Նախարարությունները կամաց-կամաց տեղափոխվում են

Նախարարությունները կամաց-կամաց տեղափոխվում են

Մինչեւ փետրվարի 20-ը 5 նախարարություններ կթողնեն իրենց հին տարածքները եւ կտեղափոխվեն նախկին «Սեւան» հյուրանոցի ու Գլխավոր դատախազության արանքում կառուցված նոր կառավարական մասնաշենք։ Դրա հասցեն է՝ Վազգեն Սարգսյան 3։ Իսկ ի՞նչ է լինելու հին գրասենյակային տարածքների եւ շենքերի հետ։ Պետգույքի կառավարման վարչությունից այս հարցին առայժմ չեն կարողանում պատասխանել, քանի որ այս պահին նախարարությունների տարածքները հիմնականում գտնվում են կառավարության տնօրինման տակ։ «Եթե անշարժ գույքն անմիջապես չի տնօրինվում, այսպես ասած, օդում է մնում, նոր այդ ժամանակ այն մեզ կհանձնեն»,- պատասխանեց վարչության խոսնակը։ Բացառություն է կազմում սփյուռքի նախարարության տարածքը, որը Հրանուշ Հակոբյանի գերատեսչությունը վարձակալում էր «Էրեբունի պլազա» հյուրանոցից։ Այժմ, տեղափոխվելով նոր շենք, կառավարությունն ազատվելու է այս ծախսից, որը քիչ չէր՝ տարեկան 79 մլն. դրամ։ Սփյուռքի նախարարությունը երեք հարկ է զբաղեցնելու՝ 6, 7, 8։ «Արդեն տեղափոխել ենք իրերը, գրքերը, սարքավորումների, կաբելների մի մասը։ Կարծում եմ՝ մինչեւ փետրվարի 20-ն արդեն նոր շենքում կաշխատենք»,- ասաց սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը։ 



Արդարադատության նախարարությունը նոր համալիրում առանձին մասնաշենք է զբաղեցնելու։ Այստեղ վաղուց էին երազում քաղաքի կենտրոն վերադառնալու մասին՝ թերեւս 2008 թվականի փետրվարի 8-ից, երբ գիշերով գրեթե ամբողջությամբ հրկիզվեց նոր շենքի տեղում գտնվող հին վարչական շենքը։ Ասում էին, որ հրդեհի պատճառը հասարակ տաքացուցիչն է եղել, որն աշխատողները աշխատանքն ավարտելուց հետո չէին անջատել։ Հարկադիր կատարողները կմնան իրենց հին տեղում՝ «Չերեմուշկայում», եւ ավելի ազատ շունչ կքաշեն։ Ամենայն հավանականությամբ, նրանք կտնօրինեն նաեւ արդարադատության նախարարության գույքը, քանի որ նոր շենքում այս նախարարության համար նոր գույք է ձեռք բերվելու։ ԱԳՆ-ն, մշակույթի, կրթության եւ գիտության նախարարությունները եւս տեղափոխվում են նոր վարչական համալիր։ Վերջին երկուսը՝ կառավարության երրորդ մասնաշենքից։ Սրանց փոխարեն մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի հարեւանությամբ գտնվող այս շենք է գալու էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը, ինչը նրա համար, իհարկե, «իջեցում է»։ Հայտնի է, որ երրորդ կառավարականում աշխատասենյակները նեղ են, շենքն անհարմար է, եւ աշխատանքային պայմաններն էներգետիկայի նախարարության հին շենքի համեմատ վատն են։ Փոխարենը՝ էներգետիկայի նախարարությանը կհասնի կրթության եւ մշակույթի նախարարությունների գույքը։ Աշխատողներն իրենց հետ տանելու են միայն իրենց համակարգիչները։ Նոր շենքում նրանց համար նոր գույք է գնվելու։ Օդորակիչները եւս մնալու են էներգետիկներին։ Վազգեն Սարգսյան 3-ում կենտրոնական ջեռուցում է լինելու։



Դե, իսկ էներգետիկայի եւ արտաքին գործերի նախարարության շենքի ճակատագիրը հայտնի է։ 20-րդ դարի 40-ական թվականների այս կառույցը 2014 թվականին գնեց արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը՝ վճարելով 51 մլն. դոլարից քիչ ավելի։ Այս գումարը նա մաս-մաս էր տալիս, ըստ սահմանված ժամանակացույցի։ Պետգույքի կառավարման վարչությունում չմանրամասնեցին, թե գումարի որ մասն է վճարված, եւ ինչքան է այս պահին կազմում Էռնեկյանի պարտքը, ասացին միայն․ «Սահմանված ժամանակացույցից շեղումներ չկան։ Գումարի հիմնական մասը վճարված է»։ Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը, ըստ նախնական ծրագրի, ստալինյան այս շենքում հինգաստղանի հյուրանոց է կառուցելու։