Գլխավոր դատախազը ոմանց հեռացնում է, մյուսներին՝ խրախուսում

Գլխավոր դատախազը ոմանց հեռացնում է, մյուսներին՝ խրախուսում

Գլխավոր դատախազության համակարգում մեծ թվով թափուր պաշտոններ կային, եւ կադրային փոփոխությունները, որոնց մասին հայտնի դարձավ օրերս, համակարգում սպասված էին։ Նոր նշանակումներից ամենատեսանելին, թերեւս, Սյունիքի մարզի դատախազ Արմեն Աֆանդյանին Երեւան բերելն էր։ Նա այժմ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազն է։ Այս նշանակումը փոքր-ինչ զարմանալի էր այն իմաստով, որ Աֆանդյանն «ամենահին» դատախազներից է։ Կոստանյանի կողմից «սիրված» Աղվան Գառնիկիչի կադրերից է եւ նրա համերկրացին՝ Ապարանից։ Սա նշանակում է, որ դատախազությունում պրոֆեսիոնալ նոր կադրեր, քննության գիտակներ այդպես էլ չեղան, եւ Կոստանյանը փորձում է հներից նշանակումներ անել։ Մյուս կողմից, Աֆանդյանին Երեւան բերելով, հնարավոր է, որ նա խրախուսում է վերջինիս Սյունիքում Լիսկայի հարազատներին առնչվող գործերով քննությունները ճիշտ հունով տանելու, քրեական օլիգարխի ընտանիքին սպիտակերես անելու, հանրության թուքումուրն անմռունչ ուտելու համար։ Աֆանդյանի փոխարեն Սյունիքի մարզ ուղարկեցին արդարադատության երրորդ դասի խորհրդական Վազգեն Հարությունյանին, որը մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազի տեղակալն էր։ Սա միակ նորությունը չէ Մալաթիա-Սեբաստիայում։ Մեկ շաբաթ առաջ հեռացավ այս վարչական շրջանի դատախազ Սասուն Խաչատրյանը, որը քաղաքի դատախազ Հրաչ Բադալյանի մարդն էր։



Սասուն Խաչատրյանին, ասում են, այլ՝ ավելի ցածր պաշտոն էին առաջարկել՝ դատախազի տեղակալ։ Նա չի համաձայնել եւ թոշակի գնալու դիմում է գրել, թեեւ թոշակի տարիքից դեռ բավականին հեռու էր։ Նրա փոխարեն Մալաթիա-Սեբաստիա են տարել Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի տեղակալ Տիգրան Ամբարյանին։ Նա դատախազության ստաժավոր խոսնակ, տեղեկատվության վարչության նախկին պետ Գուրգեն Ամբարյանի որդին է։ Ամբարյանի մյուս որդին էլ էր դատախազությունում, եւ Կոստանյանը նրան ազատեց գործից, իսկ Տիգրանին, փաստորեն, առաջ քաշեց, տեղակալից դարձնելով վարչական շրջանի դատախազ։ 



Հետաքրքիր ներկուլիսային զարգացումներ են տեղի ունեցել Տավուշի մարզի դատախազ Տիգրան Սարգսյանի շուրջ։ Ըստ դատախազության տարածած հաղորդման, նա ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ սեփական դիմումի համաձայն: Մեր տեղեկություններով, սակայն, վերջինիս դեմ «կոմպրոմատ» է եղել, մարզի դատախազությունում խնդիրներ են կուտակվել, եւ Սարգսյանն ստիպված է եղել դիմում գրել թոշակի անցնելու կապակցությամբ։ Այժմ Տավուշի դատախազն է արդարադատության երրորդ դասի խորհրդական Արմեն Մարուխյանը։ Նա Գլխավոր դատախազության հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի տեղակալն էր։ Սա եւս հին կադրերից է, «միջազգայինից» եւ աշխատանքի է ընդունվել դեռ Աղվան Հովսեփյանի պաշտոնավարման տարիներին։ Արդարադատության առաջին դասի խորհրդական Դավիթ Վեքիլյանը նշանակվել է Արագածոտնի մարզի դատախազ՝ ազատվելով ՀՀ գլխավոր դատախազության ՀԿԳՔ վարչության ավագ դատախազի պաշտոնից: Հանրությանն ավելի հայտնի է Վեքիլյանի նախկին կինը՝ ՀԿ նախագահ Թամար Գեւորգյանը, որն «Այո-Ոչ» հեռուստաշոուի մասնակիցներից էր եւ ակտիվորեն «ոչ» էր քարոզում։ Վեքիլյանը նախկինում զինդատախազությունում է եղել, քննիչ էր, հետո տեղափոխվել է ՀՔԾ, ապա՝ հատկապես կարեւոր գործերի քննության վարչություն։ Նոր պաշտոն է ստացել Կոստանյանի կադր Հրաչյա Այվազյանը։ Նա նշանակվել է Շիրակի կայազորի զինվորական դատախազ՝ ազատվելով զինվորական կենտրոնական դատախազության ավագ դատախազի պաշտոնից: Գեւորգ Կոստանյանը ժամանակին ուզում էր Հրաչյա Այվազյանին վարչության պետ նշանակել, սակայն ընդամենը կարողացավ ժամանակավոր պաշտոնակատար դարձնել։ Հրաչ Այվազյանը 27-ի գործով քննիչներից էր։ Նրա անունն իրեն խոշտանգումների ենթարկողների թվում տվել է հոկտեմբերի «27»-ի գործով որպես մեղադրյալ անցնող, իսկ հետագայում արդարացված Նաիրի Բադալյանը։ Այժմ այս անձն ամբողջ Շիրակի մարզի կայազորն է ղեկավարելու։



Ակնհայտ է, որ զինդատախազության նախկին կադրերը Կոստանյանի օրոք լավ առաջ են գնում։ Պատճառը թերեւս այն է, որ ինքը՝ Կոստանյանը, զինդատախազ է աշխատել, զինդատախազությունից է նաեւ նրա տեղակալ Արմեն Հարությունյանը։ Մինչդեռ, զինդատախազությունը համարվում էր ամենաթույլ քննչական օղակը, որը տարիներ շարունակ ՊՆ-ի տակ է աշխատել եւ ցանկացած քայլ համաձայնեցրել է պաշտպանության նախարարի հետ։