Մարդ ոնց կարող է ուտել այդքան աղի ուտելիքը միայն նրա համար, որ երազում իր ապագա կեսին տեսնի

Մարդ ոնց կարող է ուտել այդքան աղի ուտելիքը միայն նրա համար, որ երազում իր ապագա կեսին տեսնի

Երիտասարդների եւ սիրո բարեխոս Սուրբ Սարգսի տոնը, որը հաճախ ասոցացվում է եվրոպական երկրներում նշվող Սուրբ Վալենտինի տոնի հետ, Հայաստանում նշվում է ոչ միայն եկեղեցական ծիսակարգով, այլեւ ավանդույթ դարձած ժողովրդական սովորույթներով: Տոնը շարժական է, իսկ այս տարի այն նշվում է հունվարի 23-ին: Այդ օրը պատրաստվում է մեծ ճանաչողություն վայելող աղի բլիթը, որն ուտելուց հետո ջուր չեն խմում, որպեսզի իրենց ապագա կինը կամ ամուսինը երազում գա եւ տա ջուրը, լինում են նաեւ մարդիկ, ովքեր սկուտեղի մեջ ալյուր են լցնում ու դնում դրսում, եւ,ըստ ավանդույթի, եթե դրա վրա հայտնվի Սուրբ Սարգիս Զորավարի ձիու պայտի տեղը, ուրեմն այդ տարի իրենց տան երիտասարդներից մեկն ամուսնանալու է:



Երիտասարդների հետ զրույցից պարզ դարձավ, որ այն դարձել է իրենց սիրելի տոներից մեկը. «Նախկինում ուշադրություն չէի դարձնում այս ամենին, աղի բլիթ ուտելն էլ շատ հաճելի չէր: Մի անգամ ընկերուհուս առաջարկով մասնակցեցինք եկեղեցում կատարվելիք ծեսին. այդ օրվանից սկսած ամեն տարի ուտում եմ աղի բլիթը, ու թեեւ երազումս դեռ չեմ տեսել ինձ ջուր տվող երիտասարդին, բայց հավատով սպասում եմ», - ոգեւորությամբ պատմեց աղջիկը: Այս տոնին սիրահարները գեղեցիկ նվերներ եւ անակնկալներ են պատրաստում իրենց սիրելիների համար. «Միշտ օրերով մտածում եմ՝ ինչ նվիրեմ, ու ամեն անգամ նվիրելիս հասկանում եմ, որ նվերի գեղեցկությունը ոչ թե արժեքի մեջ է, այլ մատուցման: Սիրում եմ էս տոնը. մի տեսակ բարի է», - նշեց մի երիտասարդ:



«Տոնին լավ եմ վերաբերում, սիրահարների համար միմյանց նվերներ անելու գեղեցիկ առիթ է: Հավատում եմ, որ մարդիկ կարող են ամուսնանալ այն մարդու հետ, ում տեսել են աղի բլիթ ուտելու գիշերը, բայց ամուսինս իմ կյանքում ավելի շուտ հայտվեց, քան այս տոնը մեծ ժողովրդականություն կվայելեր: Կարծում եմ՝ երազում ապագա կնոջդ կամ ամուսնուդ տեսնելու մեջ մեծ նշանակություն ունի ներշնչանքը: Այս տոնից սեր ու ջերմություն է կաթում», - պատմեց մեկ այլ աղջիկ:



Դժգոհողներ եւս եղան. «Մարդ ոնց կարող է ուտել այդքան աղի ուտելիքը միայն նրա համար, որ երազում իր ապագա կեսին տեսնի», - մի փոքր բարկացած ասաց տղան: Կար ժամանակ, երբ Սուրբ Վալենտինի տոնն ավելի մեծ ժողովրդականություն էր վայելում մեզանում, բայց, միեւնույն է, ազգայինն ուրիշ է, այն մերն է, իսկ սեփականը միշտ ամենալավն է: Շնորհավոր Սուրբ Սարգսի տոնը:



Գայանե Իսրայելյան