«Ցանցերը» կարող են իջեցնել հոսանքի գինը հենց հիմա

«Ցանցերը» կարող են իջեցնել հոսանքի գինը հենց հիմա

Օրերս էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր ասուլիսում հայտարարեց, որ ՀԷՑ-ի վաճառքից հետո համակարգն օգուտով է աշխատում՝ 2,5 մլրդ. դրամի։ Սակայն Երվանդ Զախարյանի բերած թվաբանությունը որեւէ կերպ «չբացվեց»։ Որքանո՞վ է հնարավոր, որ այսքան կարճ ժամանակում ՀԷՑ-ը ոտքի կանգներ, եւ արդյոք նախարարի նշած «օգուտները» սակագնի թանկացման փոխհատուցումների հետեւա՞նք չեն։ Ի վերջո, եթե համակարգն օգուտով է աշխատում, ինչո՞ւ տեսանելի ապագայում չենք կարող իջեցնել հոսանքի սակագինը։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք տնտեսագետ, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպության փորձագետ Արտակ Մանուկյանի հետ, որն ուշի ուշով հետեւում է էներգետիկ նորություններին։ 



- ՀԷՑ-ի կայքում ֆինանսական հաշվետվություններն ավարտվում են 2014 թվականով, եւ չկա ոչ մի թափանցիկ տեղեկատվություն, որ մենք հասկանանք, որ համակարգն իրոք 2,5 մլրդ. դրամի օգուտով է աշխատել, եւ մյուս կոմպոնենտը՝ որ տեխնիկական կորուստները հասել են ընդհուպ 11 տոկոսի։ Ի՞նչն էր խանգարում, որ այս նույն 11 տոկոսը լիներ նախկինում։ Չէ՞ որ որեւէ փոփոխություն՝ գծերի, հոսանքալարերի, չի եղել։ Ներդրումներ այս իմաստով չեն եղել։ Ակնհայտ է, որ դա այն «սեւ արկղն» էր, որի շուրջ կառավարությունն ու նախկին ՀԷՑ-ի ղեկավարությունն իրար հետ համագործակցում էին։



Պետք չէ մոռանալ, որ սակագինը բարձրանալու է 2015-2016 սակագնային տարվա համար, այսինքն՝ այո, այս շահույթի մի մասը պայմանավորված է նրանով, որ մենք սակագինը բարձրացրել ենք, ու այդ գնի մեջ ՀԷՑ-ի կրած նախկին վնասները, որոնք մոտ 24 մլրդ. դրամի էին, մենք արդեն իսկ, կլինի շուրջ 7 ամիս է, ինչ փոխհատուցում ենք։ Լրացուցիչ հանգամանք է նաեւ այն, որ ՀԷՑ-ի արտադրողներից ձեռքբերման ինքնարժեքը նվազել է, այսինքն՝ ՀԷՑ-ի նախկին սեփականատիրոջ օրոք միջին կշռված սակագինը 22 դրամ էր, հիմա դա 20 դրամ է։



- Ինչի՞ շնորհիվ է սա եղել, ինչո՞ւ։



- Որովհետեւ ատոմակայանը 15 տոկոսով ավելի շատ է արտադրել, ՀԷԿ-երը 11 տոկոսով են շատ արտադրել, իսկ ՋԷԿ-երի արտադրանքը, ամենաթանկ հոսանքն են արտադրում, նվազել է 15 տոկոսով։ Այսինքն՝ ձեռքբերման ինքնարժեքը նվազել է, ու, հետեւաբար, մեծացել է հասույթի մակարդակը, որը որ մնում էր ՀԷՑ-ին։



- Եվ Դուք ասում եք, որ ՀԷՑ-ը եթե ուզի, հենց հիմա էլ կարող է էժանացնել հոսանքը։



- Այո։ Այս ամենը որպես հիմք ընդունելով, էքսպերտային մակարդակով, նախնական խոշորացված թվերով կարելի է եզրակացնել, որ փետրվարի մեկին հոսանքի սակագինն առնվազն 4 դրամով պետք է իջնի։ Մենք նախկինում էլ էինք պահանջում, որ բոլոր գործոնների հնարավոր ազդեցությունը սակագնի վրա թափանցիկորեն ներկայացվի։ Նազարյանն իբրեւ թե «Դելոյթին» հրավիրեց, հարկատուների հաշվին սեփական վստահությունը բարձրացնելու շղարշ ստեղծեց, բայց այս խնդիրը բաց մնաց։ Այսինքն՝ ի՞նչ է տեղի ունենում, որ հիմա ատոմակայանը 10 տոկոսով ավելացնում է իր արտադրանքը, ո՞նց է անդրադառնում դա, կամ գազի սակագնի նվազեցումն ինքնարժեքի վրա. այս բոլորը չկա։



- Դուք ասում էիք, որ 10 դրամով է հնարավոր հոսանքի գինն իջեցնել։



- Բացատրեմ՝ սակագնի բարձրացման մեջ 6 դրամների հաշվին պետք է փոխհատուցվեր ՀԷՑ-ի կուտակած վնասները 24 միլիարդ դրամի չափով, եւ դրա համար տրված էր մեկ տարի ժամկետ: Եվ քանի որ օգոստոսի մեկին են բարձրացրել, մինչեւ օգոստոսի մեկը մենք արդեն վճարած ենք լինում ՀԷՑ-ին։ Սակագինը կարող է վերանայվել տարեկան երկու անգամ, եւ ես դա դիտարկում եմ, որ առնվազն 10 դրամով է. 4՝ հիմա, եւ 6 դրամով էլ՝ օգոստոսի մեկին։



- Նազարյանի հանձնաժողովը պատասխանել է Ձեզ, որ Ձեր նշած գործոնների հետեւանքով «Ցանցերում» ընդամենը 2.8 մլրդ. դրամի լրացուցիչ գումար է գոյացել, իսկ Ձեր առաջարկած էժանացումը փետրվարից, պահանջում է լրացուցիչ 18.5 մլրդ. դրամ, ուստի Ձեր հաշվարկն այնքան էլ ճշգրիտ չէ։



- Նախ պետք է ընդգծեմ, որ իմ հաշվարկները կատարված էին 165 դոլարանոց գազի գնի հիման վրա (ինչը, որպես գործոն, Նազարյանի պատասխանում ընդհանրապես դիտարկված չէ), ինչն էլեկտրաէներգիայի ձեռքբերման միջին կշռված ինքնարժեքի նվազման հետ միասին կազմում է շատ ավելի մեծ գումար, քան 2.8 մլրդ. դրամը: Երկրորդ. իմ հաշվարկները հիմնավորում էին, որ փետրվարի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը պետք է նվազի: Ուրախ եմ, որ իմ նշած միտումները եւս հաստատվում են պարոն Նազարյանի կողմից, որտեղ արձանագրվում է, որ բնակչությունը 2.8 մլրդ. դրամ ավել է վճարել: Բնականաբար, հարց է առաջանում, ինչո՞ւ պետք է փետրվարի 1-ից հետո էլ բնակչությունը շարունակի թանկ գնով վճարել էլեկտրաէներգիայի դիմաց մինչեւ օգոստոս, թեկուզ առանց գազի գնի գործոնի մոտ 0.6 դրամով։