակոբյանի որդու մտերիմներից է, նրա վարորդը, սակայն պատգամավորը հերքում է այս տեղեկությունները։



Դավիթ Մինասյանի ընտանիքը վթարից անմիջապես հետո պատրաստակամություն էր հայտնել հոգալ հուղարկավորության եւ գերեզմանի կառուցման հետ կապված ծախսերը, սակայն հետագայում մի փոքր գումար նետելով Զաքարյաններին, հրաժարվել էին խոստումից։ Այս մասին գրել էինք հունվարի 16-ին մեր «Սարի պես ամուսինս մահացավ, իսկ սպանողն ազատ ման է գալիս» հոդվածում։ Հրապարակումից հետո մեզ հետ կապվեց Դավիթ Մինասյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը եւ հայտնեց, որ Մինասյանն այս գործով որպես մեղադրյալ չի ներգրավվել։ Նա փոխանցեց Դավիթ Մինասյանի նամակը մեր հրապարակման վերաբերյալ։ «Նախ ցանկանում եմ եւս մեկ անգամ իմ ցավակցական խոսքն ուղղել հանգուցյալի ընտանիքի անդամներին: Քանի որ ներկայումս տվյալ գործը գտնվում է քննչական մարմիններում, ես չեմ հրապարակի նախաքննության գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը: Միայն անդրադառնամ հոդվածում ներկայացված որոշ անճշտություններին: Այսպես. ես՝ Դավիթ Մինասյանս, չեմ հանդիսանում մեղադրյալ, Տիգրան Զաքարյանը չի եղել իմ զոհը, դեպքի վայրից ինձ չեն փախցրել «մի շատ սիրուն, հարուստ մեքենայով», ինչպես ներկայացվել է հոդվածում, այլ տեղափոխել են ոստիկանության ավտոմեքենայով։ Ես հանգուցյալին մինչեւ ավտովթարը չեմ ճանաչել:



Տեղի է ունեցել ավտովթար, որի արդյունքում մահացել է Տիգրան Զաքարյանը, իսկ ես ստացել եմ մարմնական վնասվածքներ: Ցավոք սրտի, մեր հասարակությունը, այդ թվում՝ իրավապահ մարմինները, հիմք են ընդունում միայն այն, որ եթե «Զապորոժեց» տրանսպորտային միջոցի վարորդը մահացել է, իսկ ես ստացել եմ մարմնական վնասվածք, ապա դրանից կարելի է հետեւություն անել, որ ես եմ պատահարի մեջ մեղավորը:



Համոզված եմ, որ նման տրամաբանությամբ շարժվելը սխալ է: Հոդվածում գրված է, որ ես չեմ «զիջել» հանգուցյալի կողմից վարած «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենային, ապա նշեմ, որ երկուսս էլ երթեւեկել ենք զուգահեռ, այսինքն` խնդիրը «զիջելու» մասին չէ, այլ ով է դուրս եկել հանդիպակաց ուղեմաս: Դեպքը տեղի է ունեցել մութ ժամին (առավոտյան ժամը 6-ի սահմաններում), իսկ հանգուցյալ Տիգրան Զաքարյանը երթեւեկել է «Զապորոժեց» մակնիշի ավտոմեքենայով, լույսերն անջատած վիճակում եւ, իմ պնդմամբ՝ մասնակի դուրս եկած իմ ուղեմաս: Այս վթարին ականատես եմ եղել միայն ես, իմ իմանալով՝ այլ ականատեսներ չկան, հետեւաբար չեմ պատկերացնում, թե ով է ներկայացրել, որ ես չեմ «զիջել» ճանապարհը, որի արդյունքում տեղի է ունեցել այս ողբերգական դեպքը: Ինչ վերաբերում է, որ ես Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու ընկերն եմ, որ նա իմ հովանավորն է, որ ինձ չեն կալանավորում նրա հովանավորության արդյունքում, ասեմ, որ սա սխալ տեղեկատվություն է: Ես Նուբարաշենի թռչնաֆաբրիկայի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի որդու ընկերը չեմ, ուղղակի այդ ընկերությունում աշխատում եմ, ես չունեմ հովանավորողներ, ես դիմել եմ փաստաբանական ծառայությանը, իմ նկատմամբ չեն ընտրել խափանման միջոց կալանք, ենթադրում եմ նրա պատճառով, որ ես մեղադրյալ չեմ, չեմ փախել, չեմ խոչընդոտել քննությանը, եւ, իմ իմանալով, մարդուն կարելի է կալանավորել օրենքով միայն այդ դեպքերում: Ես այն շարքային մարդկանցից մեկն եմ, որը Հայաստանում ապրում եւ վարում է տրանսպորտային միջոց, եւ որի հետ կարող է տեղի ունենալ ավտովթար, որի արդյունքում կարող է դժբախտ պատահար տեղի ունենալ: Բայց, իմ կարծիքով, եթե այդ դեպքը տեղի է ունեցել իմ հետ, դա չի նշանակում, որ պետք է ինձ վարկաբեկել, ներկայացնել որպես բացասական կերպար, որը չունի որեւէ զգացմունք, որը չի ցավում տեղի ունեցածի կապակցությամբ: Հավաստիացնում եմ Ձեզ, որ ես ոչ պակաս եմ ցավում տեղի ունեցածի կապակցությամբ եւ շատ ծանր եմ տանում հետեւանքները: Ինչ վերաբերում է հուղարկավորության գումարներին, ապա ես պարզել եմ, որ հանգուցյալի հուղարկավորության համար ապահովագրական ընկերությունը, որտեղ ապահովագրված է իմ տրանսպորտային միջոցը, հանգուցյալի ընտանիքին կվճարի շուրջ մեկ միլիոն երկու հարյուր հազար ՀՀ դրամ»: 



ՀԳ․ Զոհվածի այրի Զարուհի Եղիկյանն ապահովագրական գումարի մասին տեղյակ էր, այս նամակի կապակցությամբ նա իր հերթին մեզ հայտնեց, որ Դավիթ Մինասյանը ոչ մի անգամ իրեն չի ցավակցել, որ դեպքից հետո նրան հնարավոր չէր գտնել, որ վթարի նկարագրության հետ ինքը համաձայն չէ եւ շարունակելու է բողոքել։